Ես չեմ ուզում իմ երկրի կոլապսը

vahan2«Եթեր» շաբաթաթերթի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հետ:

Վերջին շրջանում լուրեր են պտտվում այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության նախագահ, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի առաջին պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշանակվելու է Գերմանիայում ՀՀ դեսպան: Ոմանք այն կարծիքին են, թե խորհրդարանն ինչ-որ առումով կտուժի, եթե այնտեղ չհնչի Վահան Հովհաննիսյանի ձայնը: Իսկ ոմանց էլ գուցե այս նշանակումը մտածելու առիթ տա, թե Դաշնակցությունը սպառել է իր անելիքը Հայաստանում: Ինքը` Վահան Հովհաննիսյանը, կարծում է, որ այդպես մտածող մարդիկ եղել են միշտ:

-Միշտ էլ եղել են մարդիկ, որ չեն տեսնում մեր կուսակցության արածը: Ոմանք տեսնում են ու բավարարված չեն: Ոմանք էլ գուցե բավարարված են: Ես դրանց թվին չեմ պատկանում: Ինձ, ինչպես յուրաքանչյուր ազնիվ դաշնակցականի, կուսակցության գործունեությունը չի գոհացնում: Բայց եկեք տեսնենք, թե Հայաստանում պետական որ ատյանի կամ քաղաքական ինչ մարմնի գործունեությունից ենք մենք գոհ: Կառավարությա՞ն: Ո’չ Ընդհանուր առմամբ ընդդիմությա՞ն: Ո’չ: Կա՞ ընդհանրապես քաղաքական մի կուսակցություն, որի գործունեությունը մեզ բավարարում է: Չկա’: Հասարակության վիճակը մեզ բավարարո՞ւմ է: Ո’չ: Հասարակության որ շերտի կենսամակարդակը, գործունեությունը կամ զարգացման մակարդակն է մեզ բավարարում` ինտելիգենցիայի՞, գործարարարի՞, աշխատավորի՞: Ոչ մեկի: Այսինքն` հարցը պետք է ամբողջության մեջ դիտարկել: Կեղտոտված ծովերում դրախտային ծաղիկներով կղզիներ չեն լինում: Ամբողջ հասարակությունը մաքրելու խնդիր կա: Եթե սկսենք թվարկել, թե ինչ սխալներ ենք թույլ տվել, ամենամեծ ցանկը իմը կլինի, ոչ թե կուսակցության կողմնակիցներինը կամ հակառակորդներինը, որոնք իրադրությունը գնահատում են կողքից եւ զուտ զգացմունքային մակարդակով: Բոլորից լավ ես գիտեմ այդ սխալները: Բայց միեւնույն ժամանակ ես լավ գիտեմ, թե ինչ ֆոնի վրա է կատարվում այդ ամենը: Անիմաստ է սպասելը, որ ընդհանուր քաղաքական եւ հասարակական դեգրադացիայի ֆոնի վրա ինչ-որ մի կուսակցություն կարող է հաջողության հասնել: Փորձենք վերլուծել: Մեր հասարակության մեջ բնակչության 80%-ն իսկապես աղքատ է, ապրում է հազիվհազ (խոսքը աղքատության շեմից էլ ցածր վիճակում գտնվող անօթեւանների ու մուրացիկների մասին չէ): 5-6%-ն ամոթալի, անհարմարության աստիճանի հարուստ է: Միջին շերտն այնքան փոքր է, որ չի կարող իշխանափոխություն իրականացնող որեւէ կուսակցության համար հենարան ծառայել: Թյուր է այն կարծիքը, թե իշխանափոխության համար հենարան է ծառայում այն 80%-ը: Այդ շերտը կարող է հենարան լինել հեղաշրջման, բոլշեւիկյան տիպի հեղափոխության համար: Մինչդեռ իրական իշխանափոխության համար, որը հարված չի հասցնում հասարակական կայունությանը, հենարանը հենց այդ միջին շերտն է, որը Հայաստանում այնքան նեղ է ու անկազմակերպ, որ չի կարող հենարան դառնալ իշխանափոխություն պահանջող որեւէ կուսակցության համար: Ի դեպ, այն նաեւ իշխանությունների համար հենարան չի կարող լինել: Ուստի` թե’ որոշ ընդդիմադիր գործիչներ, թե’ իշխանության ներկայացուցիչներ փորձում են հենվել վերն ասված 80%-ի վրա: Ոմանք փորձում են ներքաշել նրանց միտինգային պայքարի մեջ, ոմանք փորձում են լռեցնել շանտաժով ու կաշառքով: Սա հանգեցնում է կամ արյունահեղ բախումների, կամ հանրահավաքների, որոնք, ի վերջո, ոչինչ չեն տալիս: Կամ ամեն ինչ որոշում է ընտրակաշառքը: Մի պարզ օրինակ: Ընդդիմության առաջնորդներից մեկը, որ բավական շատ ձայն էր ստացել նախագահական վերջին ընտրություններում, գուցեեւ ուզում էր հենվել միջին խավի վրա, բայց նրա ոչ անմիջական շրջապատը, որ գտնվում էր միանգամայն այլ հարթության վրա, նրան բախման մղեց: Եվ նա ստիպված էր նահանջել այն մարդկանց հույսերի փշուրների վրայով, որոնք այնքան էլ լավ չէին պատկերացնում իրավիճակը: Այս պայմաններում անհնար է սպասել, որ ինչ-որ քաղաքական ուժ հրաշքով կարող է իշխանափոխություն կատարել: Իսկ որ կառավարության քաղաքական ծրագրերն ուղղակի ձախողված են, դա փաստ է: Ուզում ես դեսպան եղիր, ուզում ես` պատգամավոր, տեսակետդ դրանից չի փոխվում: Փոխվում է այդ տեսակետն արտահայտելու ձեւը: Այսօր ես բացահայտ ասում եմ այդ մասին խորհրդարանում, մամուլով, իմ հրապարակային ելույթներում, հոդվածներում: Դեսպանի աշխատանքը ենթադրում է այդ տեսակետը քո իսկ կառավարությանը ներկայացնելու ավելի կամերային ձեւ: Ի վերջո դու, ի տարբերություն որոշ ՙընդդիմադիրների՚, փոփոխություն ես ուզում, ոչ թե քո երկրի կոլապսը: Դա Դաշնակցության համար ընդունելի չէ:

-Կոլապս ոչ ոք չի ուզում, բայց իրավիճակը հետզհետե վատանում է:

-Տեսեք, կա աշխատանքի մի մեթոդ, սկզբունք` ՙորքան վատ, այնքան լավ՚, որը ենթադրում է հետեւյալը. որքան հնարավոր է վիճակը վատացնենք, որ ժողովուրդը չդիմանա ու քշի իշխանությանը: Բայց Հայաստանում, ցավոք սրտի, ՙորքան վատ, այնքան լավ՚ չի ստացվում: Հենց որ հասնում է վատի ինչ-որ մի կրիտիկական աստիճանի, արտագաղթն է ուժեղանում: Ժողովուրդը չի մնում այստեղ պայքարելու: Այսինքն` ՙորքան վատին՚ ՙլավը՚ չի հետեւում, թողնում գնում են: Ուստի մենք երբեք այդ քաղաքականությունը չենք վարում: Շատերը` այստեղ եւ սփյուռքում, դա չեն հասկանում, բայց նրանց պատճառով մենք չենք փոխի մեր քաղաքականությունը:

-Իսկ պետությունը շարունակում է իր քաղաքականությունը, եւ փաստը մնում է փաստ` Հայաստանը դատարկվում է:

-Արտագաղթի պատճառը միայն սոցիալական վատ պայմանները չեն: Արդարության պակասն է, անհուսությունը: Հայերը շատ ավելի վատ պայմաններում էլ են ապրել:

-Ապրել են, որովհետեւ հավատացել են վաղվա օրվան:

-Այո, հիմա այդ վաղվա օրն է մշուշի մեջ: Մեկը մյուսի հետեւից բացահայտվում են հիմնախնդիրներ, եւ մենք չենք տեսնում դրանց լուծմանն ուղղված քայլեր: Կառավարությունը վրիպումներ է թույլ տալիս, եւ նախարարների կաբինետը չի փոխվում: Նախարարները կամ նրանց զավակները լուրջ սխալներ են գործում, բայց ամեն ինչ մնում է իր տեղում: Այս բաներն, իհարկե, հուսալքություն են առաջացնում:

-Ինչ է նշանակում, երբ Դաշնակցության խմբակցության ներկայացուցիչը դառնում է դեսպան:

-Նշանակում է, որ դադարում է պատգամավոր լինելուց եւ դառնում է դեսպան:

-Այսինքն` նա համամիտ է այն արտաքին քաղաքականության հետ, որը վարում է մեր երկիրը:

-Մեր երկրի արտաքին քաղաքականությունը բազմաշերտ է եւ մի քանի ճակատներում տարբեր ձեւով է ընթանում: Ես երբեք չեմ թաքցրել իմ տեսակետները: Օրինակ` մեր քաղաքական կուրսը միանշանակ հաջող չէր, երբ հանգեցրեց Մաքսային միությանը միանալու անվերապահ հայտարարությանը: Եվ հարցը Մաքսային միության մեջ չէ, այլ մեր մեջ: Համոզված եմ, որ մեր քաղաքական կուրսը կարելի էր կառուցել այնպես, որ երկիրը չկանգներ այսպիսի ծանր ընտրության առջեւ: Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ եւս իմ տեսակետը հայտնի է: Բայց ես գիտեմ նաեւ, որ այսօր առավել քան կարեւոր են դառնում Հայաստանի հարաբերությունները ոչ միայն Եվրամիության հետ, այլեւ Եվրամիության հզորագույն երկրների հետ, եւ այդ ոլորտում լուրջ անելիքներ կան: Եվրամիության շարժիչ ուժերը Արեւելյան Եվրոպայի այն երկրները չեն, որոնք նոր են ընդունվել այդ կազմակերպություն եւ որոնք հիմնական լոկոմոտիվն էին Արեւելյան գործընկերության: Այդ երկրների քաղաքական բառապաշարում հակառուսականությունը շատ ուԺեղ է: Եվ դա էլ պատճառներից մեկն էր, որ Արեւելյան գործընկերությունը այդքան բացասաբար ընդունեցին Ռուսաստանում: Իհարկե, ում ծանոթ է Լեհաստանի պատմությունը, շատ լավ հասկանում է, որ այլ կերպ չէր էլ կարող լինել: Բայց նաեւ պիտի ընդունել, որ Արեւմտյան Եվրոպայի` ՙՀին Եվրոպայի՚ պետությունները այս պրոցեսներին շատ քիչ են մասնակից եղել: Նույն Բրիտանիան, նույն Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան կամ Իսպանիան Արեւելյան գործընկերության պրոցեսներին քիչ են մասնակից եղել: Եվ Հայաստանն այս պետությունների հետ կամուրջները պիտի չայրի, եւ պարտադիր չէ, որ այդ կամուրջներն անցնեն Վիլնյուսով կամ որեւէ այլ արեւելաեվրոպական մայրաքաղաքով: Այդ երկրների հանդեպ իմ ողջ հարգանքով հանդերձ, ես այն կարծիքին եմ, որ այսօր առաջնահերթ է դառնում եվրոպական հզոր երկրների հետ ուղղակի կապեր հաստատելը: Եվ հենց այդ ասպարեզում ես կարող եմ օգտակար լինել, թեպետ ինձ դուր չի գալիս մեր ստորագրությունը հայ-թուրքական համաձայնագրի տակ: Այսպիսի ծայրահեղությունն ինձ համար անընդունելի է: Ես չեմ հասկանում, թե ինչպես է նպաստում, ասենք, Հայաստանում իշխանափոխությանը եվրոպական բեմերի վրա մեր կեղտոտ սպիտակեղենը փռելը: Ինչ է դա տալիս Հայաստանին:

Եթե ես ինչ-որ հնարավորություն ունեմ, չեմ կարող դա չծառայեցնել մեր երկրին: Մեր կուսակցությունը միշտ է այդպես վարվել: Մենք հիմա էլ ընդդիմություն ենք, բայց վերջերս կուսակցությունն ապահովեց ԼՂՀ նախագահի մուտքը եւ ելույթը Եվրոպական խորհրդարանում, Բրյուսելում կազմակերպեց Եվրոպայի հայերի կոնֆերանս` նվիրված ԼՂՀ միջազգային ճանաչման խնդիրներին, ինչը շատ քիչ լուսաբանվեց մեր մամուլում, մինչդեռ դա պատմական երեւույթ էր: Պատմական երեւույթ էր, երբ օրեր առաջ Գերմանիայում` Հեսսենում, կազմակերպեցի Հայաստանի անկախության օրվա հետ կապված միջոցառումներ, որտեղ Գերմանիայի ճանաչված քաղաքական գործիչները բարձրացրին Ստեփանակերտի օդանավակայանին, ադրբեջանական ՙսեւ ցուցակին՚ կամ Արցախի անկախության ճանաչմանն առնչվող հարցեր: Ինձ հաջողվեց նաեւ կազմակերպել ԼՂՀ վարչապետի այցը Գերմանիա: Նրան ընդունեցին որպես Լեռնային Ղարաբաղի կառավարության ղեկավարի: Նրա հետ հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն Գերմանիայի պաշտոնատար անձինք, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այլեւ Սաուդյան Արաբիայի, Բուլղարիայի, Լիտվայի, Մոնակոյի, Մարոկկոյի, Սուդանի, Վենեսուելայի գլխավոր եւ պատվավոր հյուպատոսները: Համաձայնեք, որ սրանք քայլեր են ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհին: Եթե մենք կարող ենք դա անել որպես կուսակցություն կամ ես կարող եմ դա անել որպես անհատ, ինչպես չանեմ: Ցավում եմ, եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում:

ՆԵԼԼԻ ՄԱԴԱԹՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ԵՆԳՈՅԱՆ

14/11/2013

eter.am

Տպել Տպել