Հայաստանը փորձում է մեծացնել ակտիվությունը Լիբանանում

ՇահանԼիբանանում նկատվում է թուրքական գործոնի նահանջ և Հայաստանի կողմից որոշակի ակտիվություն, որը բնորոշվում է ՄԱԿ-ի` Հարավային Լիբանանում տեղակայված խաղաղապահ ուժերում մասնակցության ցանկությամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Լիբանանի հայկական «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը` ներկայացնելով Լիբանանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումները: «Իսրայելալիբանանյան պատերազմից հետո, երբ ՄԱԿ-ը որոշեց միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել Լիբանանում, ուժերում մասնակցության համար աառաջին ինքնառաջադրված երկիրը Թուրքիան էր: Բացի այդ, Թուրքիան բեմադրել էր հակաիսրայելյան որոշակի դրսևորումներ, որոնք արաբական աշխարհում նրա նկատմամբ ստեղծել էին որոշակի համակրանք: Սակայն, պետք է նշել, որ թուրքական գործոնի ազդեցությունն այսօր փոխվել է ինչպես Լիբանանում, այնպես էլ Եգիպտոսում: Շիա քաղաքական շրջանակները, որոնք Լիբանանում մեծ բաժին են կազմում, Թուրքիային են համարում Սիրիայում շիաների առևանգման պատասխանտուն: Դրանից հետո արաբական աշխարհի մի հատվածի համար Թուրքիան կորցրեց իր այն համակրանքը, որը շահել էր` հակաիսրայելյան որոշակի գործողություններ կատարելով»,- նշեց Շահան Գանտահարյանը:

Նրա խոսքով` Անկարան, զգալով, որ իր շահերը վտանգված են Լիբանանում, որոշեց հեռացնել իր ուժերը: Միևնույն ժամանակ Երևանն է սկսել բանակցություններ վարել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հրամանատարությունը ստանձնած Իտալիայի հետ, որպեսզի հայկական զորախումբ տեղակայվի Հարավային Լիբանանում: «Այսպիսով, ես արձանագրում են թուրքական գործոնի նահանջ և Հայաստանի կողմից որոշակի ակտիվություն Հարավային Լիբանանում»,-հավելեց նա:

Խոսելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և տարածաշրջանի վրա սիրիական պատերազմի ազդեցության մասին` Շահան Գանտահարյանը նշեց, որ ներկայում միջազգային ուժերի կենտրոնացումը Սիրիայի ուղղությամբ է` չնայած բախումներից զերծ չի մնում նաև Լիբանանը, որտեղ համայնքային տարբերություններն ընգծված են: «Այսօր հատկապես հյուսիսային Լիբանանում արձանագրվում են միջհամայնքային բախումներ, որոնք, բարեբախտաբար, չեն վերաճում համալիբանանյան բախումների. դրանք սահմանափակ բնույթ են կրում»,- ասաց նա` նշելով, որ տարածաշրջանային իրադարձությունների մեջ ներգրավված երկրները դեռևս չունեն ընդհանուր պատերազմ հրահրելու մտադրություն:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, թե ինչպիսին է սիրիական հակամարտության կարգավորման իր կանատեսումը` Շահան Գանտահարյանը նշեց, որ դեռևս բավական ժամանակ կպահանջվի մինչ համեմատական խաղաղության հաստատումն ու քաղաքական ծրագրերի գործարկումը: «Սիրիայի պարագայում կանխատեսում կատարելը բավական դժվար է. ամբողջ աշխարհը համոզված էր, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություններ կկիրառի, բայց աշխատեց ճգնաժամային դիվանագիտությունը, որը ժամանակավոր արդյունք տվեց: Պետք է հեռահար դիտարկել խնդիրն ու արձագրել, որ Սիրիայի հարցը ներքաղաքական հարց չէ, այն աշխարհաքաղաքական օրակարգի և գերտերությունների դերի պահպանման, վերաձևավորման խնդիր ունի: Սեղանի վրա է նաև Սիրիայի կամ տարածաշրջանի բաժանարար ծրագրի իրականացումը, որտեղ անպատճառ հաշվի կառնվեն նաև Իսրայելի շահերը»,- ասաց բանախոսը:

ՄԱԿ-ի տվյալներով` ավելի քան երկու տարի ձգվող սիրիական պատերազմի արդյունքում մինչև 2013 թ. ապրիլ մահացել է ավելի քան 100 հազար մարդ: Սիրայում ներքին գաղթականների թիվը 4.5 միլիոն է, իսկ մոտակա երկրներում փախստականների թիվը, ՄԱԿ-ի վերջին տվյալներով, գերազանցում է 2 միլիոնը:

armenpress.am

Սիրիայից հայերի արտահոսքը դադարել է, քանի որ Հալեպից դուրս գալը բավականին դժվար է

ShahanKandaharian

Սիրիայում շարունակվում է խորը ճգնաժամային իրավիճակը, որից ելք, կարծես թե, չի նշմարվում: Ամենամեծ ազդեցությունը զգում է Լիբանանը, որտեղ լույս տեսնող “Ազդակ” օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանն մամուլի ասուլիսում այսօր նշել է, որ Լիբանանում եւս տեղի են ունենում տարբեր բախումներ, անհնազանդության դրսեւորումներ, բայց դրանք սահմանափակ միջադեպեր են, քանի որ այն նույն ուժերը, որոնք բախումներ են նախաձեռնում, չեն արտոնում ակտիվ բախումները:

Շահան Գանտահարյանի խոսքով, Սիրիայի հայ համայնքը եւս ծանր խնդիրների առջեւ է: Համայնքի մի մասը` 7-8 հազար մարդ, մեկնել է Լիբանան, շուրջ 10 հազար հայրենակից եկել է Հայաստան, որտեղ թեեւ նրանց խնդիրները աստիճանական լուծում են ստանում, սակայն չկա համակարգված մոտեցում, որպեսզի սիրիահայը չմտածի երրորդ երկիր գնալու մասին:

Սիրիայից հայերի արտահոսքն այժմ դադարել է, քանի որ Հալեպից դուրս գալը բավական դժվար է. կան առեւանգումներ, անհետ կորածներ, սպանության դեպքեր: Անգամ մարդասիրական օգնություն հասցնելը չափազանց դժվար է:

“Դամասկոսում իրավիճակը հայ համայնքի համար բավականին հանգիստ է, արվարձաններում է իրավիճակը խառը: Խնդիրը Հալեպում է, որտեղ ներս ու դուրս անել չեն կարողանում”,- ասաց Գանտահարյանը:

yerkirmedia.am

Տպել Տպել