Հակահայ եւ հակաիրան «գիտաժողովն» աննպէս էլ չկայացաւ…

Թւականիս նոյեմբերի 6-ին, Թաւրիզի Պետական համալսարանում որոշւած էր կայանար այսպէս ասած «Ղարաբաղի միջազգային» հարցով համագումար, որը ինչ-ինչ պատճառներով յետաձգւել է: Յիշեալ համագումարի մասին «Արան նիւզ» կայքէջը մի առ ժամանակ է ինչ կոչեր է ուղղում թուրք եւ ադրբեջանցի շրջանակներին, որպէսզի յօդւածներ յղեն համագումարը կազմակերպող յանձնախմբին:

Նման համագումարի կազմակերպումը չէր կարող վրիպել Իսլ. խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորների աչքից, որոնք ուշի ուշով հետեւում են այն իրադարձութիւններին, որոնք ինչ որ ձեւով առնչակից են Իրանի հողային ամբողջականութեան ամրակայմանը, հայութեանը եւ իրանահայութեանը:

Յիշեալ համագումարի կազմակերպիչների եւ նախաձեռնողների միտումնաւոր քայլերի հարցով Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը սեպտ. 29-ի նամակով դիմել էին արտգործնախարարութիւն՝ տեղեկանալու արտգործնախարարութեան դիրքորոշումը՝ համագումարի կապակցութեամբ:
Ի պատասխան պատգամաւորների յղած նամակին, Իրանի արտգործնախարարութիւնը հոկտ. 12-ին պատասխան գրութեամբ, որը յանձնւել է խորհրդարանի հայ պատգամաւորներին նշւել է, որ Թաւրիզում անցկացւող Ղարաբաղի միջազգային համագումարը ոչ-պետական լինելով, դրա կայացման հարցով որեւէ համադրութիւն չի կատարւել արտգործնախարարութեան հետ: Նամակի մէջ նշւել է, որ ոչ-կառավարական հիմնարկների կողմից իրականացւող քայլերը չեն արտացոլում կառավարութեան պաշտօնական դիրքորոշումը եւ Իրանը Ղարաբաղի տագնապի հարցով միշտ կառչած է իր սկզբունքային ու հաւասարակշռւած դիրքերին:

Յիշեալ հարցի մանրամասներին իրազեկ դառնալու նպատակով հարցազրոյց ենք ունեցել դոկտ. Կարէն Խանլարեանի հետ: Նա համագումարի կազմակերպման վերաբերեալ ասաց. «Ինչպէս գիտէք այդ համագումարը կամ գիտաժողովը, որը պէտք է կայանար Թաւրիզում, իր օրակարգի մէջ ունէր խնդրայարոյց հարցեր, ինչպէս օրինակ Ղարաբաղեան հակամարտութեան բնութագրումը, որպէս կրօնական եւ կամ միջկրօնական կոնֆլիկտ: Մի հանգամանք, որը խիստ մտահոգեց մեզ: Այդ գիտաժողովին հրաւիրւած են Թուրքիայից եւ Ադրբեջանից այնպիսի դէմքեր, որոնք պանթուրքիստական գաղափարախօսութեան բացայայտ կրողներ են»:

Պատգամաւորն աւելացրեց. «…Պրն. Բեգլարեանի հետ մեր մտահոգութիւններն առանձին նամակով սեպտ. 29-ին յայտնեցինք արտգործնախարար դոկտ. Զարիֆին: Օրերս մենք ստացանք պատասխան նամակ՝ կապւած գիտաժողովին, ընդորում առկայ են մի քանի կարեւոր հանգամանքներ. նախ հաստատւում է, որ համագումարը չի առնչւում Իրանի կառավարութեանը, եւ որ դա ոչ-պետական հաստատութիւնների ու անձանց նախաձեռնութիւնն է: Այնուամենայնիւ արտգործնախարարութիւնը փորձել է կանխել գիտաժողովը, սակայն գիտաժողովի ոչ-պետական լինելու պատճառով, հնարաւոր չի եղել Կանխել այն»: Պատգամաւորն աւելացրեց. «Պատասխան նամակի մէջ նշւել է նաեւ այն, որ արտգործնախարարութիւնը պետական հաստատութիւնների պաշտօնատարներին արգելել է մասնակցել գիտաժողովին: Արգելւել է նաեւ օտարերկրեայ դեսպանութեան կազմերի մասնակցութիւնը: Նշենք, որ ըստ նամակի, որոշ դեսպանատներից արդէն եղել են մասնակցութեան դիմումներ: Իմ անձնական կարծիքով դիմումները հաւանաբար ներկայացւել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից»:

Ըստ դոկտ. Խանլարեանի՝ արտգործնախարարութիւնն ազդարարել է կազմակերպիչներին, որ համագումարի ընթացքում պէտք չէ սկանդալային հարցեր բարձրացւեն: Իսկ որպէս ամենակարեւոր կէտ՝ նամակում շեշտւել է, որ գիտաժողովը բնաւ չի արտացոլում Իրանի պետութեան պաշտօնական դիրքորոշումը:

Դոկտ. Խանլարեանը խօսելով յիշեալ համագումարի կազմակերպիչների կողմից, ինչ որ միտումնաւոր հարցեր առաջադրելու առումով ասաց. «Գիտաժողովի կազմակերպիչները փորձել են մի քանի հոգեւորականների ներկայութիւնն ապահովել եւ այնտեղ արծարծել ջիհադի հարցը: Իհարկէ այդ խնդիրը կատարելապէս համահունչ չէ Իրանի Իսլ. Հանրապետութեան պաշտօնական դիրքորոշմանը»:

Ի պատասխան այն հարցի, որ սոյն համագումարը, որն ի դէպ չի վայելում պետութեան հովանաւորութիւնը’ ինչո՞ւ է կազմակերպւել հէնց Թաւրիզի Պետական համալսարանում՝ դոկտ. Խանլարեանն աւելացրեց. «Կազմակերպիչները վարձակալել են համալսարանի տարածքը եւ յստակ պէտք է ասել, որ համագումարը ոչ մի պետական դիրքորոշում չի արտացոլում: Իսկ Թաւրիզի Պետական համալսարանի համագործակցութիւնը ոչ մի բան չի նշանակում»:

Դոկտ. Խանլարեանն նշեց նաեւ. «Մենք սկզբունքօրէն շատ էլ կողմ ենք Արցախի վերաբերեալ համաիրանական մասշտաբով գիտաժողովների գումարմանը, այն պայմանով, որ անաչառ կերպով մէջտեղ հանւեն կողմերի բոլոր տեսակէտներն ու մօտեցումները: Եթէ Թաւրիզում կազմակերպւած համագումարը գիտաժողով է կոչւում, ապա դրա ամենախոցելի կողմը հէնց այս է, որ համագումարին չեն հրաւիրւել հայկական կողմի ներկայացուցիչները: Նորից եմ ցանկանում շեշտել, որ պրն. Բեգլարեանը եւ ես դէմ չենք գիտաժողովների կայացմանը, քանի որ դրանց ընդմիջից կարող է յաւելեալ լոյս սփռւել իրականութիւններին, բայց միակողմանի ձեւաչափով նախաձեռնութիւնն՝ արդէն գիտաժողով չէ, այլ քաղաքական ենթատեքստ ունեցող ակցիա»:

Զրուցավար՝ Կ. ԴԱՒԹԵԱՆ
alikonline.ir

Տպել Տպել