Կառավարությունն ընդունել է արտագաղթի կասեցման ՀՅԴ առաջարկած ծրագրի որոշ դրույթներ

ԱրծվիկՀՅ Դաշնակցությունն առաջիկայում պատրաստվում է վերջնական խմբագրել և հրապարակել «Մենք ապրելու ենք մեր տանը» արտագաղթի կասեցման ծրագրի ամբողջական տեքստը: Մանավանդ, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է կուսակցության խորհրդարանական խմբակցության մշակած ծրագրի մի քանի դրույթներ եւ դրանք ներառել օրենսդրական տարբեր նախաձեռնություններում: «Իհարկե, գաղափարը կառավարության կողմից ընդունելի է, սակայն կատարման տեսանկյունից դեռևս թերություններ կան: Մենք մտադիր ենք ծրագիրը վերջնական տարբերակով հրապարակել և անդրադառնալ այդ թերություններին՝ առաջարկելով կառավարությանն ապահովել ծրագրի առավել խորքային և ամբողջական իրականացումը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

ՀՅԴ պատգամավորն ընդգծեց, որ ծրագրով իրենց կողմից առաջարկվող կարևոր դրութներից մեկը հանրային ծառայության վարձատրության միասնական համակարգ ներդնելու մասին էր, որի վերաբերյալ կառավարությունն արդեն օրենսդրական նախագիծ է ներկայացրել Ազգային ժողովի քննարկմանը: «Սակայն այստեղ երկու խնդիր կա, որ մեր առաջարկն ընդունելու տեսակետից մենք ոչ լիարժեք ենք համարում: Մասնավորապես հանրային ծառայություն հասկացության ճշգրիտ սահմանումը, մեր կարծիքով, պետք է երեք մակարդակի լինի: Դրա մեջ պետք է մտնեն ոչ միայն պետական և համայնքային ծառայությունները, այլ նաև բոլոր այն կազմակերպությունները, որոնք պետական մարմիններ չեն, սակայն իրականացնում են պետականին բնորոշ գործառույթներ»,- շեշտեց Մինասյանը՝ հավելելով, որ խոսքը համայնքային ոչ առևտրական կազմակերպությունների և Կենտրոնական բանկի մասին է:

Նա նշեց նաև, որ աշխատավարձերի միասնական համակարգի մեջ պետք է ներգրավվեն նաև այն կազմակերպությունները, որոնք օժտված չեն պետական մարմինների գործառույթներով, նման ֆունկցիաներ չեն իրականացնում, սակայն հանրության նկատմամբ ազդեցության որոշակի գոտիներ են հանդիսանում: «Այս դեպքում խոսքը կրթության, առողջապահության, մշակույթի և լրատվական ոլորտի մասին է, որոնց աշխատավարձերը նույնպես պետք է կարգավորվեն միասնական հայեցակարգով»,- ասաց Մինասյանը:

Մյուս կարևոր հարցը նվազագույն աշխատավարձի քաղաքականությունն է, որի դեպքում նույնպես կառավարությունը լիարժեք չի ընդունել ՀՅԴ-ի առաջարկը: Մեր առաջարկի համաձայն՝ նվազագույն աշխատավարձի քաղաքականությունը պետք է կենսապահովման նվազագույն բյուջեից ոչ ցածր լինի, ինչը կառավարության որդեգրած քաղաքականության մեջ չի ընդգրկվել:

Գյուղատնտեսության ոլորտում օրենսդրական նախաձեռնության կարգով երկրորդ ընթերցմամբ ընդունվել է գյուղատնտեսական հողերի վրա արդյունաբերական նշանակության ձեռնարկությունների կառուցման դեպքում այդ հողատարածքների կադաստրային արժեքները հավելյալ վճարելու պարտավորությունը հանելու մոտեցումը, ինչը նույնպես ՀՅԴ կողմից մշակված ծրագրի կարևորագույն դրույթներից մեկն է:

Մյուս կարևոր առանձնահատկությունը կրթության ոլորտում է, որտեղ առաջարկվում է ռեյտինգավորել կրթական հաստատությունները: «Հարկավոր է ռեյտինգավորել բուհերը, թե դրանք իրենց մասնագիտական ուսուցմանը համապատասխան որքան աշխատատեղերով են ապահովել իրենց շրջանավարտներին, որին համապատասխան էլ պետբյուջեից կլինեն հատկացումներ»,- նշեց Մինասյանը:

Ծրագրով ևս մեկ կարևոր առաջարկ է ներկայացվում, որը վերաբերում է զինծառայությունից զորացրված անձանց աշխատանքով ապահովելու խնդրին: ՀՅԴ պատգամավորը տեղեկացրեց, որ կառավարությունն այս գաղափարը ևս ընդունել է: «Կառավարությունը պարտավոր է իր վրա վերցնել այս պարտականությունը և զորացրված երիտասարդներին ապահովել երկարատև աշխատանքով կամ նրանց համար փոքր բիզնես մտնելու հնարավորություն ստեղծել՝ համապատասխան վարկային քաղաքականության միջոցով»,- շեշտեց Մինասյանը:

Նրա հավաստմամբ՝ էլի կան մի քանի առաջարկություններ, որ կառավարությունը իր ծրագրերով փորձում է իրականացնել, սակայն քանի որ դրանք համակարգային չեն, արդյունավետությունը այնքան էլ բարձր չէ: «Դրա համար մենք մտադիր ենք ծրագիրն ամբողջացնել և հրապարակելուց հետո պահանջել, որպեսզի ծրագիրն ամբողջությամբ իրականացվի, ինչի շնորհիվ հնարավոր լինի նվազեցնել արտագաղթի տեմպերը»,- ընդգծեց նա:

ՀՅԴ-ն մշակել է «Մենք ապրելու ենք մեր տանը» ծրագիրը , որի նպատակը երկրում արտագաղթի կասեցումն է: Ծրագիրն արդեն անցել է հանրային քննարկումների փուլ, ներկայացվել է հեռուստատեսությամբ, մամուլի ակումբներում, հանդիպումներ են տեղի ունեցել քաղաքացիական հասարակության սեկտորի ներկայացուցիչների և մասնագիտական շրջանակների հետ:

armenpress.am

Տպել Տպել