Ազգային էության մասին (մաս III)

vahan3Նախորդ հոդվածում փորձեցինք պարզել անգլիական հասարակությանը միավորող Ավանդույթի իմաստը: Ինչ-որ սխեմա գծել մեզ հաջողվեց, սակայն գլխավորը, ամեն դեպքում, ոչ թե սխեման է, այլ բովանդակությունը: Ավանդույթի հիմքում կայունությունն է, եւ դա զարգացման, առաջընթացի, գերակշռության կայունությունն է: Ավանդույթով զինված եւ «Իմ տունն իմ ամրոցն է» սկզբունքով առաջնորդվող անգլիացին ամրոցի է վերածում նախ` իր կղզին, հետո` իր ամբողջ կայսրությունը: Նա ամբողջ աշխարհն իր տունն է դարձնում, տուն, որում տեր է:

Բրիտանացին գնում է Նոր Աշխարհ, Ավստրալիա, Հարավային Աֆրիկա եւ վերաստեղծում այնտեղ Բրիտանիան` իր աշխարհը: Այդ աշխարհում նա ապրում է ինչպես Անգլիայում, ենթարկվում է իր օրենքներին, թեյ է խմում երեկոյան ժամը 5-ին, գոլֆի մարգագետիններ է խուզում, ձեռքը մեկնում է կառքից դուրս եկող տիկնոջը, հագնում է տվիդից վանդակավոր բաճկոններ եւ երբեք լորդին կամ բարոնետին չի դիմում պլեբեյական «միստր» բառով: Չէ՞ որ կարեւոր է ոչ միայն հենց Ավանդույթը, այլ նաեւ այն անմիջականորեն կրողների` այդ լորդերի ու բարոնետների առկայությունը:

Իր ամրոց-աշխարհի սահմաններից այն կողմ անգլիացին կապված չէ Ավանդույթին: Նա կարող է խաբել, ոչնչացնել ամբողջ ցեղեր, հատել անտառներ, օտար հողերում գետեր թունավորել, օտար երկրների ընդերքը թալանել, միմյանց դեմ հրահրել ցեղախմբեր, ժողովուրդներ եւ պետություններ, կոռուպցիոն գործարքների մեջ մտնել (օրինակ` Ադրբեջանի նավթային ոլորտը կառավարող պաշտոնյաների հետ):

Մեր հայրենակիցը նույնպես առաջնորդվում է «Իմ տունն իմ ամրոցն է» սկզբունքով, սակայն ոչ մի բանով, բացի անձնական կենսունակությունից, զինված չէ. նրա ավանդույթը սահմանափակ է, հասարակական կյանքի ոլորտն այն չի ընդգրկում, այդ պատճառով հայը պարփակվում է իր ընտանիքի, իր տնակ-ամրոցի մեջ, եւ թող գրողի ծոցը գնա այն ամենը, ինչ դրա պատերից դուրս է: Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչու են մեր հայրենակիցները աղբը փողոց գցում պատշգամբից կամ մեքենայի պատուհանից: Այո, գցում են, եւ մի’ ձեւացրեք, թե չգիտեք դրա մասին: Իրենց փոքրիկ աշխարհի սահմաններից նրանք աղբը նետում են օտար, ոչ պիտանի երկիր: Տուն-ամրոցը մենք հասկանում ենք բառացիորեն` բնակարան իմաստով: Ծառերը հասարակական այգում կտրելը, անտառն աղտոտելը, սեփական աշխարհի սահմաններից դուրս ու հանուն սեփական աշխարհի գողանալը դատապարտելի չէ: Ամոթ չէ գլուխ գովելը, որ կաշառքով հարց ես լուծել ու «փողոտ» աշխատանքի ընդունվել, որդուդ ազատել ես քրեական պատասխանատվությունից կամ բանակում ծառայությունից, դստերդ ինստիտուտ ես տեղավորել: Դատապարտելի չէ, քանի որ այդ ամենը տեղի է ունենում այլ աշխարհում, այլ ոչ թե ընտանիքով, հարազատներով ու մտերիմներով սահմանափակված քո աշխարհում: Իսկ հայի մանրաշխարհ-ամրոցում օրենքն ու կանոնն իշխում են այնպես, ինչպես անգլիացիների մոտ, միայն թե նրանց տուն-ամրոցը շատ անգամ ավելի մեծ է մեր առանձնացած, փոքրիկ աշխարհներից եւ ներառում է ամբողջ երկիրն ու բոլոր բրիտանացիներին: Մենք նման ընդգրկում չունենք, մեզ համար աշխարհը ընտանիքն է ու մտերիմները: Ասացեք խնդրեմ` ինչո՞վ ավանդույթ չէ: Այո, հնարավոր է` դա յուրատեսակ ավանդույթ է, սակայն նպատակաուղղված չէ առաջընթացին, զարգացում եւ գերակշռում դրանում չկա, ընդհակառակը` դա գոյատեւման ավանդույթ է: Խղճուկ գոյատեւման: Պարզենք, թե ինչպես, երբ եւ ինչու է այն ի հայտ եկել:

Տասը հարյուրամյակ առաջ Հայաստանում իրադրությունն ինչ-որ չափով նման էր ներկայիս վիճակին: Եթե ոչ շատ նման, ապա, համենայն դեպս, բավականին ուսանելի: Հայաստանն անկախ էր: Այն ժամանակ նույնիսկ ոչ թե մեկ, այլ մի քանի Հայաստան կար` Անիի թագավորությունը, Կարսի թագավորությունը, Վասպուրականը, Տաշիր-Ձորագետը, Սյունիքի եւ Արցախի նախարարությունները եւ այլ տիրություններ: Ամենուր իշխում էին հայ թագավորներ ու նախարարներ, տիրում էր Հայոց եկեղեցին, հայկական դատաստանագրքերով եւ հայերեն լեզվով դատում էին հայ դատավորներ:

Ի դեպ, այն ժամանակ էլ երիտասարդությունն իր ուժերի ու ընդունակությունների կիրառման դաշտ չէր գտնում, եւ արտագաղթ երեւույթը նույնքան տարածված էր, ինչպես այսօր: Հարեւանությամբ ուղղափառ կայսրություն կար. ոչ թե Ռուսաստանը` իր Դաշնային միգրացիոն ծառայությունով, այլ Բյուզանդիան: Սակայն հայն իրեն այնտեղ օտար չէր զգում, ինչպես ներկայիս Ռուսաստանում է կամ` խորհրդային ու ցարական ժամանակաշրջանների: Ընդհակառակը` հայերը Բյուզանդիայում իրենց ավելի հարմարավետ էին զգում, քան հայրենիքում: Նրանք, հույների հետ միասին, պետականակերտ ազգ էին, որի ներկայացուցիչների համար ոչ մի խոչընդոտ չկար բարձր պաշտոններ ստանձնելու, անգամ` կայսերական գահին բազմելու հարցում: Իսկ նախնիների հողում, փոքր ու աղքատ հայկական նախարարություններում, որոնք սահմանակից էին ագրեսիվ մահմեդական հարեւանների վտանգավոր աշխարհին, ինքնահաստատման, տաղանդի արտահայտման, հասարակական ճանաչման, հարստացման ձգտումը բավարարելու հնարավորությունները սահմանափակ էին:

Բյուզանդիայում, որտեղ, ի հավելումն, իշխում էին հայկական հարստության կայսրեր, հնարավորություններն ավելի մեծ էին. դրանք միշտ էլ ավելի մեծ են կայսրություններում: Հայ իշխանավորները, ովքեր հայրենիքում ատամները կրճտացնելով էին ընդունում Բագրատունիների կամ Արծրունիների գերիշխանությունը, Կայսրությունում անցնում էին զինվորական կամ պետական ծառայության եւ մեծ բարձունքների հասնում` հնարավորություն ստանալով բարձրից խոսել Անիի կամ Վանի` իրենց երեկվա թագավորների հետ: Ի դեպ, այս պահվածքը ձեզ չի՞ հիշեցնում, արդյոք, արտասահմանի (հատկապես` Ռուսաստանի) ներկայիս հայ հարուստներին` նրանց գոռոզ վերաբերմունքը երեկվա հայրենիքի նկատմամբ` կայսերական շահերի ներդրողները դառնալու քաղաքական նկրտումներով: Իսկ Բյուզանդիայի ժամանակներում` 1000 տարի առաջ, նրանց նախորդներին դա հաջողվեց` Հայաստանի համար կործանարար արդյունքով:

Սակայն ինչո՞ւ հաջողվեց: Պատճառը պարզ է` այն ժամանակվա հայկական վերնախավը, ի դեպ` նաեւ ներկայիս, ազգային ներուժի մոբիլիզացմամբ ուժեղ միասնական պետություն կառուցելու ամուր կողմնորոշում չուներ: Դրա ներկայացուցիչներն իրենք չունեին անհրաժեշտ բարոյական եւ կամային հատկանիշները: Նրանք կողմնորոշված էին միայն դեպի գոյատեւումը: Արդեն այն ժամանակ հայկական վերնախավը սկսեց անփառունակ կերպով վերածվել կեղծ վերնախավի: Թե դա ինչ բան է, խոսել ենք նախորդ հոդվածաշարում: Ավելին` չհասկանալով, թե որն է իրենց իրական կոչումը, հայրենիքում իշխող հայ թագավորներից ու իշխաններից շատերը նախանձով էին նայում նրանց, ովքեր «երջանկություն» էին ունեցել բարձր պաշտոնների հասնել Բյուզանդիայում ու այլ պետություններում: Այդ պատճառով իրենք էին հենց առաջին հարմար հնարավորությունը կամ առիթը օգտագործում Կայսրության ծոցում կայուն գոյություն ապահովելու նպատակով հայրենիքը լքելու համար: Հիշեք Վասպուրականի Սենեքերիմ Արծրունի թագավորին, որն իր տոհմին պատկանող բոլոր կալվածքները հանձնեց Բյուզանդիայի կայսր Վասիլ Բուլղարահաղթին (ի դեպ` հայ է)` փոխարենը ստանալով պատրիկի կարգ եւ ինչ-որ հողեր Փոքր Ասիայի կենտրոնական շրջաններում` թուրքերից հեռու: Նրա հարեւանությամբ տեղավորվեցին նաեւ Գագիկ Անեցին եւ Գագիկ Կարսեցին, ովքեր նույնպես զիջեցին իրենց թագավորությունները, այսինքն` մեր երկիրը, բյուզանդացիներին եւ շուտով սպանվեցին: Ընդ որում` նրանք հեռանում էին ոչ մենակ, այլ ընտանիքներով, հարազատներով, պալատականներով, ծառաներով, իսկ ամենակարեւորը` ռազմական ջոկատներով, այսինքն` բնակչության մարտունակ մասի հետ:

Նրանք` հայ ժողովրդի առաջնորդները, անպաշտպան, անղեկավար, անհույս թողեցին ժողովրդին ու երկիրը: Արդյունքում` Հայաստանի պատմական շրջանները դատարկվեցին, աղքատացան եւ թուլացան` հեշտ ավար դառնալով թուրք-սելջուկների համար:

yerkir.am

Սակայն սա առանձին պատմություն է, իսկ մեզ հետաքրքրում է` արդյո՞ք այդ, թվում է, թե ոչ այնքան (դեռեւս) սարսափելի ժամանակներն իրենց ազդեցությունը չեն թողել, ինչպես հիմա ընդունված է ասել, ազգային մենտալիտետի` հոգեկերտվածքի վրա: Կարո՞ղ եք պատկերացնել գյուղացիների, արհեստավորների, հոգեւորականների, մի խոսքով` ամբողջ հասարակ ժողովրդի անելանելի հուսալքությունը, որին նրա ղեկավարները, նրա պաշտպանները թողեցին ճակատագրի քմահաճույքին: Եթե այդ վերնախավը, այդ պաշտպանները մինչեւ վերջին մարդը զոհվեին մարտի դաշտում` կատարելով իրենց պարտքը, ինչպես զոհվում էին նրանց նախնիները պարսիկների, արաբների դեմ ազատագրական պատերազմներում, ժողովրդի ոգին կամրանար, ու կամրանար ամբողջ երկիրը: Եվ ի հայտ կգային նոր պաշտպաններ, նոր վերնախավ: Ավանդույթը կշարունակվեր: Եթե Հայաստանի XI-XIII դարերի ղեկավարները գոնե խուսանավեին, դիվանագիտական խորամանկություններ կիրառեին, ձեւի համար իսլամ ընդունեին, սակայն պաշտպանեին ժողովրդին ստիպողական դավանափոխումից եւ չհրաժարվեին ժողովրդի համար պատասխանատվությունից, ինչպես անում էին վրացի իշխաններն ու թագավորները, նույնիսկ այդ ժամանակ ժողովուրդը դեռ հույս կունենար ու կհավատար իր իշխանություններին: Սակայն նրանք պարզապես լքեցին ժողովրդին` երկիրը թողնելով ճակատագրի քմահաճույքին: Հենց այդ ժամանակ, իմ կարծիքով, հայ ժողովուրդը կորցրեց հավատն իր վերնախավի, իշխանությունների նկատմամբ եւ, որպես հետեւանք, հավատը ինքնուրույն պետական կարգի հմտություն ունենալու նկատմամբ:

Դրան հաջորդած իրադարձությունները եւ նույնիսկ դրա հետեւանք համարվող Կիլիկյան Հայաստանի փայլուն ժամանակաշրջանը չկարողացան հին հայրենիքում վերականգնել պետականությունը եւ դրան ձգտումը: «Իշխանության հեղինակություն» արտահայտությունը ոտնատակ արվեց հենց իշխանության անպատասխանատու վարքի պատճառով: Եվ ժողովրդի ազատագրական ոգու հատուկենտ բռնկումները մարվում էին վերածնունդը գլխավորելու ունակ` անհերքելի հեղինակության բացակայության պատճառով, իսկ եթե նույնիսկ նման կերպարներ ի հայտ էին գալիս (օրինակ` Դավիթ Բեկը), նրանց ճակատագիրը որոշում էր հասարակության այն ներկայացուցիչների կայացած իշխանությունը, որոնց տիրող իրավիճակը բավարարում էր:

Հայաստանը պահպանվեց տների օջախներում եւ եկեղեցիների պատերի ներսում, դրանցից դուրս այն գոյություն չուներ: Դրանցից դուրս օտար երկիր էր, որտեղ իշխում էին օտար ցեղեր, օտար, բարբարոս օրենքներ: «Քաղաքական հեղինակություն» հասկացությունը երկարատեւ լեթարգիական քուն մտավ, իսկ միայն բարոյական հեղինակությունը, որը դարձավ Եկեղեցու մոնոպոլիան, բավարար չէր:

Բավարար չէր ինչի՞ համար` կհարցնեք դուք: Դրա մասին շուտով կխոսենք:

Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տպել Տպել