ՀՅԴ Բյուրոյի կոչը

ARF_Logo-colored
Սիրելի հայրենակիցներ,

Սույն թվականի նոյեմբերի 28-ին Հայաստան Համահայկական Հիմնադրամը իրականացնելու է իր տարեկան դրամահավաքի հեռուստամարաթոնը:

Այս անգամ եւս դրամահավաքի հասցեատերն Արցախն է. կառուցվելու է Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհը:

Անցյալ տարի հայության համախումբ ջանքերով կարեւոր քայլ կատարվեց հերոսական արցախահայության կեցության պայմանները բարելավելու ուղղությամբ, այսօր սկսվում է ԼՂՀ եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար խիստ անհրաժեշտ ծրագրի օժանդակությունը: Այս ճանապարհի կառուցումն ամենամեծ երաշխիքն է հանդիսանալու մեր հայրենիքի արեւելյան ազատագրված տարածքների անքակտելի միասնության ապահովման համար: Մեր զավակները իրենց արյամբ ազատագրեցին հայրենիքի այս հատվածը. մենք այդ ճանապարհը կառուցելով պետք է վերջնականորեն ամրագրենք ազատագրումը:

Հերթական առիթն է համայն հայության համար, ցուցադրելու միասնականությունն ու համախմբումը մեր ազգային նպատակները քայլ առ քայլ իրականացնելու երկար ճանապարհին:

Առ այդ, կոչ ենք ուղղում բոլոր ազնիվ հայորդիներին` առատաձեռն կերպով մասնակցելու համահայկական այս դրամահավաքին, օժանդակելու հեռուստամարաթոնի կազմակերպմանն ու քարոզչությանը:

Արցախի միջազգային ճանաչման գործընթացը իր հաղթական ավարտին կարող է մոտենալ նաեւ նման համախումբ ուժի գործնական ցուցադրության ճանապարհով:

Հաջողության եւ հաղթանակի վստահությամբ:

Հայ Յեղափոխական Դաշնակցության

ԲՅՈՒՐՈ

10 հոկտեմբեր, 2013թ.

Տպել Տպել