Վահան Հովհաննիսյանն իր վեպում գաղտնազերծել է «Ով ենք մենք» հարցի պատասխանը

vahanՓորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին է հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում:

Ռուսերեն տպագրված «Мандилион» դետեկտիվը հոկտեմբերի 11-ին «Զանգակ» հրատարակչությունում կայացած շնորհանդեսից հետո այլևս հասանելի է ընթերցողներին:

Առաջին գնորդները` հեղինակի ընկերներն ու գործընկերներն էին, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, հնարավարություն ունեցան գիրքը ստանալ հեղինակի մակագրությամբ:

Լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ ինքն իր ասելիքը գեղարվեստական ոճում ներկայացնելու տարբերակն այն պատճառով է ընտրել, որ վեպում արտահայտված գաղափարները, մեկ այլ` քաղաքագիտական, հասարակական ոճում արտացոլելը ժամանակավրեպ է:

«Մարդկանց ուղեղների համար պետք է պայքարել ավելի պարզ և գրավիչ ձևերով, քան պարզապես քարոզչությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց հեղինակը:

Նրա խոսքով` «Мандилион» հայերեն թարգմանաբար նշանակում է «անձեռագործ դաստարակ»` քրիստոնեական մասունք, որը կապված է վաղ ժամանակաշրջանի հայկական պատմության հետ:

Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ:

Շնորհանդեսի սկզբում ներկաներին շնորհակալություն հայտնելով մասնակցության համար, Հովհաննիսյանը կատակեց, որ եթե հանդիպման առիթը ցույցը լիներ, ապա հաստատ ներկաների կեսից ավելին չէր գա:

Հեղինակը խոստովանեց, թե դժվար է խոսել մի գրքի մասին, որը դեռևս ճնշող մեծասնությունը չի կարդացել, սակայն հույս հայտնեց, որ ապագայում շատերը կընթերցեն վեպը և որոշակի ժամանակ անց քննարկում կկազմակերպեն, որին ինքը մեծ սիրով կմասնակցի: «Ես վստահ եմ, որ կլինեն նաև անհամաձայն մարդիկ, մարդիկ, ովքեր գրքում արտահայտված գաղափարները կամ մտքերը կհամարեն սխալ: Եթե բոլորը համարեին ճիշտ, ուրեմն, այդ գիրքը ոչ մի բան չարժե»,- նշեց Հովհաննիսյանը:vahan1

Բացատրելով գրքի նախաձեռնության առիթը` քաղաքական գործիչը պատմեց, որ ժամանակին նկատել է, որ շատ փայլուն, գեղեցիկ ձևավորված վեպեր են հրատարակվում միջազգային բնագավառում, որտեղ քրիստոնեության աղավաղումը կատարվում է շատ ճկուն, ինչն էլ հանգեցնում է արժեքային համակարգի ոչնչացմանը, մասնավորապես, երիտասարդների շրջանում:

«Հաճախ գրքերում կատարվում է մի շատ հին աղանդի գաղափարների վերադարձ, որտեղ խոսվում է այն մասին, որ Հիսուս Քրիստոսը շատ լավ մարդ է եղել, սուրբ, բարի, ջերմ, բայց մարդ է եղել, նույնիսկ ընտանիք է ունեցել, և այդ ընտանիքի շառավիղները ինչ-որ տեղ ապրում են»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` ինքը հասկացել է, որ նման գրքերը երեխաներին պետք է արգելել կարդալ, և նման գրքերի գրավչությունը պետք է հակադարձվի մեկ ուրիշ գրքով:

Հովհաննիսյանի գնահատմամբ` անկախ կուսակցական պատկանելությունից, սեռից, շատերի մոտ կա անբավարարվածության զգացում` մեր միջազգային բեմերում զբաղեցրած դերից: «Պետք է սկսել բացատրել մեր ժողովրդին և ուրիշներին, թե ինչու գրքի առաջին հրատարակությունը ռուսերեն է: Ուղղակի հիմա դա արդիական է, վստահ եմ, որ կլիեն նաև թարգմանություններ: Մենք պետք է նորից աշխարհին ցույց տանք մեր տեղը քաղաքակրթության մեջ, մեր արհեստականորն խեղճացած վիճակից պետք է դուրս գանք նաև գրականությամբ»,- հավելեց ՀՅԴ խմբակցության պատգամավորը` հորդորելով հայացք նետել հետ և տեսնել, թե ինչ ենք եղել և ինչի կարող ենք ընդունակ լինել:

«Երբ չորս օր առաջ Վահան Հովհաննիսյանն ինձ նվիրեց գիրքը, հիշեցի, որ այս հաստության գիրք նման կարճ ժամկետում վերջին անգամ կարադացել եմ 40 տարի առաջ: Եվ հիմա շատ շատերի համար նախանձելի իրավիճակում եմ, քանի որ գտնվում եմ գիրքը կարդալու գործընթացում»,- ասաց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Նա նշեց, որ սկզբում ժամանակի մեջ տեղավորվելու հրամայականից ելնելով ցանկացել է առաջ անցնել` որոշակի էջեր բաց թողնելով, սակայն գիրքն այնքան է գրավել, որ ինքը մտափոխվել է և ամենայն ուշադրությամբ կարդացել յուրաքանչյուր էջ:

Բաբայանի կարծիքով, «Мандилион»-ում բարձրացված է շատ կարևոր հարց այն մասին, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում այս աշխարհում:

«Ցավոք, հայ գրականության մեջ մենք հաճախ հանդիպում ենք «նեղացվածության», աշխարհից կտրված վիճակի, մինչդեռ այս գրքում փորձ է արվում գտնել մեր կարևորագույն տեղն աշխարհում, ցույց տալ, որ մենք այս աշխարհի իսկապես կենտրոններից մեկն ենք, ինչը չի նշանակում նսեմացնել որևէ մեկին»,- հավելեց տիկնիկային թատրոնի ղեկավարը:

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը խոստովանեց, թե իր մտքով երբևէ չէր անցնի, որ Վահան Հովհանիսյանի քաղաքական դիմանկարի մասին խոսելուց զատ` տարիներ հետո հնարավորություն կունենա խոսել գրող Վահան Հովհաննիսյանի մասին: Նրա խոսքով, չնայած ինքն հակված է ավելի շատ խոսել ոչ թե գրականության մասին, այլ կարդալ, պետք է նշել, որ առաջին հերթին «Мандилион»-ի ընթերցումը հեշտացնում էր Վահան Հովհաննիսյանի բառերի տեղը ճիշտ որոշելու, բառերը զգալու և նրանց հետ աշխատելու հմտությունը: Հեղինակը նրբորեն ուղղորդում է ընթերցողին` ուշադրությունը սևեռելու ստեղծագորության ամենակարևոր կետերի վրա: Նա նշեց, որ իրեն անակնկալի է բերել Հովհաննիսյանի «գրողական» հոտառությունը: Գալստյանի գնահատմամբ` կարևոր է նկատել, որ «Мандилион»- ը ոչ միայն դետեկտիվ է իր ժանրային ուղղվածությամբ, այլև խորապես ինտելեկտուալ վեպ է, որով հասարակական-քաղաքական գործիչ հեղինակը ներկայացրել է իր աշխարհայացքը:

Էջերի հաստափորությունն էլ ընթերցողի գնահատմամբ` վկայում է հեղինակի ասելիքի հաստափորության, ինտելեկտուալ խորության մասին:

Շնորհանդեսին ներկա էին նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ վեպն ընթերցելու համար կհատկացնի առաջիկա հանգստյան օրերը:

Առաջիկայում Հովհաննիսյանը ծրագրում է շարունակել իր գրական գործունեությունը:

Վահան Հովհաննիսյանը 1999 թվականից Հայաստանի խորհրդարանի անդամ է: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից: Հովհաննիսյանը եղել է Ազգային ժողովի փոխնախագահ, ղեկավարել է խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունը: Դաշնակցության Բյուրոյի անդամ է:

armenpress.am

«Մանդիլիոնը» քաղաքակրթության մեջ հայերի տեղի մասին պատմող գիրք է

Vahani-girq«Մանդիլիոնը» պատմական, քրիստոնեական գիրք է, բայց դետեկտիվ ժանրում գրված:

Այս մասին հոկտեմբերի 11-ին իր գրքի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ գիրքը գրել է մեկ տարում, ընդ որում՝ երկարատեւ թռիչքների ընթացքում:

Ըստ նրա՝ գիրք գրելու գաղափարը ծնվել է որոշ գրքերում քրիստոնեության էությունն աղավաղող դրվագների հանդիպելուց հետո, որոնք արդեն ապառնում են ոչնչացնել եղած արժեհամակարգը:

«Դա այնքան ճկուն եւ ճարպկորեն է արվում, որ զարմանալի չէ երիտասարդների՝ այդ գաղափարներով տարվելը», – նշել է Հովհաննիսյանը՝ օրինակ բերելով Դեն Բրաունի «Դա Վինչիի կոդը» եւ այլ գրքեր:

«Մեզ բոլորիս միավորում է այն միտքը, որ մեր ժողովուրդը բավականաչափ ներկայացված չէ համաշխարհային ասպարեզում, եւ մենք ավելիի ենք արժանի քաղաքակիրթ աշխարհում: Սակայն դրան հասնելու համար նախ անհրաժեշտ է, որպեսզի հայ ժողովուրդը հավատա իր ուժերին, հարկավոր է ժողովրդին ներկայացնել իր սկզբնաղբյուրները: Նաեւ անհրաժեշտ է, որպեսզի մյուսներն էլ դա իմանան, ուստի գիրքը լույս է տեսել ռուսերենով: Մենք պետք է աշխարհին ներկայացնենք մեր տեղը քաղաքակրթության մեջ»:

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին, որոնց թվում էին ինչպես իր կուսակիցները, այնպես էլ ՀՀԿ-ական բարձր պաշտոնյաներ, գործիչներ, այդ թվում՝ ԱԺ նախագահի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Եթե հանրահավաք կազմակերպեինք, այսքան մարդ չէր հավաքվի, օրինակ Մանվել Բադեյանն ու Արմեն Աշոտյանը չէին գա», – կատակել է Հովհաննիսյանը:

Մանդիլիոնը Քրիստոսի անձեռակերտ պատկերով մասունք է, որի ծագումը կապվում է Աբգար թագավորի հետ: Եդեսիայի բորոտությամբ տառապող Աբգար արքան նամակ է ուղարկել Հիսուսին՝ խնդրելով բուժել իրեն: Հիսուսը պատասխան նամակ է ուղարկել, բայց չի բուժել: Այդ ժամանակ թագավորը իր ծառա նկարչին ուղարկել է, որպեսզի նկարի Հիսուսին եւ պատկերն իր հետ բերի: Ծառան Հիսուսին գտել է Երուսաղեմում եւ փորձել նկարել: Նրա անհաջող փորձերը տեսնելով՝ Հիսուսը խնդրել է ջուր բերել: Նա լվացվել է եւ երեսը սրբել թաշկինակով, որի վրա հրաշքով տպվել է նրա պատկերը: Ծառան տարել է թաշկինակն իր հետ, եւ, որոշ պատումների համաձայն, նրա հետ մեկնել է նաեւ Թադեոս առաքյալը:

news.am

Տպել Տպել