Դավութօղլուն ինչ-որ չափով հասավ իր նպատակին. Կիրո Մանոյանը Թուրքիայի արտգործնախարարի այցի արդյունքների մասին

կիրԹուրքիայի արտգործնախարարն ինչ-որ չափով հասավ իր նպատակին` ցույց տալ, որ կա Հայաստան-Թուրքիա ինչ-որ գործընթաց:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այցի արդյունքներին:

«Արդեն միջազգային լրատվամիջոցների կողմից Նալբանդյանի հետ իր հանդիպման լուրի վերնագրերն այդ մասին են խոսում, որ ինքը ուզում էր ցույց տալ, էդ խաբկանքը կարողացավ իրականացնել: Իրականում դա խաբկանք էր»,- ասաց Կիրո Մանոյանը:

Ի պատասխան հարցի, թե այստեղ տեսնու՞մ է Երևանի մեղքը , դաշնակցականն ասաց. «Այնքանով, որ մինչև հիմա տակավին ընթացք են տալիս արձանագրությունների առկայությանը, հնարավորություն են տալիս, որ թուրքերը նման քայլեր ձեռնարկեն: Եվ այս բոլորից հետո, երբ մարդը տակավին ասում է՝խոսելու բաներ ունենք, հարցեր կան, պետք է լուծենք: Եթե էդպես է, ուրեմն ինչու՞ արձանագրությունները ստորագրեցինք, եթե հարցեր կան, նշանակում է՝ արձանագրություններն իմաստ չունեն»:

Դաշնակցականն այս համատեքստում ևս կրկնեց իր հայտնի առաջարկը, որ Հայաստանը հետ կանչի իր ստորագրությունն արձանագրություններից:

Հիշեցնենք, որ երեկ Ահմեթ Դավութօղլուն ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո թուրք լրագրողների համար նախատեսված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է, որ հայ գործընկերոջ հետ առանձնազրույցը ջերմ և անկեղծ մթնոլորտում է ընթացել և հիշեցրել, որ Երևան է ժամանել վերջին այցից չորս տարի անց՝ ընդգծելով այցի կարևորությունը նաև այդ կտրվածքով:

«Կան հարցեր, որոնց շուրջ տարաձայնություններ ունենք, բայց կարևորը, չնայած միմյանց տեսակետներն իմանալուն, ավելի հաճախ հանդիպումներ ունենալն է»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ահմեթ Դավութօղլուն եկել էր ՍԾՏՀ նիստին մասնակցելու նպատակով, այլ ոչ երկկողմ հարաբերությունների այցով և եթե անգամ զուտ արձանագրությունները նման հայտարարություն անելու հիմքեր չտային, ապա նա կարող էր «հենց այնպես էլ» ասել՝ «խոսելու բաներ կան»:

Ի պատասխան այս դիտարկման՝ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատուն նկատեց. «Էն ժամանակ խոսելու բաներն ուրիշ իմաստ կունենային, ոչ թե որ էսպես մեծացներ, որ չորս տարի է՝ չենք տեսնվել , հիմա տեսնվեցինք և այլն, արձանագրությունների առկայությունն է դա ցույց տալիս: Եվ իրականության մեջ հստակ կերևա, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու նպատակ չունի, մինչդեռ արձանագրությունները ցույց են տալիս, որ իբր ունի»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարը թուրք լրագրողներին հայտնել էր, թե «1915թ.-ին հայերի տեղահանությունն անմարդկային էր, և Թուրքիան երբեք չի աջակցել»:

Ի պատասխան հարցի, թե թուրք պաշտոնյայի մակարդակով, արտգործնախարարի մակարդակով նման բան երբևէ ասվե՞լ է, և ինչպե՞ս սա պետք է գնահատել, ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատուն նշեց, որ ոչ միայն նորություն չէ: «Որովհետև օրենքը, որ այդ ժամանակ գործածել են, հենց «Տեղահանության օրենքն» է, և նոր բան չի ասել նախարարը: Ավելին՝ 1919թ. թուրքական ռազմական դատարանի հետ համեմատած ոչինչ է ասել նույնիսկ»,- ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, 1919թ. թուրքական ռազմական դատարանը այլ մեղադրանքների շարքում օգտագործել էր հետևյալ նախադասությունը, որ «իշխանության կողմից եղել է հայությանը ոչնչացնելու ճիգ, նպատակ»:

«Մենք ասում ենք «արդար հիշողություն», ինչը նշանակում է, որ մենք պետք է իմանանք փաստերը։ Այդ ժամանակ մենք կտեսնենք, որ հայ-թուրքական հարաբերությունները նման չեն գերմանա-հրեական կապերին»,- ասել է Դավութօղլուն:

Ըստ դաշնակցականի՝ այս «արդար հիշողությունը» որևէ կապ չունի այն արդարության հետ, որոնք մենք՝ հայերս ենք ակնկալում:

Ի պատասխան հարցի, որ այս ամենի շարունակություն ակնկալու՞մ է, Կիրո Մանոյանը նկատեց, որ Թուրքիան, այո, շարունակելու է այդ փորձերը և եթե մեր դիվանագիտությունը ճիշտ չշարժվի, ապա կընկնի թուրքական թակարդները:

tert.am

Տպել Տպել