Ավստրալիայի նոր կառավարության կազմում շատ են Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչները

uelsԱվստրալիայի նորընտիր վարչապետ Թոնի Էբբոթը և երեք նախարարներ, որոնք վերջին երեք տարիներին ընդդիմության շարքերում էին, մշտապես խոսել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հրապարակային ելույթներում ու հայտարարություններում:

Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը (ANC Australia) գտնում է, որ «հայերը պետք է ուրախ լինեն, որ Ավստրալիայի նոր կառավարության 20 տոկոսը, ինչպես նաև ԱԳՆ անդամներից շատերը հանդես են գալիս Ավստրալիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:

Ինչպես հայտնում է ANC Australia-ն, Ավստրալիայի նոր գանձապետը, ծագումով հայ Ջո Հոքքին, Հայոց ցեղասպանության ճանաչման ամենաակտիվ կողմնակիցն է: 2005 թվականին Երևանում նա այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և այդ օրվանից ի վեր հավատարիմ է մնում այդ հարցում իր դիրքորոշմանը:

Կապի նախարար Մալքոլմ Թերնբուլլը ելույթով հանդես է եկել 2011-ին խորհրդարանում՝ հորդորելով ճանաչել քրիստոնյա ժողովրդների ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում: Նրան միացավ իմիգրացիայի նախարար Սքոթ Լորիսոնը: Բացի այդ, ընդդիմության առաջնորդ, ներկայիս վարչապետ Թոնի Էբբոթն ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս հայտարարությամբ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Ըստ ANC Australia գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանի, Հայ Դատի հանձնախումբն անհամբեր սպասում է համատեղ աշխատանքին Ավստրալիայի կառավարության հետ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ այս ամռանը ավստրալացի մի խումբ խորհրդարանականներ Նոր Հարավային Ուելսի նահանգից այցելել են Արցախ:

Տպել Տպել