Ի՞նչ իրավական հիմքերով վաճառվեց ՀՀ պետական սեփականությունը

ԱրծվիկԱԺ-ում կառավարության ուղղված հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախքան հարց հնչեցնելը խորհուրդ տվեց կառավարության անդամներին ըստ էության պատասխանել բոլոր հարցերին, այլ ոչ թե զբաղվել ստեղծագործելով:

Նա նշեց, որ ՀՀ-ում գործում է օրենք` քաղաքացիական օրենսգրքի մասնավորեցման մասին օրենքի տեսքով, եւ հետաքրքրվեց, թե «Հայռուսգազարդ» ընկերության քսան տոկոս բաժնեմասը, ինչպես նաև Որոտան-Կասկադ ՀԷԿ-երի համակարգը ի՞նչ իրավական հիմքով է վաճառվում, այսինքն` ի՞նչ իրավական հիմքով է պետական սեփականություն հանդիսացող գույքը կառավարությունը վաճառում առանց սեփականաշնորհման մասին օրենքով նախատեսված պետական գույքի մասնավորեցման ծրագրի:

Հարցին պատասխանեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նա նշեց, որ Որոտան-Կասկադի մասով որևէ գործարք չկա: «Երբ կգա ժամանակը, որ բանակցությունները կավարտվեն ու կառաջանա իրավական խնդիր, այն ժամանակ կփորձենք լուծել խնդիրը»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է «Հայռուսգազարդ»-ի քսան տոկոսի վաճառքին, ապա, ըստ նախարարի, համաձայնագրերը բերվելու են ԱԺ` վավերացման:

Արձագանքելով` Արծվիկ Մինասյանը նշեց, որ, Որոտանի հետ կապված, եթե սեփականաշնորհման նախագծում չկա նախատեսված, ապա կառավարությունը որևէ բանակցություն իրավունք չուներ վարելու, որովհետև կան ընթացակարգեր: Նաև ընթացակարգի համաձայն` պետք է տեղի ունենար «Հայռուսգազարդ»-ի քսան տոկոս բաժնեմասի վաճառքը, թե ինչ պայմաններում է վաճառվել պետական սեփականությունը, ինչպես է գնահատվել դրա գույքը:

«Հայռուսգազարդ»-ի հետ կապված բոլորը կներկայացնենք, իսկ Որոտանի հետ կապված` եղել է թույլտվություն, ոչ մի գործարք չկա: Ինչ վերաբերում է բանակցելուն, ոչ ոք չի արգելում բանակցել»,- ասաց նախարարը:

Տպել Տպել