Բարեկամությունը ո՞նց կարող է կապված լինել ստորացման և նվաստացման հետ

Արմեն1ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար առնվազն զարմանալի է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի տեսակետն, ըստ որի՝ ոչ իշխանական ուժերը դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում քվեարկությանը չմասնակցեցին, քանի որ դեմ քվեարկելու համար վախենում էին Ռուսաստանից:

«Մենք դեմ ենք խոսել, ի՞նչ է նշանակում՝ դեմ չենք ուզել քվեարկել, Ռուսաստանը միայն քվեարկությունը չի նայում, նա հետևում է ողջ պրոցեսին, ես չեմ կարծում, որ նրանք միայն քվեարկությամբ են առաջնորդվելու: Կուսակցությունները շատ հստակ իրենց դիրքորոշումներն ասել են, և սա հակառուսական դիրքորոշում չի: Հենց իրենց մտածելակերպով է, որ «Գազպրոմ»-ը նույնացնում են Ռուսաստանի հետ, և այս ամենից ծագել է այս տհաճ իրավիճակը: Այդպիսի իշխանությունների համար անգամ այնտեղից եկած ցանկացած պաշտոնյա կարող է նույնացվել Ռուսաստանի հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ արժանապատիվ պահվածքը բոլորի համար էլ ճիշտ ընթացք է, նման պահվածք ունեցող կողմին չեն կարող չհարգել:

Ռուստամյանը վերահաստատեց՝ իրենք պաշտպանել են Մաքսային միությանն անդամակցելու որոշումը, համարում են, որ Հայաստան-ՌԴ բարեկամական հարաբերությունները պետք է ամրապնդվեն, սակայն նշում է՝ եթե մեկը բացատրի, որ այս համաձայնագիրը այդ ամրապնդման հետ կապ ունի, ինքը շատ կզարմանա, որովհետև նախ՝ բարեկամությունը ո՞նց կարող է կապված լինել ստորացման և նվաստացման հետ: «Նվաստացնելով ու ստորացնելով բարեկամությունն ամրապնդվու՞մ է: Իսկ մենք փաստեցինք, որ այս համաձայնագրով հենց դա է տեղի ունենում, այսինքն՝ ՄՄ անդամակցության խնդիրը կապված է մեր այսօրվա լինելիության ու անվտանգության հետ, իսկ այստեղ Հայաստանը ոչ միայն սուբյեկտությունն է կորցրել, այլև հավասարը հավասարին բանակցելու, կողմ լինելու հանգամանքը, որովհետև մի կողմում Հայաստանի կառավարությունն է, մյուս կողմում՝ «Գազպրոմ»-ը, և մենք նույնացնում ենք «Գազպրոմ»-ը Ռուսաստանի հետ: Այս համաձայնագրում որևէ շահ Հայաստանը չունի, իսկ ՄՄ-ի մեջ շահ ունի, այո, որովհետև դա աշխարհաքաղաքական խնդիր է: Ռուսաստանին հակադրվելը և մնացած խնդիրները պատմականորեն ցույց են տվել, որ լավ տեղ չեն տանում, մանավանդ՝ եթե չունենք այլընտրանք, դա բոլորովին այլ հարց է: Իրենց թվում է՝ քանի որ ՌԴ-ի հետ կամ ՄՄ մտնելու մասով ինչ-որ հուշագրեր ունենք ստորագրած, ուրեմն ինչ փաստաթուղթ դեմ տան, պետք է համաձայնե՞նք»,- ասաց նա՝ միաժամանակ հակադարձելով՝ այդպես չի:

Ռուստամյանի համոզմամբ՝ իշխանությունները պարզապես իրենց ձախողված բանակցությունները ուզում են սրանով արդարացնել, ավելին՝ այն հանգամանքը, որ սա կատարվել է ժողովրդի թիկունքում, իշխանությունը պահելու նպատակով, սա են ուզում քողարկել: Ոչ իշխանական ուժերի՝ մանդատներից հրաժարվելու մասին խոսակցություններն, ըստ Ռուստամյանի, իշխանություններին ձեռնտու են: Նրա խոսքով՝ դա մանդատներից հրաժարվել չի նշանակում, այլ՝ մանդատները փոխանցել կոալիցիոն մեծամասնությանը, այդ է նշանակում, որովհետև մարդիկ, երևում է, ծանոթ չեն ընտրական օրենսդրությանը:

«Խոսքը միայն այս պատգամավորների հրաժարվելու մասին չէ, որովհետև եթե այս պատգամավորները հրաժարվեն, հաջորդ պատգամավորները ցանկով գան, դրանից ոչինչ չի փոխվի, խոսքն ամբողջ ցանկերը հանելու մասին է: Եթե մենք հրաժարվենք, այդ բոլորի տեղերը, իրենց ձայների համամասնությանը համապատասխան, ստանալու են ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, իսկ դա ու՞մ է ձեռնտու, իհարկե, հենց իրենց: Իհարկե, դրանից հետո չեմ բացառում, որ ՕԵԿ-ն իրեն հայտարարի ընդդիմություն, չեմ բացառում, իսկ մենք լրիվ փաստորեն մեր դաշտը, որտեղ այս պայքարը տանում ենք, թողնենք, հրաժարվենք, և միայն դուրս գանք փողոցում՝ ժողովրդի հետ միանանք, մանդատները վայր դրած մի քանի պատգամավոր ավելանան, ի՞նչ է դա ավելացնում մեր ուժին, եթե դա ինձ որևէ մեկը բացատրի, ես կհասկանամ»,- ասաց նա:

ՀՅԴ անդամի խոսքով՝ իրականում հակառակն է, հիմա, երբ ակտիվություն է փողոցում, այն բանի շնորհիվ է, որ ԱԺ-ում այս չորս խմբակցությունները սկսել են գործընթաց, և այն ուղղորդում է հասարակական պայքարը, ու այդ գործընթացն, ամենակարևորը, ցույց է տվել, որ արդեն երրորդ դեպքն է՝ չորս խմբակցություններն իրենց մեջ ուժ են գտնում՝ միավորվելու, համաձայնեցված գործելու: Դա իշխանությունների համար ամենաանցանկալի սցենարն է, և դրա համար գալիս են, գոռում, որ ով մանդատը վայր չի դնում, նրանց նման է, իշխանություններին էլ դա է պետք, որ բոլորը հավասարապես վարկաբեկվեն, գորշություն առաջանա, որի վրա իրենք պայծառ երևան: «Սա է ամբողջ նպատակը, մի՞թե պարզ չէ, իրենք այդ ոճը կիրառել են անընդհատ, թույլ են, այս են, այն են, մենք ուժեղ ենք, հզոր ենք, և դրա համար ժողովուրդը մեզ է ընտրում, իրենք ժողովրդի համակրանքը շահելու համար լավ բան չեն կարողանում անել, մյուսներին վարկաբեկելով, ցեխ շպրտելով, նսեմացնելով պիտի առաջնորդվեն, սևացնելով ուրիշներին: Աշխարհում փորձը ցույց է տվել՝ եթե դու ուզում ես իրավիճակ փոխել, բոլոր ոլորտներում պետք է ուժերդ մոբիլիզացնես, մենք դրանք բոլորը պետք է կարողանանք լիարժեք օգտագործել՝ պառլամենտն իր, փողոցն իր տեղում, բայց դրանք պիտի նույն նպատակին ծառայեն, նույն տրամաբանության մեջ լինեն»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ արդեն «բանը բանից անցնում է», ամեն ինչ չափ ունի, իր աստիճանն ունի, այս ամենը, ինչ իշխանությունները կատարում են՝ արդեն հաշվի չնստելով բացարձակապես որևէ մեկի հետ, բնականաբար, բերում է նրան, որ արդեն ակնհայտ կոպիտ և պատմական առումով սխալներ են թույլ տալիս, դրանք շտկելու ցանկությունն արդեն բավարար է միավորելու ոչ իշխանական ուժերին. քանի որ դա ազդելու է մեր սերունդների, մեր ճակատագրի վրա, բավարար խթան է, որպեսզի բոլորը ձգտեն ընդհանուր պայքար ձևավորել դրա դեմ, այս երևույթները, բնականաբար, նպաստում են ոչ իշխանական ուժերի ձևավորմանը, որ չփորձեն ցույց տալ՝ ով է ավելի ազնիվ, ավելի ընդդիմադիր, հենց նման խոսակցությունները վերանում են, գլխավոր խնդիրը դառնում է գերակա, միավորվելն էլ ավելի հեշտ է լինում:

1in.am

Տպել Տպել