ՀՅԴ Երիտասարդականի մասնակցութիւնը Աւստրիայի ընկերվարական երիտասարդների համագումարին

Foto-02Այսու տեղեկացնում ենք, որ Աւստրիայի ընկերվարական երիտասարդների (SJÖ) հրաւէրով, ՀՅԴ Երիտասարդականի երկու ներկայացուցիչներ` Կարապետ Շադոյեան (Աւստրիա) և Սերժ Տէր-Յակոբեան (Գերմանիա) մասնակցեցին յիշեալ կազմակերպութեան տարեկան համագումարին, որը տեղի ունեցաւ թուականիս հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը, Աւստրիայի Ֆելտեն քաղաքի մէջ։

Համագումարին մասնակցել են շուրջ 250 երիտասարդներ Աւստրիայից և հրւաիրեալներ Շուեդիայից, Նիդերլանդներից, Չեխիայից, Սերբիայից և այլ երկրներից։

Համագումարն սկսել է հրաւիրող կազմակերպութեան ողջոյնի խօսքով, որից յետոյ այլ երկրներից մասնակցած պատուիրակութիւնները ելոյթ են ունեցել` ներկայացնելով իրենց կազմակերպութիւնն ու մօտեցումները։Foto-01

ՀՅԴ Երիտասարդականի ներկայուցիչները իրենց ելոյթում ներկայացնելով ՀՅԴ Երիտասարդականի նպատակներն ու աշխատանքները, շեշտել են մարդու իրաւունքի տեսանկիւնից Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչման կարևորութիւնը։

Անդրադառնալով Արցախի ժողովրդի ինքնորոշման ու իր իսկ հողում ազատ ու անկախ ապրելու իրաւունքին, ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները բացատրել են Արցախցի երիտասարդների իրավիճակն ու պայմանները և նշել, որ նրանք ուրիշ բան չեն ուզում, քան Եւրոպայի երիտասարդների նման խաղաղ ու անվտանգ կեանք ունենալը, սակայն դա տեղի չի ունենում, քանի որ Հայաստանն ու Արցախը շրջափակման մէջ են և ամեն պահի պատերազմի վերսկսման վտանգին ենթակայ։

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչներն աւարտել են իրենց ելոյթը ասելով, որ «Մեր սերնդի պարտականութիւնն է պայքարել, որ ընկերվարական գաղափարների համաձայն աւելի արդար հասարակարգ հաստատուի աշխարհում»։

Համագումարի շրջանակներում տեղի են ունեցել դասախօսութիւններ և քննարկումներ ընկերվարութեան, տնտեսութեան, համացանցի, գաղթականութեան, կրթութեան, ծայրայեղ աջակողմեան շարժումների և այլ նիւթերի մասին։

Տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ ՀՅԴ Երիտասարդականի ներկայուցիչների և այլ պատուիրակութիւնների միջև։ Համագումարին մասնակցող երիտասարդներից ոմանք ցանկութիւն են յայտնել այցելել Հայաստան և Արցախ։

Նրանք հայկական կողմին առաջարկել են միջազգային երիտասարդական խորհրդաժողով նախաձեռնել Հայաստանում։

ՀՅԴ Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
04.նոյեմբեր.2013 թ.

Տպել Տպել