Ֆուտբոլը՝ Թուրքիայում

futՀետաքրքիր կապ գոյութիւն ունի Թուրքիայում հասարակութեան եւ ֆուտբոլի միջեւ: Ֆուտբոլը չափազանց սիրւած ու նաեւ ազդեցիկ մարզաճիւղ է այս երկրում, ֆուտբոլի անցեալը Թուրքիայում վերադառնում է Օսմանական կայսրութեան ժամանակաշրջանին՝ 19-րդ դարին (եւ անշուշտ հայերը եւս մեծ դեր են ունեցել այս մարզանքի եւ Օսմանեան կայսրութեան* մէջ այդ խաղի տարածման գործում)):

Ներկայում Թուրքիայում գոյութիւն ունեն երեք խոշոր ֆուտբոլային մարզակումբներ՝ «Գալաթասարայ», «Բեշիքթաշ» եւ «Ֆեներբախչէ»: Երեքն էլ ունեն հարիւր տարիներից աւելի պատմութիւն, երեքն էլ ունեն իրենց հազարաւոր կողմնակիցները եւ աւանդական հովանաւորները, որոնք արմատաւորւած են երկրի հասարակական եւ քաղաքական կեանքի մէջ:

Թուրքիայի հասարակութեան կիրքը ֆուտբոլի նկատմամբ յայտնի է թէ՛ Թուրքիայից ներս, եւ թէ՛ դրա սահմաններից դուրս: Ֆուտբոլը հասարակական մեծ ու հսկայ ուժ է այդ երկրում: Ֆուտբոլը ազդեցիկ ուժ է այդ երկրի քաղաքական կեանքում, ուժ է Թուրքիայի մոդեռնացման գործընթացում եւ ուժ է ազգային-էթնիկ հարցերը լուծելու խնդրում (այս յօդւածով չենք անդրադառնում Թուրքիայի ֆուտբոլի ասպարէզում եղած զեղծարարութիւններին ու կաշառակերութիւններին):

Սկսենք այն դէպքից, երբ սրանից շուրջ երեք շաբաթ առաջ սեպտեմբերի վերջին շաբաթւայ ընթացքում «Բեշիքթաշ» եւ «Գալաթասարայ» ֆուտբոլի խմբերի մրցութեան գրեթէ աւարտին, Ստամբուլի «Աթաթուրք» մարզադաշտում 90+2 րոպէում մեծ իրարանցում տեղի ունեցաւ մարզադաշտում, «Բեշիքթաշի» կողմնակիցներն, որպէս բողոք իրաւարարի դէմ՝ ներխուժեցին խաղագետին եւ արդէն կարելի է պատկերացնել թէ ինչ տեղի ունեցաւ՝ ծեծ, հայհոյանք, քաղաքական լոզունգներ, բախում, բրտութիւն…

Ֆուտբոլի խաղերի ընթացքում սովորական երեւոյթ է բրտութիւնները աշխարհում, բայց այս դէպքում հետաքրքիր է հէնց թուրք հասարակագէտների ու հոգեբանների տեսակէտները, որոնց կանդրադառնանք յօդւածի վերջում: Նաեւ պէտք է աւելացնենք, որ վերջին ամիսների ընթացքում, Թուրքիայում ժողովրդի բողոքների ու ցոյցերի հետեւանքով, ֆուտբոլային խաղերը խիստ հսկւում են անվտանգութեան ուժերի ու ոստիկանութեան կողմից: Այս անգամ էլ խաղերի ընթացքում «Աթաթուրք»-ի մարզադաշտում ներկայ էին 1000-ից աւելի ոստիկանութիւն եւ անվտանգութեան ուժեր, իսկ խաղի դիտողների թիւն էր 76000 հոգի, այսինքն ամէն մի 7-8 հոգի դիտորդի համար գոյութիւն ունէր մէկ կարգապահական ուժ:

* * *
Վերադառնանք այն հարցին, թէ ինչպիսի ազդեցիկ ուժ է ֆուտբոլը Թուրքիայում:

* Օսմանական կայսրութեան արմատներից չձերբազատւած Թուրքիան տասնեակ տարիներ է փորձում է իրեն նմանեցնել Արեւմուտքին եւ ունենալ մոդեռն երկիր ու կենցաղ: Մոդեռնի ու աւանդական ինքնութեան փնտրտուքի մէջ մեծ դեր ունի ֆուտբոլը: Թուրք հասարակութեան մեծամասնութիւնը թերեւս հետաքրքրւած չէ Եւրոպայով կամ այն հարցով, արդեօք իրենց երկիրը միանալու է Եւրոպային թէ՝ ոչ, բայց շատ հետաքրքրւած են իրենց ֆուտբոլի ազգային հաւաքականի խաղերով Եւրոպայում: Երբ Թուրքիայի ֆուտբոլի հաւաքականը մրցութիւններ է ունենում Եւրոպայում, մեծ թւով թուրքեր շաբաթներով ճամբորդում են Եւրոպա, շաբաթներ այդ խաղերի ընթացքում երթեւեկութեան եռուզեռ է լինում Եւրոպա-Թուրքիա-Եւրոպա ճանապարհներին, ֆուտբոլը հզօր ուժ է Եւրոպային ինտեգրւելու հարցում, ըստ թուրք իշխանաւորների եւ շատ վերլուծաբանների ֆուտբոլը Թուրքիայի դուռն է դէպի Եւրոպա:

* Ֆուտբոլից նաեւ ժամանակին օգտւել են թուրք իշխանաւորները երկրի ազգային-էթնիկ տագնապը մեղմացնելու համար: «Գալաթասարայ» ֆուտբոլի հաւաքականը մեծ թւով հովանաւորներ ունի երկրի հարաւ-արեւելեան շրջաններում, որոնք մեծամասնաբար քրդաբնակ շրջաններ են: 1980-ական եւ 1990-ական թւականներին կառավարութեան քաղաքականութիւնն էր, որ այդ հաւաքականի մրցութիւնները տեղի ունենան Թուրքիայի հարաւ-արեւելեան շրջաններում, այդպիսով գրգռելու քրդերի զգացմունքները եւ զգայնութիւն ստեղծել դէպի Թուրքիայի պետականութիւն եւ քրդերի մէջ զարգացնել Թուրքիայի նկատմամբ ունեցած նրանց պատկանելիութեան զգացմունքները:

* Թուրքիան մի երկիր է, որտեղ շատ ուժեղ է շրջանային պատկանելիութիւնը եւ տարբեր շրջաններ ունեն տարբեր մշակոյթ եւ նկարագիր: Մի շրջանի ժողովուրդը, չի ցանկանում հաղորդւել մի այլ շրջանի հասարակութեան հետ, բայց երբ հարցը վերաբերւում է ֆուտբոլին, այդ երեւոյթը կորցնում է իր զօրութիւնը, ֆուտբոլասէր հասարակութիւնը պատրաստ է երկար ճամբայ կտրել եւ երկրի մի շրջանից մի այլ շրջան ճամբորդել դիտելու իր սիրած հաւաքականի խաղը: Տարեկան մեծ թւով տեղաշարժ է գրանցւում Թուրքիայում ֆուտբոլի մրցութիւնների պատճառով:

* Ֆուտբոլը օգտագործւում է հասարակութեան մշակոյթն ու աշխարհայեացքը փոխելու համար: 2011 թ.-ի սեպտեմբերին էր, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց, որ կանայք ու 12 տարեկանից ցածր երեխաներ կարող են մուտք գործել ֆուտբոլի մարզադաշտ, դիտելու համար խաղերը, այդ որոշումը ֆուտբոլի պատասխանատուները կայացրին խաղերի ընթացքում, բրտութիւնների առաջն առնելու համար: Սա մէկ քայլ էր կին-տղամարդ հաւասար հնարաւորութիւններին տէր լինելու համար ու նաեւ այն, որ կանայք աւելի ներկայ լինեն հասարակական հրապարակում: «Գալաթասարայ» մարզակումբի փոխնախագահն է մեներգիչ եւ երգահան տկն. Ջանդան Էրջեթին:
* Ֆուտբոլը հզօր ուժ է նաեւ Թուրքիայի քաղաքական դաշտում:

Մայիսի վերջերից սկսած եւ դեռ չդադարած ժողովրդական շարժման մէջ, որը սկսեց Ստամբուլի Գեզի զբօսայգուց, իրենց դերն են ունեցել ֆուտբոլասէրները, յատկապէս «Բեշիքթաշ» եւ «Ֆեներբախչէ» հաւաքականների կողմնակիցները: Գեզի զբօսայգու ցուցարարներից էին «Բեշիքթաշ» հաւաքականի կողմնակիցները, որոնք ունեն իրենց ակումբն ու յատուկ կազմակերպութիւնը «Չարշը» անունով: Միւս կողմից՝ էլ «Ֆեներբախչէի» կողմնակիցները, որոնք յայտնի են որպէս քեմալականներ եւ լաւ կապեր ունեն երկրի զինւորական շրջանակների հետ, գտնւում էին ցուցարարների առաջին շարքերում: Այսպիսով այս երկու հաւաքականների կողմնակիցները, որոնք ֆուտբոլի դաշտում հակառակորդներ են մէկը միւսին, քաղաքական դաշտում միացել էին միմեանց հետ եւ լոզունգներ էին տալիս ընդդէմ կառավարութեան: Գեզիի շարժումը նրանց միացրեց:

* * *
Սեպտեմբերի վերջին եւ ֆուտբոլի սեզոնի սկզբում «Աթաթուրք» մարզադաշտում «Բեշիքթաշ» եւ «Գալաթասարայ» խմբերի կողմնակիցների միջեւ պատահած բրտութիւնների մասին թուրք վերլուծաբանները այն կարծիքին են, որ այս բրտութիւնները ունեն իրենց արմատները եւ պատճառները ու դա գալիս է երկրի բռնապետական եւ ոչ ժողովրդավար կարգերից ու նաեւ նրանից, որ իշխանաւորները չեն ցանկանում լսել ժողովրդի ձայնը: Գեզի զբօսայգում ժողովուրդը բողոքեց եւ ձայնը բարձրացրեց իշխանութեան դէմ, բայց իշխանութւնը չցանկացաւ լսել նրանց ձայնը, ժողովուրդը, երբ տեսնում է, որ իր ձայնը չի լսւում սկսում է աւելի ուժեղ ձայն բարձրացնել եւ աւելի ուժեղ գոռալ, որպէսզի իշխանաւորներին լսելի դարձնել իրենց ձայնը…

____________________________________
1908 թ. հայերը Ստամբուլում եւ Իզմիրում ունէին մարզակումբներ եւ մարզական խմբեր: 1912 թ. օլիմպիական խաղեր, որոնք տեղի ունեցան Շւեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, Օսմանական կայսրութեան կողմից մասնակցում էին միայն չորս հայ մարզիկ:
1911-1914-ին Թուրքիայում տպագրւում էր առաջին մարզական ամսաթերթը «Մարմնամարզ» անունով, որի խմբագիրն ու պատասխանատուն էր մարզիկ, լրագրող, գրող, մարմնամարզիչ Շաւարշ Քրիսեանը, նա մարմնամարզութիւնը սովորել էր Լոնդոնում: 1915 թ. Հայոց Ցեղասպանութեան ժամանակ զոհւեց նաեւ Քրիսեանը եւ փակւեցին հայերի մարզական ակումբները:

Տեսարան՝ «Բեշիքթաշ» – «Գալաթասարայ» խաղից՝ «Աթաթուրք» մարզադաշտում (Ստամբուլ, սեպտ. 22)

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Տպել Տպել