Ցեղասպանության խնդիրը և քաղաքական, և բարոյական տեսանկյունից արդիական է ոչ միայն հայերի, այլ նաև ամբողջ մարդկության համար

yuraՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կայացել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում: Դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շ.Քոչարյանը, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգման Համառուսաստանյան հանձնաժողովի անդամները, Մոսկվայի հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները, ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի ներկայացուցիչները, ՀՀ Սփյուռքի նախարարության խորհրդականը, Մոսկվայի Դիվանագիտական ակադեմիայի և առաջատար այլ ԲՈՒՀ-ի հայ և այլազգի դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, քաղաքագետներ:yura1

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի և տեղեկատվության բաժնի հաղորդմամբ, բացման խոսքով հանդես է եկել ՀՀ դեսպան Օ.Եսայանը, ով ողջունելով ներկաներին մասնավորապես ընդգծել է, որ Ցեղասպանության ճանաչումը բարոյական հարց է, հայ ժողովրդի համար ազգային անվտանգության խնդիր է և պետք է դիտվի առաջին հերթին պատմական համատեքստում: Դեսպանը նշել է նաև, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը համամարդկային նշանակություն ունեցող հարց է և կարևոր է առաջին հերթին նմանատիպ ողբերգություններից հետագայում` խուսափելու համար:

ՀՀ դեսպանի խոսքին հաջորդել է քաղաքագետ, լրագրող Ա.Մելիք-Շահնազարովի ելույթը: Նա մասնավորապես նշել է, որ Ցեղասպանության խնդիրը և քաղաքական, և բարոյական տեսանկյունից արդիական է ոչ միայն հայերի, այլ նաև ամբողջ մարդկության համար: Խոսվեց Ցուրիխում ձեռք բերված պայմանավորվածություններին հաջորդած` Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցում նախապայմաններ դնելու շարունակական գործընթացի մասին:

Այնուհետև ելույթներով հանդես են եկել Մոսկվայի Լեզվաբանական պետական համալսարանի ոչ հայազգի սաները, ովքեր ուսուցանում են հայոց լեզուն, գրականությունը և մշակույթը: Ընթերցվել են հայերեն բանաստեղծություններ:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև «Հայ-ռուսական համագործակցություն» ՀԿ նախագահ Յու.Նավոյանը: Նա նշել է, որ այս միջոցառումն էլ ավելի արդիական և կարևոր է 2013թ նշվող ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման կոնվեցիայի 65-րդ տարելիցի համատեքստում: Ներկայացնելով ներկաներին Ցեղասպանությանը նվիրված իտալացի գրող Ա.Արսլանի “Повесть о книге из Муша” գիրքը, Նավոյանը խոսել է մինչև 2015թ ապրիլը Ցեղասպանության Համառուսաստանյան հանձնաժողովի գործունեության, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստների ընթացքում այս առնչությամբ բարձրացվելիք արդիական հարցերի մասին:

Յու.Նավոյանի ելույթին հաջորդել է «Արարատ» մշակութային միության նախագահ Է.Դոլբակյանի ելույթը: Մեջբերելով առաջատար, հեղինակավոր պատմաբանների կարծիքները, նա խոսել է Ռուսաստանի հայ համայնքի վերակազմավորման անհարժեշտության մասին: Հիշատակել է Ցեղասպանության հարցում հայ համայնքի համախմբման համար անհրաժեշտ գործոնները: Նշել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ռուսաստանի հայության հիմնական նպատակներից պետք է հանդիսանա 2015թ ապրիլին ՌԴ Նախագահի պաշտոնական ելույթ-դիմումը, որը անյուհետև կդառնա շարունակական: Խոսվեց նաև Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում Մոսկայում ճարտարապետական հուշարձանների տեղադրման անհրաժեշտության, ՌԴ ուսումնական հաստատությունների հանրակրթական դասագրքերում Ցեղասպանության հիշատակման անհրաժեշտության մասին:

Միջոցառման ավարտին ՀՀ դեսպան Օ.Եսայանը անցկացրել է ՀՀ Սփյուռքի նախարարության մեդալներով և պատվոգրերով պարգևատրման արարողությունը:

Մասնավորապես «Արարատ» մշակութային միության նախագահ Է.Դոլբակյանին շնորհվել է ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալը, գրող, սցենարիստ, ռեժիսոր, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Լևոն Գրիգորյանին` ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալը, Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին` ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը, Ռուսաստանի Հայերի միության նախագահ Ա.Աբրահամյանին` ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը, «Հայ-ռուսական համագործակցություն» ՀԿ նախագահ Յու.Նավոյանին` ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը, ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական Ռուբեն Գասպարյանին` ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը:

Միջոցառման ավարտին հնչել են Ա.Բաբաջանյանի ստեղծագործությունները` Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի «Հայորդաց տուն» հայեցի դաստիարակության կետնրոնի սաների կատարմամբ:

panorama.am

Տպել Տպել