Հաջորդ տարի ԼՂՀ համայնքների զարգացման ու հայրենադարձության ծրագրերին կուղղվի 300 մլն դրամ

arturԱրցախում ազգային պետական վիճակախաղի առաջին խաղարկությանն ընդառաջ շրջանառության մեջ դրված 300 000 տոմսից սպառված է 250 000-ը: «Վիճակախաղի շահումային ֆոնդը կազմել է 200 մլն դրամ, իսկ Ազգային պետական վիճակախաղի տոմսերի իրացումից ստացված մնացած շահույթը` շուրջ 300 միլիոնը կուղղվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների, ենթակառուցվածքների զարգացման, հայրենադարձության, ռազմավարական հեռահար այլ ծրագրերին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Խաղարկությունը կսկսվի դեկտեմբերի 28-ին` առավոտյան ժամը 11:00-ին, և կտեւի մոտ 6 ժամ:

Վիճակահանության օրը խորհրդանշական է Արցախի համար. տասնամյակներ առաջ հենց դեկտեմբերի 28-ին են տեղի ունեցել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին ընտրությունները:

Վիճակախաղի տոմսերը շրջանառության մեջ են դրվել մայիսի 9-ից. մեկ տոմսն արժե 2000 դրամ: Արթուր Աղաբեկյանը խոստովանում է, որ գաղափարը մշակելիս չեն կասկածել, որ հասնելու են հաջողության: Չեն կասկածել նաեւ, որ հայ ժողովուրդը միահամուռ կերպով մասնակցելու է վիճակահանության ոչ թե հանուն շահումների, այլ հանուն Արցախի վերաբնակեցման եւ զարգացման: «Վիճակախաղի տոմսը դիտարկենք որպես ազգային տուրք եւ գիտակցենք, որ մասնակից ենք դառնում շատ կարեւոր մի գաղափարի կյանքի կոչմանը»,- ասում է փոխվարչապետը` հավելելով, որ հաջորդ տարի շրջանառության մեջ կդրվի մեկ միլիոն տոմս:

«Վերաբնակեցման հարցը զինադադարից հետո Արցախում, Հայաստանում եւ սփյուռքում քննարկվող ամենակարեւոր թեմաներից է: Տարիներ շարունակ հարցն այդպես էլ չի իջնում ամբիոնից», -նշում է Արթուր Աղաբեկյանը ` հավելելով, որ վերաբնակեցման հարցը պետք է լինի արդիական ու կախված չլինի իշխանության եկած քաղաքական ուժի ցանկությունից:

ԼՂՀ փոխվարչապետին նախորդ տարիներին իրականացված վերաբնակեցումը հիշեցրել է խորհրդային տարիներին հայրենադարձության ծրագիրը: «Վերաբնակիչը չպետք է լինի կույր եւ տեղեկություն չունենա, թե ուր է գնում եւ իրեն ինչ է սպասում: Հենց այդ կերպ բազմաթիվ հայրենակիցներ որոշեցին գալ ու վերաբնակվել Արցախում: Սակայն կարճ ժամանակ անց նրանք արդեն մտածում էին, թե ինչպես վերադառնան»,- հիշում է Աղաբեկյանը` հավելելով, որ այսօր մոտեցումներն այլ են, գործընթացը համապատասխանեցվել է հնարավորություններին: «Կառավարությունն աջակցում է այն վերաբնակչին, ով պատրաստ է սեփական ուժերով տրամադրված շինանյութով տուն կառուցել: Մեր ռեսուրսները սահմանափակ են իրականացնելու վերաբնակեցում լայն թափով»,- ասում է փոխվարչապետը` միաժամանակ շեշտելով, որ վերջ են դնելու տարերային վերաբնակեցմանը. նպատակն այն է, որ սոցիալական ծրագրերի իրականացումը հետագայում չհամարվի վատնված: «Հիսուն հոգանոց գյուղում ապահովել ջրամատակարարում, գազ եւ անցկացնել էլեկտրական գիծՙ շահավետ չէ, որովհետեւ անգամ 20 տարի անց այդ գյուղում բնակիչների թիվը չի անցնի հինգ հարյուրը: Մինչդեռ երկրում, բացի վերաբնակեցումից, այլ խնդիրներ էլ կան, որոնց պետք է կառավարությունն ուշադրություն դարձնի»,-նկատեց նա: Հենց դա է պատճառը, որ գյուղերի բնակիչների թվի վերաբերյալ սահմանված է շեմ. նվազագույնը մինչեւ հարյուր բնակիչ: Որպեսզի գյուղերում մարդկանց թիվը շատանա, կառավարությունը կաջակցի գյուղապետերին մարդկանց տեղափոխման հարցով. որպես խրախուսում գյուղերը կապահովվեն ջրամատակարարմամբ:

Այս ամենի սկիզբը կդրվի 2014-ից: Հադրութ, Քաշաթաղ, Քարվաճառ. սրանք այն ընտրված տարածքներն են, որտեղ կարելի է իրականացնել վերաբնակեցում եւ բնակիչների թվաքանակը հասցնել 1000-ի: Ընտրված երեք համայնքներում հողն ու ջուրը շատ լավն են, հողագործության եւ անասնապահության համար նպաստավոր պայմաններ կան: Եթե առաջ մեծ ցանկությունների իրականացմանը խոչընդոտում էր սահմանափակ ֆինանսը, ապա այսօր ԼՂՀ կառավարությունը լուծում է տվել նաեւ այդ խնդրին. շրջանառության մեջ դրված պետական վիճակախաղի վաճառված տոմսերի քառասուն տոկոսը կտրամադրվի վերաբնակեցման ծրագրին, մյուս քառասունը` շահումներին:

«Մշակույթը նրանն է, ով պահում է այն: Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան «Ղարաբաղ կարպետ» անվամբ աշխարհին է հրամցնում հայկական գորգերը, մինչդեռ մենք հայկական գորգերն աշխարհին ներկայացնելու հնարավորությունը չենք օգտագործում: Հենց այդ նպատակով, վիճակախաղի շահումը ոչ թե դրամ է, այլ ղարաբաղյան գորգ: Արցախում այսօր հինգ հարյուր գորգագործ կա: Շուշիում արդեն գործում է 30-հոգանոց արտադրամաս, իսկ Ստեփանակերտում օգոստոսից աշխատանքն է վերսկսել 110-հոգանոց գործարանը: Վիճակախաղը կնպաստի ոչ միայն հայկական գորգերի տարածմանը, այլեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- ասում է փոխվարչապետը: Վերաբնակեցման շնորհիվ կառավարությունը նպատակ ունի ոչ միայն հայկական գորգերը տարածել, այլեւ զարկ տալ մեկ այլ գաղափարի իրականացմանը:

«Եթե մենք առայժմ չունենք ծովից ծովից Հայաստան, ապա գետից գետ Արցախի գաղափարի իրականացումը մեր ձեռքերում է: Ընդամենը պետք է Արաքսից Թարթառ հատվածն ընկած տարածքը վերաբնակեցնել ու կյանքով լցնել: Հադրութից մինչեւ Արաքս 70 կմ երկարությամբ բերրի հողեր են ձգվում, աղբյուրներ կան: Այդ հողերը պետք է օգտագործվեն հանուն ժողովրդի: Նախորդ տարի Արցախից Հայաստան է ներկրվել 20 000 տոննա հացահատիկ: Ճիշտ եւ համակարգված աշխատանքի դեպքում այդ թիվը կարող է հարյուրապատկվել, մինչդեռ այսօր բնությունից ստացված հնարավորությունը վատնում ենք: Ինչո՞ւ ձմռանը լոլիկն ու վարունգը ներկրել Թուրքիայից, երբ կարող ենք Արցախում աճեցնել. չէ՞ որ Արաքսի ափին ամենացածր ջերմաստիճանը զրոն է»,- ասում է Աղաբեկյանը` հավելելով, որ այդ տարածքում 27 կմ երկարությամբ էլեկտրական գիծ է անցկացված, կան արտեզյան հորեր, 45 ընտանիքի համար ժամանակավոր կացարաններ: Այժմ կառավարությունը ցանկանում է տարածքում խանութ եւ բենզալցակայան հիմնել, որ ներդնողների համար ստեղծվեն բոլոր նպաստավոր պայմաններն ու նրանց արձագանքը չուշանա:

Պատրաստեց` Հասմիկ Հարությունյանը

armenpress.am

Տպել Տպել