Կառավարությունը ոչ թե փորձեց շտկել իրավիճակը, այլ ընդունեց իր անճարակությունը

արծվիկԱզգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ այսօրվա նիստում տեղեկացրեց, որ օգտվելով կանոնակարգ օրենքով նախատեսված հնարավորությունից՝ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ, առանց քաղաքական մեծամասնության ցանկության, որևէ նախագիծ կարող է ընդգրկվել օրակարգ և քննարկվել արտահերթ:

«Մենք օգտվում ենք Սահմանադրությամբ ընձեռված այս հնարավորությունից, որի նպատակը մեկն է`քաղաքացիների մի ստվար հատվածի կողմից բարձրաձայնված ու տարիներ շարունակ խորհրդարանում սուր բանավեճի թեմա դարձած կուտակային կենսաթոշակային համակարգում պարտադիր բաղադրիչը 2014 թվականի հունվարի 1-ից ներդնելու վեճը»,- ասաց նա:

Մինասյանի խոսքով՝ թե մասնագիտական, թե հանրային և թե նաև քաղաքացիական ակտիվության շատ շրջանակներ ներկայացնում են հիմնավոր փաստարկներ առ այն, որ պարտադիր բաղադրիչը տնտեսապես, իրավական տեսակետից և որ ամենակարևորն է` սոցիալական համերաշխության տեսակետից չի համապատասխանում երկրում ձևավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերներին:

Անդրադառնալով բարեփոխումների անցած ուղուն՝ պատգամավորը նշեց, որ 2003 թվականից սկսած՝ այս թեման անընդհատ քննարկվել է, եղել է շուրջ երեք-չորս մարտավարություն, այդ քննարկումներում հիմնական վեճը ծագել է պարտադիր կուտակային բաղադրիչի պատճառով:

Ըստ Մինասյանի՝ մեր կենսաթոշակային համակարգն ունի խնդիր, որ պետք է լուծել: Խնդիրները երեք մակարդակի են. առաջին մակարդակը կոչվում է աշխատողների և թոշակառուների միջև հարաբերակցություն. ՀՀ-ում մեկ աշխատողի բաժին է ընկնում մեկ թոշակառու, մինչդեռ միջազգային փորձը վկայում է, որ կարող է համակարգը աշխատել, եթե առնվազն երեք աշխատողի բաժին հասնի մեկ թոշակառու:

Երկրորդ խնդիրը փոխհատուցման գործակիցն է. այն չպետք է պակաս լինի 40 տոկոսից, բայց պրակտիկան ցույց է տվել, որ Հայաստանում այն եղել է 18-22 տոկոսի շրջանակներում:

Երրորդ խնդիրն, ըստ պատգամավորի, կապված է արդարության բանաձևի հետ. ներկա համակարգը բոլորին ապահովում էր համարժեք կենսաթոշակ` անկախ նրանից, թե անձը որքան սոցիալական ապահովության վճար էր կատարել՝ մեկը կարող էր 100, մյուսը 1000 դրամ կատարել, բայց թոշակ ստանում էին նույն չափով:

Այս երեք հիմնախնդիրները լուծելու համար փորձ է արվել ներկայացնել նաև որոշակի սահմանափակումներ, թե ինչն է կառավարությունը հիմք ընդունել այդ փոփոխությունների համար:

«Կառավարությունն ըստ էության ոչ թե փորձեց շտկել իրավիճակը, այլ ընդունեց, որ անճարակ է, ի վիճակի չէ դա փոխելու՝ ընդունելով դա որպես բացարձակ ճշմարտություն, դրան համապատասխան քայլ արեց` փորձելով ներդնել պարտադիր կուտակային բաղադրիչը: Պարտադիր կուտակային բացադրիչի էությունը փաստորեն հիմնվում էր այս խնդիրները լուծելու վրա, բայց փորձենք հասկանալ՝ արդյոք այդ խնդիրները լուծվո՞ւմ են: Կուտակվող միջոցները հանձնվում են մասնավոր ֆոնդերին, որոնց առջև խնդիր դրված չէ ստեղծել աշխատատեղեր: Ստացվում է, որ 3/1 գործակիցը չի ապահովվելու, պետք էր սեփական ձեռքում վերցնել կառավարման ուղիները՝ ստեղծելով աշխատատեղեր»,- ասաց նա՝ հավելելով, որ երկրորդ խնդիրն էլ չի լուծվում` 40 տոկոսի հարաբերակցության: Հիմնական բեռն ընկնում է քաղաքացու վրա, ստացվում է, որ աշխատողները պիտի տիրապետեն ֆինանսական շուկայի մասնագիտական գիտելիքներին, բայց դա այդպես չէ:

Նույնիսկ շատ պաշտոնատար անձինք, որոնք այս բարեփոխումների հեղինակներն են, ըստ պատգամավորի, այլևս չեն տիրապետում ֆինանսական շուկայի մասնագիտական հմտություններին: Երրորդ խնդիրն էլ չի լուծվում, որովհետև նորից թողնվում է քաղաքացու մասնագիտական ունակությունների վրա:

Այս ամենից ելնելով` փաստորեն պարտադիր կուտակային բաղադրիչի նպատակը ոչ թե այդ խնդիրները լուծելն է, այլ այս հիմնախնդիրներն անտեսելով հանդերձ՝ ֆինանսական շուկաներում ռեսուրսները ապահովելը:

«Ֆինանսական շուկայում այսօր դոմինանտ դեր ստանձնած բանկերը արդյոք լուծո՞ւմ են տնտեսական խնդիր, որ նաև սոցիալական ոլորտի խնդիրներ թողնենք իրենց վրա: Քաղաքացիների 70 տոկոսից ավելին գրավի տակ է, ի՞նչ ենք ուզում սրանով անել, հավելյալ գումարներ պահանջենք, որ 70 տոկոսը դառնա 100 տոկո՞ս, 100 տոկո՞սն էլ մտնի այդ բեռի տակ: Ֆինանսական շուկայում ռիսկերն ու կազինոն շատ չեն տարբերվում. եթե նպատակը ժողովրդին կազինոյի խաղացող դարձնելն է, ապա սխալ նպատակ ենք հետապնդում»,- ասաց նա:

Ելույթը եզրափակելով՝ Մինասյանը նշեց, որ չի կարելի կտրուկ քայլերի դիմել, չի կարելի արտագաղթի նոր պատճառի առիթ տալ, ուստի հորդորեց աջակցել և հետաձգել այս նախագծի քննարկումը առնվազն մեկ տարով:

1in.am

Տպել Տպել