Հայ դատի հանձնախումբը Սպիտակը տանը կոչ է արել վերացնել Հայոց ցեղասպանության որբերի գորգի ցուցադրության խոչընդոտը

logo-AMNՄիացյալ Նահանգների հայության անունից Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Սպիտակ տանը և Կոնգրեսին կոչ է արել մշտական և ակնառու ցուցադրություն ապահովել Հայոց ցեղասպանության որբերի գործած պատմական գորգի համար: Գորգը 1925 թ-ին նվեր էր ստացել ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջը` 1915-1923 թթ. մոտ 1.5 միլիոն հայերի կոտորածների ժամանակ այդ երկրի մատուցած աջակցության համար: «Սպիտակ տունը պետք է հստակ բացատրություն տա իր որոշման պատճառների վերաբերյալ: Ժամանակն է, որ այն խոստովանի Թուրքիայի ոճրագործությունը և ներկայացնի բոլոր փաստերը, թե ինչու է խոչընդոտում Հայոց ցեղասպանության որբերի գործած պատմական գորգի ցուցադրությունը Սմիթսոնյան ինստիտուտում»,- ինչպես «Ամերնպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, այս մասին նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

Այս կապակցությամբ «Վաշինգթոն փոստ» (Washington Post) թերթի լրագրող, Փուլիցերյան մրցանակի դափնեիր Ֆիլիպ Քենիքոթը գրել էր. «Հույս ունեինք, որ մոտ 20 տարի պահեստում պահվող գորգը կցուցադրվի դեկտեմբերի 6-ին` Սմիթսոնյան ինստիտուտում Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի շնորհանդեսի ժամանակ: Բայց սեպտեմբերի 12-ին ծրագրի կազմակերպիչներին հայտնել են, որ ցուցադրությունը չեղյալ է համարվել, քանի որ Սպիտակ տունը մերժել է գորգը տրամադրել: Լրագրողն այս հակասությունը «ամերիկահայ համայնքում նախագահ Օբամայի վարչակազմի մռայլ հեղինակության նշան» է համարում, որը շատերի կարծիքով` ևս մեկ ապտակ է այն հայերին, որ փորձում են փոխըմբռնում հաստատել 20-րդ դարի պաշտմության ամենամութ էջերից մեկի վերաբերյալ»:

Ինստիտուտի Ասիական մշակութային պատմության ծրագրի ղեկավար Փոլ Թայլորը որևէ բացատրություն չի գտնում Սպիտակ տան որոշման համար` նշելով, որ անգամ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի միջամտությունը արդյունք չի տվել»: Սպիտակ տունն անցած շաբաթ հայտարարել էր. «Ղազիր գորգը խորհրդանշում է Միացյալ Նահանգների և հայ ժողովուրդների միջև սերտ հարաբերությունները: Մենք ցավում ենք, որ այս պահին այն հնարավոր չէ տրամադրել»:

Հոկտեմբերի 24-ին նախագահ Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մքդոնահին ուղղված նամակում Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը Սպիտակ տանը հիշեցրել է, որ գորգը ստանալիս նախագահ Քուլիջը գրել է. «Գորգը իր պատվավոր տեղն ունի Սպիտակ տանը, ուր այն աշխարհում բարի կամքի ամենօրյա խորհրդանիշը կլինի»: «Նույն ոգով ես խնդրում եմ վերացնել ցանկացած խոչընդոտ, որ խանգարում է պատմական նշանակություն ունեցող արվեստի այդ գործի ցուցադրումը Սմիթսոնյան ինստիտուտում»,- գրել է Խաչիկյանը:

Այս ամենը դիտարկելով ավելի լայն համատեքստում` Խաչիկյանը նշել է. «Ընտրվելուց ի վեր նախագահ Օբաման ոչ միայն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև ակտիվորեն խանգարել է այդ ոճրագործությունները ոգեկոչող օրինագծերի ընդունմանը Կոնգրեսում, իր գլխավոր հավատարմատարի միջոցով պաշտոնապես արգելել է ամերիկահայ քաղաքացիների` ցեղասպանության ժամանակաշրջանի ունեցվածքի վերաբերյալ պահանջի քննումը ԱՄՆ դատարաններում: Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար ելույթներ են ունենում Հայոց ցեղասպանությունը ժխտողների կազմակերպած միջոցառումներում, մինչդեռ հրաժարվում են պարզապես ներկա գտնվել այդ ոճրագործության հիշատակին նվիրված Կոնգրեսի միջոցառումներին»:

Ըստ դոկտոր Հակոբ Դերանյանի` Հայոց ցեղասպանության որբերի գործած գորգն ունի մոտ 11’7 x 18’5 ծավալ, բաղկացած է 4 մլն 404 հազար 206 առանձին հանգույցներից: Մերձավոր Արևելքի «Ղազիր» որբանոցի հայ որբուհիներն այն գործել են մոտ տասը ամիս:

armenpress.am

Տպել Տպել