Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը նաև նախագահի պատվի հարցն է

երթ1Այսօր, հոկտեմբերի 29-ին, Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնությամբ Ազատության հրապարակից մեկնարկել է երթ դեպի նախագահական նստավայր` Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման պահանջով:

Ինչպես հայտարարել է ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը՝ իրենք գնում են նախագահից պահանջելու` իր վերահսկողության տակ վերցնել այդ գործի բացահայտումը. «Այսօրվա մեր երթի նպատակն է նախագահին ներկայացնել մեր մտահոգությունները: Հրաչ Մուրադյանի տեսակով է, որ մեր երկիրը երկիր է դարձել, հենց այս տեսակի դեմ էր ուղղված այդ սպանությունը, ոչ թե Հրաչ Մուրադյանի: Պետությունը պետք է իր վրա վերցնի նման մարդկանց ապահովությունը, այլ ոչ թե խրախուսի, որ ստահակների մի խումբ կարողանա վերացնել այդ տեսակը: Մենք շարունակելու ենք ուշի ուշով հետևել այս գործի բացահայտմանը, պարբերաբար հանդիպումներ կունենանք գործի բացահայտմանն առնչվող համապատասխան մարմինների հետ, պատկան բոլոր մարմինները կներգրավվեն գործի բացահայտմանը»:

Երթին մասնակցել են դաշնակցականներ, պռոշյանցիներ, ինչպես նաեւ այլ քաղաքացիներ:երթնն

Երթի մասնակիցները Հրաչ Մուրադյանի նկարներով և «Ապահով երկրում հերոսներին սպանում են», «Պահանջում ենք արդարություն», «Բացահայտել Հրաչ Մուրադյանի սպանությունը» բովանդակությամբ պաստառներով շարժվել են դեպի նախագահական նստավայր` հանձնելու նամակ, որում նախագահից պահանջում են իր վերահսկողության տակ վերցնել այդ գործի բացահայտումը.

Մեծարգո պարոն Նախագահ,

2013թ. ապրիլի 2-ին Պռոշյան համայնքում` գյուղապետարանի առաջ, սպանվեց Արցախյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Պռոշյանի գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանը: Անցել է յոթ ամիս: Նախաքննությունը շարունակվում է, և այդ անարգ ոճիրը դեռևս չի բացահայտվել:

Հերթական անգամ հասարակության մեջ թերահավատություն է առաջացել արդարադատության հանդեպ: Մտահոգություն կա, որ այս երկար ընթացքում ամբողջական եւ բազմակողմանի քննություն չի իրականացվել:

Նման եզրակացության հիմք է տալիս այն, որ նախկինում էլ այստեղ հանցագործություններ են կատարվել. 2009 և 2010թթ. Պռոշյանի գյուղապետարանի վրա հարձակումներ են եղել, 2010թ. գյուղապետ Հրաչ Մուրադյանի և իր եղբորորդու դեմ մահափորձ է կատարվել, 2012թ. սեպտեմբերին խուլիգանական հարձակում է եղել: Այդ հանցագործությունների չբացահայտումը և անպատժելիությունը, ի վերջո, հանգեցրել են Հրաչ Մուրադյանի սպանությանը:

Սպանությունից հետո` 2013թ. գյուղապետի ընտրությունների ժամանակ, իշխանության որոշ շրջանակներ չափազանց ակտիվություն դրսևորեցին. օգտագործվեցին վարչական և ֆինանսական լծակները, հստակ ուղղորդվեցին զինծառայողները, և պատճառահետևանքային կապ ստեղծվեց սպանության միջոցով գյուղապետ Հրաչ Մուրադյանի վերացման և նրա հակառակորդների` ամեն գնով իշխանության հասնելու միջեւ: Սրանով ամպրապնդվեց նախկին եւ վերջին հանցագործությունների փոխկապակցվածությունը: Կարծիք կա, որ այսօր այդ նույն ուժերը խոչընդոտում են գործի բացահայտմանը:

Պարոն Նախագահ,

պահանջում ենք սպանության բացահայտման գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության տակ, ապահովել ամբողջական եւ բազմակողմանի քննություն: Վստահ ենք` նախորդ հանցագործությունների, հատկապես` 2010թ. մահափորձի բացահայտումը կհանգեցնի նաեւ «Մարտական խաչի» շքանշանակիր Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանը:

Մեկ անգամ եւս շեշտում ենք, որ սա մեր պետության պատվի խնդիրն է:

«Հրաչ Մուրադյան – արդարության պահանջ»
հասարակական շարժում

29 հոկտեմբերի 2013թ.

Հասնելով ՀՀ նախագահի նստավայր` Արմեն Ռուստամյանը նամակն անձամբ տարել է նախագահական:

Դուրս գալով ՀՀ նախագահի նստավայրից, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը պահանջող երթի մասնակիցներին տեղեկացրել է, որ հանդիպել է նախագահի ներկայացուցչի հետ եւ նամակը հանձնել նրան:

ՀՅԴ պատգամավորին նախագահի նստավայրում պատասխանել են, որ նամակն անմիջապես կփոխանցեն նախագահին:

Արմեն Ռուստամյանը հույս է հայտնել, որ նախագահն ամեն ինչ կանի, որ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը լինի պետական մակարդակով. «Մենք կտեսնենք նախագահի անմիջական քայլերը, եւ ըստ այդմ կշարունակենք մեր պահանջատիրությունը: Մենք սրանով չպետք է բավարարվենք: Հրաչի սպանության բացահայտումը մեզանից յուրաքանչյուրի պատվի հարցն է»:

Տպել Տպել