ԱՄՆ Սենատ է ներկայացվել Հայաստանի եւ Հայիթիի անտառների վերականգնման մասին օրինագիծ

734398(1)ԱՄՆ Սենատի` ժողովրդավարական մեծամասնության առաջնորդի օգնական Ռիչարդ Դարբինը սեպտեմբերի 25-ին նոր օրինագիծ է ներկայացրել, որի նպատակն է կանխել արագ անապատացումը Հայաստանում և Հայիթիում:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, օրինագիծը նախատեսում է քսան տարվա ընթացքում վերականգնել անտառային շերտը` այն հասցնելով մինչև 1990 թվականի մակարդակի:

«Մենք ուրախ ենք աջակցել սենատոր Դարբինի ներկայացրած «Հայիթիի և Հայաստանի անտառվերականգնման» ակտը և ողջունում ենք նրա առաջնորդությունը օրինագծի ժամանակին ընդունման գործում, որի նպատակն է խթանել անտառների վերականգնման կայուն աճ Հայիթիի ու Հայաստանի անտառտնտեսությունների զարգացման համար, ինչպես նաև թույլատրել «Բնություն` պարտքի դիմաց» փոխանակումները»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

«Բնություն` պարտքի դիմաց» ֆինանսական գործարքների փոխանակման ծրագիր է, համաձայն որի զարգացող երկրի արտաքին պարտքի մի մասը ներվում է շրջակա միջավայրի պահպանման համար արվող տեղական ներդրումների դիմաց:

«Հայիթիի և Հայաստանի անտառվերականգնման» ակտով երկու երկրների համար նախատեսվում է յուրացնել համընդհանուր և էկոլոգիապես կայուն անտառի վերականգնման ու գյուղատնտեսական միջազգային փորձը, բարելավել անտառային կառավարումն այնպիսի միջոցներով, որոնք կընդգրկեն և կպաշտպանեն տեղական համայնքներին և խմբերին: Այդ ակտով նախատեսվում է բարձրացնել Հայիթիի և Հայաստանի համապատասխան նախարարությունների և մասնավոր կազմակերպությունների միջև համակարգումը և մշակել կատարողականության կարճաժամկետ և երկարաժամկետ չափորոշիչներ` արդյունքները գնահատելու համար: Դրա համար կկիրառվեն տեխնոլոգիաներ, որոնց միջոցով հնարավոր կլինի վերահսկել (շրջակա միջավայրի) պահպանմանն ուղղված ջանքերի արդյունքները:

Ակտը «Բնություն` պարտքի դիմաց» փոխանակումներ է թույլատրում երկու երկրների համար էլ: Այս մեխանիզմի ներքո կգործի ոչ կառավարական պահպանողական խումբ` երկրների կառավարությունների և միջազգային կրեդիտորների հետ համատեղ:

armenpress.am

Տպել Տպել