Ճշմարիտ ընդդիմության համար ճիշտ ուղղությունը արտաքին քաղաքականության ոլորտում իշխանություններին աջակցելն է

Աղվան1Այսօր, հոկտեմբերի 25 -ին, ԱԺ ավանդական ճեպազրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների խնդրանքով պատասխանել է նախօրեին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ՀՅԴ խմբակցությանն ուղղված քննադատությանը, որով վերջինս, ըստ էության, կասկածի տակ է առել ՀՅԴ-ի` ընդդիմություն լինելը:

Աղվան Վարդանյանն անընդունելի է համարել, որ ինչ-որ մեկը` լինի Նիկոլ Փաշինյանը, թե` այլ ոք, քննադատի ՀՅԴ-ի ընդդիմություն լինել կամ չլինելը: «Թող իրենք իրենց նայեն, թե ինչ է կատարվում իրենց խմբակցությունում»,- նշել է Աղվան Վարդանյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղարը բացատրել է, թե ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այդ քննադատությունը. ՀՅԴ-ն հայտարարել էր, որ ով դեմ է «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» օրենքի նախագծին, նա պոպուլիզմով է զբաղվում, ահա` ինչու Նիկոլ Փաշինյանը փորձում է ապացուցել, որ ինքը պոպուլիզմով չի զբաղվում:

Ըստ Աղվան Վարդանյանի` աշխատավարձերի հաշվարկման ոլորտում վերջին տարիներին եղել է խառնաշփոթ վիճակ, երբ դատական համակարգն այլ կերպ էր վարձատրվում, նախագահը` այլ կերպ, մնացածները` այլ կերպ: Վերջին վեց տարում պետական ծառայության ոլորտում քաղծառայողների համար ոչ մի լումայով աշխատավարձ չի բարձրացել: «Կողքից նայելը շատ հեշտ է, դուք խոսեք քաղծառայողների հետ, նրանց աշխատավարձերը ոչ մի կոպեկ չեն բարձրացել վերջին տարիներին: Այս օրենքը չի տարածվում մի քանի հարյուր մարդու վրա, այլ հարյուր վաթսուն հազար մարդու վրա: Ընդամենը հստակեցվել են խաղի կանոնները և հստակեցվել է վարձատրման դաշտը»,- բացատրել է պատգամավորը:

Նա նշել է, որ Դաշնակցությունը շարունակում է զբաղվել իր գործով, և երբ որևէ մեկն իրեն իրավունք է վերապահում դատել որևէ մեկին, նա կարող է չարաչար սխալվել: Աղվան Վարդանյանը ընկերական խորհուրդ է տվեցլ Նիկոլ Փաշինյանին` զբաղվել նրանով, ինչով զբաղվում է, իսկ որ Դաշնակցությունը սկզբունքային ու փաստարկված ընդդիմություն է, դրանում խորհուրդ տվեց չկասկածել:

Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների ակտիվ նախապատրաստական աշխատանքներին՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշել է, որ սեպտեմբերին Դաշնակցությունը ստեղծել էր փորձագիտական խումբ` հասկանալու խնդրի բոլոր կողմերը, նաև` թե ինչ խնդիրներ են դրվելու բանակցությունների ժամանակ:

Ինչ վերաբերում է բուն գործընթացին, Դաշնակցությունը հայտնել է իր կարծիքը, որ դա իրենց համար անակնկալ էր, և ճիշտ չէ նման որոշում կայացնել` առանց խորհրդակցելու քաղաքական կուսակցությունների ու Ազգային ժողովի հետ: «Բայց նաև, պրագմատիկ լինելով, հասկանում էինք, որ մեզ այլընտրանք չեն թողնելու` Արցախյան խնդրի հետ կապված: Բայց որ այս խնդրում մենք չպետք է գնանք անձնազոհության ու պետք է պաշտպանենք մեր շահերը, դա կարևոր է: Ակնհայտ է, որ մեր հակառակորդները` ադրբեջանական ու թուրքական լոբբին, փորձելու են մեր հանդեպ այլ տրամադրություններ ստեղծել, այնպես որ` վիթխարի աշխատանքներ կան տանելու, և դա պետք է գիտակցեն իշխանությունները: Պետք է աշխատենք միասին: Ճշմարիտ ընդդիմության համար ճիշտ ուղղություն է արտաքին քաղաքականության ոլորտում իշխանություններին աջակցելը»,- ասել է Աղվան Վարդանյանը:

Այս առումով Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում դեսպան նշանակելը ՀՅԴ խմբակցության քարտուղարը համարում է կարևոր փաստարկ: «Կկարողանա՞ մեր պետությունը, արժանապատիվ ձևով իր շահերը պաշտպանելով, հարաբերվել, դա ամեն մեկիցս է կախված»,- հավելե է նա:

Տպել Տպել