Հրաչ Մուրադյանի սպանության գործով նախաքննական մարմինները կարող էին ավելին անել

Արդեն յոթ ամիս է անցել Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից, եւ «Հրաչ Մուրադյան. արդարության պահանջ» շարժումն այսօր երկրորդ անգամ հանդես եկավ ասուլիսով:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ առաջացավ այս ասուլիսի անհրաժեշտությունը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց. «Առաջին` մենք մինչեւ հիմա փորձել ենք առավելագույնս զուսպ հետեւել նախաքննության ընթացքին եւ որեւէ միջամտությամբ կամ, նախաքննության շահերից ելնելով, շատ չխոսենք այս մասին:

Երկրորդ` երեկ ձերբակալվածի դատապաշտպանը հայտարարություն էր արել` կապված համալիր փորձաքննության հետ, եւ միակողմանի գնահատականներ տվել այս փորձաքննությանը: Այդ մասին միանգամից կարող ենք ասել, որ փաստաբանի եզրակացությունը միակողմանի է, եւ փորձաքննության եզրակացությունը նրան իրավունք չէր տալիս նման գնահատականներ տալու:

Երրորդ` կա հասարակական պահանջ ե’ւ Պռոշյան համայնքի բնակչության, ե’ւ մեր կողմից, որ այս սպանության բացահայտումը մեր պետության իրավապահ մարմինների պատվի գործն է, եւ սա չի կարող չբացահայտվել: 7 ամսվա այս շարունակական ընթացքը մեզ իրավունք է տալիս ասելու, որ իրավապահ մարմինները կարող էին շատ ավելի ամբողջական նախաքննություն իրականացնել եւ շատ ավելի արդյունքներ ունենալ մինչեւ հիմա: Առաջին հերթին, խոսքը վերաբերում է Հրաչ Մուրադյանի հանդեպ նախկինում` 2010 թվականին եղած մահափորձին, բազմաթիվ այլ միջադեպերի, եւ ցավոք, մինչեւ հիմա այս երկու հիմնական գործերն իրար միացված չեն:

Հաջորդը` ժամանակն անցնում է, մարդիկ են մահանում, մարդիկ են հեռանում Հայաստանից, մարդիկ են աշխատանքի նշանակվում, որոնք այս կամ այն կերպ, հնարավոր է, կարող էին ավելին իմանալ, տեղյակ լինել ինչ-որ բաներից, եւ այստեղ մենք եւս բաց ենք տեսնում:

Հաջորդը` «Հրաչ Մուրադյան, արդարության պահանջ» հասարակական շարժումը, Պռոշյան համայնքի նախաձեռնությամբ, վաղը կազմակերպում է ակցիա` բողոքի, պահանջի երթ, ժամը 16.00-ին` Արամ Խաչատրյանի արձանի մոտից դեպի նախագահական»,- նշեց Աղվան Վարդանյանը:

Թե ինչո՞ւ նախագահական նստավայր, Աղվան Վարդանյանը պարզաբանեց, որ այս ընթացքում ՀՅԴ-ն հազվադեպ է խոսել, տեղեկություններ փոխանցել ԶԼՄ-ներին, բայց բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ոստիկանապետի, մինչեւ 7 հանդիպում` փոխոստիկանապետների, ոստիկանության այն վարչությունների պետերի հետ, որոնք զբաղվում են այս խնդրով, իսկ այսօր էլ հանդիպում կունենան գլխավոր դատախազի հետ:

Աղվան Վարդանյանն ուշադրություն հրավիրեց փաստին, որ ասուլիսին ընդամենը երեք հեռուստաընկերության ներկայացուցիչներ են մասնակցում, եւ երբ նշում է, որ այս գործի բացահայտումը պետության, իրավապահների պատվի հարցն է, հասարակության գործն է, ու ընդամենը երեք տեսախցիկ է տեսնում, դա եւս ինչ-որ բանի վկայություն է: «Հասարակության կամ ուղղորդվող հասարակության միտումների մասին է սա խոսում: Ուզում էի, որ սա անպայման արձանագրվեր»,- նշեց Աղվան Վարդանյանը:

hr-asulisՀրաչ Մուրադյանի եղբոր տղայի՝ Հակոբ Մուրադյանի խոսքով, Հրաչ Մուրադյանի ընտանիքը մտածում է, որ գործը տանում են փակուղի: «Հրաչ Մուրադյանը որևէ կասկածելի գործ չի ունեցել, ինչ ունեցել է, իրավապահ մարմինները գիտեն, և կարծում եմ, որ եթե լավ աշխատեն, հաստատ գործը կբացահայտեն, եթե կամք ունենան, հաստատ կբացահայտեն»,- ասաց Հակոբ Մուրադյանը:

Պռոշյանի գյուղապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Լուսինե Պետոյանն էլ նշեց, որ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո գյուղապետարանի աշխատակազմը հրաժարական տվեց, քանի որ չկար վստահություն. «Հրաչ Մուրադյանի սպանությունը միմիայն քաղաքական ենթատեքստ ուներ, այսինքն՝ նրան սպանել էին միմիայն նրա աթոռին հասնելու համար:Այդ համոզմունքը ունենալով՝ հրաժարվեցինք աշխատանքից, որովհետև մտածում ենք, որ նոր ընտրությունները և նոր գյուղապետը անպայման կապ ունեն Հրաչ Մուրադյանի սպանության հետ»,-ասաց Լուսինե Պետոյանը՝ հավելելով, որ գյուղի մանկապարտեզում նույնպես այս ամենից հետ աշխատողների նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերվել, որի արդյունքում աշխատողները հրաժարվել են աշխատանքից:

Գյուղում տիրում է մի մթնոլորտ, երբ ստիպողաբար ազատվում են Հրաչ Մուրադյանի հետ կապ ունեցող անձանցից: Սա, նրա խոսքով, հիմք է տալիս մտածելու, որ նրա սպանությունը ուներ քաղաքական ենթատեքստ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մելանյա Առուստամյանն էլ նշեց, որ, անկախ այն հանգամանքից՝ գործը մտել է դատական փուլ թե ոչ, դիմելու են ՄԻԵԴ:

Նա նշեց, որ դատական համակարգի նկատմամբ վստահություն չկա:

Տպել Տպել