Կանադան ցանկանում է օգնել սիրիահայ փախստականներին, Ադրբեջանի հիստերիան անտրամաբանական է

ks Այսօր, սեպտեմբերի 26-ին «Ուրբաթ» ակումբում տեղի է ունեցել մամուլի սուլիս` Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնի և ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը տեղեկացրել է իր այցի նպատակը. տեղում ծանոթանալ Արցախի իրականությանը, աջակցել հայ-կանադական հարաբերությունների սերտացմանը, ծանոթանալ Հայաստանում եւ Արցախում գտնվող սիրիահայերի խնդիրներին` դրանց լուծմանը Կանադայի աջակցությունն ապահովելու նպատակով:

Արցախ այցի ընթացքում խորհրդարանականը ծանոթացել է սիրիահայերի խնդիրներին, որոնք նրա բնութագրմամբ` այդքան էլ բարվոք չեն: Դեռ չի կարող ասել, թե ինչպիսի օգնություն կցուցաբերվի փախստականներին, թեեւ որոշ առաջարկներ ստացել է Սփյուռքի նախարարից եւ սիրիահայերից, սակայն պետք է վերադառնա Կանադա եւ իրենց կառավարության հետ քննարկի աջակցության ձեւաչափը:

Դիոնի ներկայացմամբ` Կանադան մոտիկից հետեւում է այդ բոլոր իրադարձություններին, ու նաեւ շատ մտահոգ է քիմիական զենքի կիրառման փաստի առթիվ:

Հայաստան ժամանելու հրավերն ընդունելուց առաջ պատգամավորը տեղյակ է եղել հայ-ադրբեջանական խնդրին, սակայն տեղյակ չի եղել ադրբեջանական «սեւ ցուցակի» մասին, որը անտրամաբանական է համարում: Ստեֆան Դիոնն այնուամենայնիվ արժանացել է ադրբեջանցիների քննադատությանը, ովքեր կապվել են պատգամավորի գրասենյակի հետ` հայտնել իրենց դժգոհությունը, սակայն Դիոնի ներկայացմամբ, ինքը բացատրել է, որ իր այցի առաքելությունը եղել է սիրիահայ փախստականների հետ հանդիպումը:

«Անտրամաբանական է «սեւ ցուցակը»` անտրամաբանական է ինչ-որ տարածքի բնակչություն անջատել մարդկության մնացյալ հատվածից»,- հայտարարել է կանադացի պատգամավորը:

Ստեֆան Դինոի խոսքով, Կանադայում հայ համայնքն ամենակազմակերպվածներից է եւ հաջողակներից: «Հայերը բավական հաջողակ են, խոսում են հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ինտեգրված են կանադական կյանքին, բայց նաեւ պահպանում են իրենց մշակութային արմատները:

Կանադայում հայերը մեծ ավանդ են ունեցել, եւ Կանադան էլ ինչ-որ չափով պարտավոր է օգտակար լինել Հայաստանին”,- ասել է պատգամավորը, ով կարեւորում է Հայաստանում կանադական դեսպանատուն ունենալը, որը, ըստ նրա, ավելի կխորացնի հայ-կանադական հարաբերությունները:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն էլ տեղեկացրել է, որ առաջիկայում կանադական մեկ այլ պատվիրակություն եւս կգա Արցախ։

«Արցախյան շարժման 25 ամյակի կապակցությամբ առաջիկայում նախատեսվում է Արցախում միջազգային համաժողով կազմակերպել։ Կազմակերպելու է Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը։ Լինելու են եվրոպացի դիվանագետներ, նաեւ այն պատվիրակություններից անդամներ, ովքեր եղել են Արցախում։ Նման այցերի նպատակը, որոնք կազմակերպում են Հայ Դատի գրասենյակները, մեկն է. որպեսզի այդ մարդիկ անձամբ ծանոթանան իրավիճակին եւ իրենց կարծիքները հայտնեն։ Չպետք է լինեն անարդար, ոչ ճիշտ մեկնաբանություններ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ»,-ասել է Մանոյանը։

Նշենք որ, Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Դիոնի այցը Հայաստանի Հանրապետություն եւ Արցախ կազմակերպել է Հայ Դատի Կանադայի հանձնախումբը` Կանադայում ՀՀ դեսպանատան եւ ԼՂՀ ներկայացուցչության հետ միասին։

Ստեֆան Դիոն՝ (Stйphane Dion, ծն. 1955թ. սեպտեմբերի 28) կանադացի քաղաքական գործիչ:

1996 թվականից ի վեր Կանադայի խորհրդարանի անդամ է՝ ընտրված Մոնթրեալի Սեն-Լորան-Կարտիեվիլ հայաշատ ընտրատարածքից։

2006-2008-ին Դիոնը եղել է Լիբերալ կուսակցության, ինչպես նաեւ պաշտոնական ընդդիմության ղեկավար՝ խորհրդարանում։

Մինչեւ պատգամավոր ընտրվելը, որպես քաղաքական գիտությունների մասնագետ եւ սոցիոլոգ, Ստեֆան Դիոնը եղել է ակադեմիական բնագավառի ճանաչված դեմք՝ Քվեբեկի անկախական շարժման վերաբերյալ արտահայտած իր տեսակետներով:

Սկզբում եղել է Քվեբեկի անկախական շարժման կողմնակից, իսկ հետագայում՝ կանադական ֆեդերալիզմի ջատագով։

1996-2003 թվականներին, Ստեֆան Դիոնը եղել է Կանադայի Միջկառավարական հարցերի նախարար, 2004-2006 թվականներին՝ բնապահպանության:

Ստեֆան Դիոնը Կանադայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ջատագովն է: Նա մշտապես օգնել է հայ համայնքին, ինչի համար էլ համայնքը նրան շնորհել է «Պատվավոր Հայ» կոչումը։

Դիոնը աջակցել է 2002թ. հունիսի 13-ին Կանադայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի որդեգրմանը եւ կողմ քվեարկել 2004թ. ապրիլի 21-ին, խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին։

Ստեֆան Դիոնը կողմնակից է Հայաստանի Հանրապետությունում կանադական դեսպանատուն բացելու հայ համայնքի տեսակետին։

Տպել Տպել