Արարատի նորանշանակ մարզպետը` իր հետագա անելիքների եւ ՀՅԴ-ի հետ հարաբերությունների մասին

aramԱրարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը նոր պաշտոնում իր առաջին ճեպազրույցը ունեցավ լրագրողների հետ:

Պատասխանելով լրագրողների հարցին` ՀՅԴ-ի հետ իր հարաբերությունների վերաբերյալ, նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորն էլ մեկը մյուսի հետ կապ ունեն, իսկ քաղաքական առումով` ինքն արդեն մոտ երկու տարի է, ինչ ՀՅԴ անդամ չէ:

«ՀՅԴ-ում ես ունեմ բազմաթիվ լավ ընկերներ, որոնց հետ իմ հարաբերությունները շատ լավ ու նորմալ են, եւ այսուհետ նույնպես այդ լավ հարաբերությունները կշարունակվեն»,- ասաց Արամայիս Գրիգորյանը:

Նա նշեց, որ ինքը նախագահական վերջին ընտրությունների ժամանակ եղել է նախագահի թիմից եւ, բնականաբար, աշխատել է նախագահի վերընտրման համար:

Մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո իր անելիքների վերաբերյալ էլ նորանշանակ մարզպետը նշեց, որ կլուծի առաջնային խնդիրները եւ հրատապ լուծում պահանջող հարցերը:

Արամայիս Գրիգորյանն ասաց նաեւ, որ Արարատի` արդեն նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի եւ իր հարաբերությունները շատ լավ են, կարողացել են բազմաթիվ համատեղ աշխատանքներ իրականացնել:

Կադրային փոփոխությունների վերաբերյալ նորանշանակ մարզպետը դեռ ոչինչ չի պատրաստվում ասել, բայց պրոֆեսիոնալները, ովքեր ի վիճակի են իրենց աշխատանքները շարունակել մարզի խնդիրների լուծման ուղղությամբ, կշարունակեն աշխատել:

Արամայիս Գրիգորյանը հայտարարեց նաեւ, որ այսօր որեւէ բիզնեսով չի զբաղվում, անցնելով պետական աշխատանքի` զբաղվելու է միայն դրանով:

www.yerkir.am

Տպել Տպել