ՀԱՊԿ դրական փորձը պետք է տարածվի նաեւ ինտեգրման մյուս ասպեկտների վրա

VahanՀետխորհրդային տարածքում բոլոր ինտեգրացիոն նախագծերից ՀԱՊԿ-ն ամենաարդյունավետը, գործունն ու կայացածն է:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, «ՀԱՊԿ-ն ու անվտանգության ժամանակակից մարտահրավերները» միջազգային կոնֆերանսի ընթացքում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ ելույթ ունենալով «Սպառնալիքներն ու մարտահրավերները Հարավային Կովկասում ու ՀԱՊԿ-ում» զեկույցով:

«Հայաստանի համար ԵՄ «Արեւելայն գործընկերության» նախագիծն առայժմ հետաձգվել է, քանի որ այդ քաղաքականությունում ԵՄ-ն ամբողջ պատասխանատվությունը գցեց իր նոր գործընկերների վրա՝ Մերձբալթյան պետությունների, Լեհաստանի, Ռումինիայի: Հին Եվրոպան պարզապես չէր ներգրավվում այս նախագծի մեջ: Դա հանգեցրել է որոշակի բացասական արդյունքների»,-ընդգծել է Հովհաննիսյանը, հավելելով, որ ԵՄ հռետորաբանությունը անխուսափելի հակառուսական երանգավորում է ստացել: Ռուսաստանի շատ քաղաքական շրջանակներ չհասկացան, որ Հայաստանի «Արեւելյան գործընկերության» քաղաքականությունում հատուկ տեղ է զբաղեցնում եւ բոլորովին այլ օրակարգ ունի:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն տարբերվում է նրանով, որ այնտեղ կարողանում են համատեղել ազգային շահերը. «ՀԱՊԿ դրական փորձը պետք է տարածվի նաեւ ինտեգրման մյուս ասպեկտների վրա»-շեշտել է քաղաքական գործիչը:

Ինչ վերաբերում է Վիեննայում կայանալիք Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիեւ հանդիպմանը՝ Վահան Հովհաննիսյանը այդ հանդիպումից առանձնապես մեծ ակնկալիքներ չունի, քանի որ դրանց համար ինչ-որ հիմքեր են պետք. «Ադրբեջանցի պաշտոնյաների, այդ թվում պաշտպանության նոր նախարարի, կառավարության նոր անդամների, պատգամավորների եւ հենց Ադրբեջանի նախագահի վերջին ամիսների հայտարարությունները ոչ մի հույս չեն տալիս, որ իրենց մոտեցումներում ինչ-որ բան փոխվել է, որ նրանք դարձել են ավելի զիջող եւ իրատես»:

Այդուհանդերձ բարձր գնահատելով եւ ընդգծելով երկու նախագահների կայանալիք հանդիպման կարեւորությունը, Վահան Հովհաննիսյանն շեշտել է, որ կոնկրետ այդ հանդիպումից ինքը մեծ ակնկալիք չունի, քանի որ նման հանդիպումները, ի վերջո, կիսաբաց են թողնում խաղաղության տանող դուռը:

Հարցին, թե կարելի է՞ ՌԴ նախագահի Հայաստան այցը դիտարկել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու նախապատրաստության համատեքստում, Հովհաննիսյանը պատասխանել է, որ յուրաքանչյուր նման այցելություն որոշակի նպատակներ է հետապնդում եւ թելադրված է որոշակի անհրաժեշտությամբ. «Չպետք է մոռանալ, որ օրերս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի համատեղ նիստի ժամանակ, Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ հաջորդ տարվա փետրվարին Երեւանը, ավարտելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումը, պատրաստ կլինի Մաքսային միության անդամակցությանը»:

Անդրադառնալով օրերս ՀՀ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի հանդիպման ժամանակ ռուս պատգամավորներից մեկի դիտարկմանը, թե անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Հայաստանում ռուսերենի իմացության մակարդակի բարձրացման ուղղությամբ՝ Վահան Հովհաննիսյանն ասել է. «Ցանկացած ինտեգրացիոն գործընթացներում ազգամիջյան շփման կամ տնտեսվարող սուբյեկտների լեզուն միասնական դարձնելու առումով որոշ քայլեր կատարվում են: Այստեղ տարօրինակ ոչինչ չկա. Օրինակ` չնայած նրան, որ Անգլիան ամենաքիչ ներգրավված պետությունն է Եվրամիությունում, բայց, այնուամենայնիվ, անգլերենը այնտեղ համատարած կիրառվում է դիվանագիտական, տնտեսական, կրթական և այլ ասպարեզներում»:

Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ Եվրասիական միության կամ Մաքսային միության տարածքում նման դեր կարող է խաղալ ոչ թե հայերենը կամ ղազախերենը, այլ ռուսերենը. «Բայց կան նաև ուրիշ բաներ Եվրոպայում, որոնք կարելի է ընդօրինակել: Այնտեղ անդամ բոլոր երկրների ազգային լեզուները ճանաչվում են արժեք բոլորի համար, և դրանց ուսումնասիրության և դրանց անկումը կասեցնող միջոցառումները բավականին լուրջ տեղ են զբաղեցնում»:

Ինչպես քաղաքական գործիչն է նշել՝ Հայաստանի ՄՄ-ին անդակամցելուց հետո ռուսական իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն Ռուսաստանի հայաշատ վայրերում հայերեն լեզվի պահպանման և զարգացման ուղղությամբ:

Նշենք, որ կոնֆերանսը կազմակերպել են Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի մասնաճյուղը, ՀԱՊԿ Անալիտիկ ասոցիացիան, Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը ու «Հայ-ռուսական համագործակցության» կազմակերպությունը:

Տպել Տպել