Բրյուսելում հոկտեմբերի 14-15–ը անցնող Եվրոպահայերի համագումարի օրակարգում չեն քննարկվելու ո՛չ Մաքսային միությանը, ո՛չ ԵՄ Ասոցացման համաձայնագրին վերաբերող հարցեր

gasparTert.am-ի հետ զրույցում հայտնեց Բրյուսելում Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը՝ ի պատասխան հարցի, թե բացի նախապես հայտարարված օրակարգից լինելո՞ւ են քննարկումներ, որոնք վերաբերեն Հայաստանի ինչպես արտաքին , այնպես էլ ներքին մարտահրավերներին: Մասնավորապես, արտագաղթին ինտեգրման ուղիների և այլն:

«Հայաստանի ներքին հարցերը դա Հայաստանի որդեգրած քաղաքականությունն է, մեր օրակարգը չէ, մեր օրակարգն է՝ եվրոպահայության ընելիքները, ինչ կվերաբերի Հայ դատի աշխատանքներին»,- ասաց դաշնակցականը:

Նշենք, որ Եվրոպահայերի համագումարին մասնակցում են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա. վեհափառը, պետական բարձրագույն ներկայացուցիչների, հայ եկեղեցու ներկայացուցիչների և եվրոպահայ համայնքների ներկայացուցիչների:

Համագումարի աշխատանքներին, որի նպատակն է համախմբել եվրոպահայ ազգային ներուժը՝ Հայոց ցեղասպանության 100–ամյակին ընդառաջ, մասնակցում է նաև ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ով նշանակվելու է Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև Հայաստանի երեք դեսպաններ, ովքեր միջազգային համաեվրոպական կառույցներում մշտական ներկայացուցիչներ են:

«Մեր նպատակն է՝ քննարկել, թե տարելիցին ընդառաջ ի՞նչ կրնանք անել Եվրոպայի մեջ՝ բոլորս, գաղութները միացած, լոբբիական, գաղութային աշխատանք»,- ամփոփեց Գասպար Կարապետյանը՝ հավելելով, որ համաժողովի այսօրվա աշխատանքների օրակարգում է հետևյալ թեման՝ «եվրոպահայության այսօրվա վիճակը գաղութներու մեջ»:

Ի պատասխան հարցի, թե ունե՞ն վերլուծություն, թե Վահան Հովհաննիսյանին դեսպան նշանակելու դեպքում ընկերները ինչպես են օգնելու, Գասպար Կարապետյանը նկատեց, որ Վահան Հովհաննիսյանը «տակավին չէ նշանակված»:

Իսկ եթե նշանակվի և երբ որ նշանակվի, նրա հետ կհամագործակցեն նույնկերպ, ինչկերպ համագործակցում են եվրոպական երկրներում հայաստանյան դեսպանատների հետ:

«Իսկ վաղը Եվրոպական պառլամենտի մեջ օրակարգը մեկ հարցով գիտական է՝ ինչ է ասում միջազգային օրենքը, որ մասնագետներ պետք է լինեն և երկրորդը քաղաքական է՝ Հարավային Կովկասի նոր հեռանկարները: Ա՛ս է օրակարգը»,- ասաց Գասպար Կարապետյանը:

Նախատեսվում է, որ համագումարի աշխատանքներին վերլուծական զեկույցներով հանդես կգան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողողովի մարդու իրավունքների և արտաքին քաղաքականության հարցերով փոխնախագահ Կնութ Ֆլեքենշթայնը, Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Գովաչևը, ՄԱԿ-ի ներքին արդարադատության խորհրդի անդամ, բրիտանացի իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնը, ԵԱՀԿ Մինսկի խմբում նախկին ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն և այլ բարձրաստիճան հյուրեր:

tert.am

Տպել Տպել