Ներկայացվել է “Տնտեսությունը եւ սոցիալ-դեմոկրատիան” գիրքը


“Հրայր Մարուխյան” հիմանդրամը` “Ֆրիդրիխ Էբերտ” հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ, այսօր հանրությանն է ներկայացրել “Տնտեսությունը եւ սոցիալ-դեմոկրատիան” գիրքը։

Գրքի շնորհանդեսին մասնակցելու համար Երեւան են ժամանել գերմանացի քաղաքական գործիչներ, որոնք իրենց երկրի տնտեսական հաջողություններով կիսվել են հայաստանյան քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ։

Հետաքրքիր դիտարկում է արել համաժողովի գերմանացի հյուրը՝ տնտեսագետ, Գերմանիայի նախկին պետնախարար Քրիստոֆ Զոփելը։ Նա, վկայակոչելով պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի` հասարակության 40 տոկոսն աղքատ է, դիմել է իր հայաստանցի գործընկերներին եւ զարմանք հայտնելով՝ խնդրել բացատրել, թե ինչպե՞ս կարող է աղքատության նման պայմաններում լինեն օլիգարխներ, որոնց ձեռքում է կուտակված երկրի հարստության զգալի չափը։

ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը, ներկայացնելով վերջին 20 տարիների ընթացքում մեր երկրի տնտեսական համակարգի թույլ կողմերը, նշել է, որ խորհրդային համակարգի փլուզումից հետո օրվա իշխանությունները վայրի ազատականության արդյունքում չկարողացան նորմալ տնտեսական համակարգ ձեւավորել։

“Ձախ գաղափարախոսությունն այսօր անհրաժեշտություն է, եթե մենք ուզում ենք ունենալ զարգացող պետություն”,- ասաց Արա Նռանյանը` նկատելով, որ հասարակությունը դեռ չի ընկալել, որ այսօր տարվող տնտեսական քաղաքականությանը կարող է լինել այլընտրանք։

“Պատրաստվում ենք առաջիկայում հիմնել տնտեսագետների ակումբ, որտեղ մեր երկրի տնտեսական համակարգի առջեւ ծառացած խնդիրները կարող ենք ամենօրյա քննարկման առարկա դարձնել եւ լուծումներ առաջարկել”,- ասաց “Հրայր Մարուխյան” հիմնադրամի ղեկավար Մարիա Թիթազյանը։
Ե՛վ հյուրերը, ե՛ւ հայ մասնագետները կարծիք են հայտնել, որ գիրքը կարող է արդյունավետ լինել որպես բուհական դասագիրք։

“Տնտեսությունը եւ սոցիալ-դեմոկրատիան” գրքում մասնագետները կարող են գտնել այն հիմնական մեխանիզմները, որոնց կիրառման արդյունքում կարող է լինել արդար եւ համերաշխ տնտեսակարգ։ Շվեդիան կարող է օրինակ հանդիսանալ նաեւ Հայաստանի համար։ Ձախ գաղափարախոսության կիրառման դեպքում միայն կարելի է կարգավորել շուկայական տնտեսական համակարգը, հակառակ դեպքում՝ այդ նույն շուկան կարող է վերածվել իսկական քաոսի”,- ասաց Քրիստոֆել Զոփելը։

Տպել Տպել