Վարչապետը հաղորդում է տվել հանցագործության մասին

ԱրծվիկԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ընթացող 2014թ․բյուջեի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ վարչապետի հայտարարությունը, որ գործազուրկների նպաստների համար հատկացված 94 տոկոսը չի հասել անապահով ընտանիքներին, հայտարարություն է հանցագործության մասին։ Նա նշեց, որ գործազրկության նպաստը նախատեսված չէ սոցիալապես անապահով ընտանիքների համար, ուստի այստեղ ինչ-որ թյուրիմացություն կա։

Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում Արծվիկ Մինասյանն ասաց, որ եթե խոսքը 94 տոկոս գումարների փոշիացման, պետական միջոցների հափշտակման մասին է, սա, ըստ նրա, քրեորեն պատժելի արարք է, և, բնականաբար, համապատասխան իրավապահ մարմինները պետք է հարցումներ անեն և հարուցեն քրեական գործ։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի 7 տոկոս տնտեսական աճի պատվերի՝ կառավարության կողմից չկատարմանը, Ա․Մինասյանը նշեց, որ գործող կառավարության նկատմամբ իրենց անվստահությունը նոր չէ։ Նրա խոսքով՝ հանրապետության նախագահի կողմից առաջ քաշված ոչ միայն 7 տոկոս տնտեսական աճը, նաև եկամուտների առաջանցիկ բարձրացումը՝ գնաճի հետ համեմատած, պահպանված չեն, և այս դեպքում, նրա խոսքով, թե ինչու պարոն նախագահն այս կառավարությանը տուն չի ուղարկում, ինքը պետք է պատասխանի։ «Այս կառավարությունը վաղուց պետք է գնար սուրճ խմելու»,- ընդգծեց նա։

Հարցին՝ ՀՀ նախագահը չէ՞ր գնահատել տնտեսական աճի վրա ազդեցություն ունեցող սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոնները, Ա․Մինասյանն ընդգծեց, որ նախագահին տրամադրված ցանկացած տեղեկատվություն պետք է հիմնված լինի ողջամիտ հաշվարկների և կանխատեսումների վրա։ «Եթե կանխատեսումներն են սխալ եղել, ապա պետք է բացահայտվեն մեղավոր անձնինք, իսկ եթե կանխատեսումների մեջ կա այնպիսի ռիսկ, որը նկարագրված է, բայց այդ մասին չի հայտարարվում, ապա մեղավորը երկրի ղեկավարն է։

Անդրադառնալով Մինսկում Մաքսային միության անդամ երկրների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների՝ հոկտեմբերի 24-ին ստորագրված որոշման նախագծին, որով Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն՝ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ես մանրամասն ծանոթ չեմ նման դեկլարացիայի կամ փաստաթղթի, բայց եթե միայն տարածքային ամբողջականության սկզբունքն է դրվում՝ առանց մյուս երկու սկզբունքների, նշանակում է՝ մենք նահանջ ենք արձանագրել միջազգային իրավունքի սկզբունքների՝ գոնե այս պահի դրությամբ ստանձնած պարտավորությունների տեսակետից: Տարածքային ամբողջականության հետ միշտ պետք է լինի նաև ուժի կիրառումից և դրա սպառնալիքից հետ կանգնելու և ամենակարևորը՝ ինքնորոշման սկզբունքը. եթե այդ երեքի համադրումը կա, նշանակում է՝ նահանջ չէ, իսկ եթե որևէ մեկը չկա, ապա դա արդեն նահանջ է»:

Մինասյանի խոսքով՝ չպետք է մտածել, որ Մաքսային միությանն անդամակցելով կամ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով պետք է լուծենք Ղարաբաղի խնդիրը. նման բան չկա: ՀՅԴ անդամի խոսքով՝ այս պահին մեզ հետաքրքրում է նվազագույն կորուստը, իսկ դա ներկա պահին կարող է լինել այն, որ ԼՂ տարածքն ընկալվի որպես Հայաստանի հետ միասնական տնտեսական տարածք: Եթե սրան կհասնենք ՄՄ-ի շրջանակներում՝ դրական է, և պետք է գնանք այնտեղ, եթե սրան կհասնենք Ասոցացման համաձայնագրի միջոցով՝ սրանից պետք է հետ կանգնենք և գնանք այնտեղ, բայց քանի որ Ասոցացման համաձայնագրում արդեն իսկ հանձնարարություններ կան առ այն, որ ներառված չէ, ապա գոնե ՄՄ-ում այս շանսը բաց չթողնելու համար պետք է ակտիվ քաղաքականություն տարվի այդ ուղղությամբ:

Մինասյանի համոզմամբ՝ եթե այստեղ էլ դեմ առնենք մի արգելքի, որտեղ ԼՂ-ն դիտվելու է որպես Ադրբեջանի մաս, օրինակ՝ ՄՄ-ի երկրների կողմից, միանշանակ է, որ Հայաստանն այնտեղ անելիք չունի:

Լրագրողների խնդրանքով Մինասյանն անդրադարձավ նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե Հայաստանը ՄՄ ընդունելիս պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի կարծիքը: «Եթե այս մասով հայտարարություն են արել, ապա պետք է հակընդդեմ հայց ուղղվի. եթե դուք բանակցում եք Հայաստանի հետ, Ադրբեջանն ի՞նչ կապ ունի, եթե բանակցում եք Ղարաբաղի հետ, ապա բանակցեք հենց Ղարաբաղի ու Ադրբեջանի հետ, Հայաստանն ի՞նչ կապ ունի»,- ասաց նա:

Ըստ Մինասյանի ՄՄ-ին անդամակցելուց առաջ դեռ լուրջ ճանապարհ կա անցնելու, դեռ վաղ է բացասականը տեսնել, հնարավոր է անգամ, որ Հայաստանի իշխանությունները հետ կանգնեն այդ մտքից:

Տպել Տպել