Սա ստրկացուցիչ պայմաններով կնքված համաձայանագիր է

ԱրծվիկԳազային համաձայնագրերի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը երեք հիմնական հարց էր առանձնացրել իր հարցազրույցում’ 300 միլիոն դոլարի պարտքը, 20 տոկոսի վաճառքը եւ մինչեւ 2043 թվականը գազամատակարարման ոլորտում «Գազպրոմին» մենաշնորհ տալը. Սրանք ՀՅԴ-ի կողմից բարձրացված հարցերի միայն մի մասն են. Yerkir.am-ին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ի տարբերություն երկրորդ նախագահի, պատգամավորը համարում է, որ 300 միլիոնի պարտք պարզապես չէր կարող ձեւավորվել: «Սա մի համակարգի արդյունք է, որը պարզապես հասարակությունից խլում է իր սեփականությունը: Պարտք, որպես այդպիսին, չէր էլ կարող ձեւավորվել, էլ ուր մնաց, թե պետությունը մի հատ էլ պարտավորություն կրեր այդ ամենի համար: 20 տոկոսի վաճառքի մասով իմ շեշտադրումը մի քիչ այլ է. ես չեմ կարեւորում 20 տոկոսի զուտ ֆիզիկական մեծությունը»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա` այդ 20 տոկոսից, ի վերջո, բոլոր ժամանակներում մեր կառավարությունն ու իշխանությունները երբեք չեն օգտվել: Այսինքն’ այն, որ կառավարությունը կարող էր պարտադրել անկախ փորձաքննություն’ աուդիտ իրականացնել կազմակերպությունում, մի շարք գործարքների մասով «Գազպրոմ»-ին պարզապես զրկեր որոշումներ կայացնելու հնարավորությունից եւ այլն, այդ ամենից մենք չենք օգտվել: Հետեւաբար, հույս ունենալ, թե որեւէ իշխանություն կօգտվի այդ 20 տոկոսի ընձեռած հնարավորություններից, պատգամավորի կարծիքով, իրատեսական չէ:

«Ինձ ավելի շատ մտահոգում են այն պարտավորությունները, որ մենք ստանձնել ենք այդ պայմանագրով: Իսկ այդ պարտավորությունները պարզապես ոչնչացնում են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման այն բոլոր հեռանկարները, որոնք դուրս են «Գազպրոմի» պատկերացրած կամ գծած շրջանակներից: Սա է ինձ մտահոգում, եւ ես անգամ համարում եմ, որ այդ 20 տոկոսը կարելի էր նվեր տալ Ռուսաստանի Դաշնությանը, միայն թե չստանձեինք այդպիսի պարտավորություններ: Իսկ 20 տոկոսի դիմաց վճարումն ինչպես եկավ բյուջե, այնպես էլ հետ գնաց «Հայռուսգազարդ»-ին»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը:

Նրա պարզաբանմամբ` մինչեւ 2043 թվականի մենաշնորհը կապված է հենց այդ պարտավորությունների հետ, բայց մինչեւ 2043 թվականը մենաշնորհ տրամադրելը որքան էլ օբյեկտիվ հիմքեր ունենա, այնուամենայնիվ, պարունակում է հսկայական սուբյեկտիվ տարրեր’ սկսած նրանից, որ Հայաստանը, փաստորեն, զրկվում է այլընտրանքային էներգիա արտադրելու կամ ապահովելու բոլոր մեխանիզմներից, ավարտած նրանով, որ, ինքնիշխան սոցիալ-տնտեսական քաղաքականություն վարելու տեսակետից, մենք մեզ զրկում ենք որեւէ համարժեք որոշում կայացնելու հնարավորությունից:

«Սրանք հարցեր են, որոնք Հայաստանի իշխանություններին’ ներկա կամ ապագա, միանշանակ պետք է մտահոգեն: Դա էր պատճառը, որ մենք’ ԱԺ ոչ իշխանական ուժերս, որոշեցինք գոնե հիմքեր ստեղծել’ հետագայում այս հարցը վերանայելու համար, առնվազն վիճահարույց դարձնելով համաձայնագրի վավերացման գործընթացը»,- ասաց պաըգամավորը’ շարունակելով, թե իրենց նախաձեռնությամբ նաեւ պայմաններ են ստեղծում, որ Հայաստանի որեւէ իշխանություն իսկապես կարողանա այս համաձայնագրերը վերանայելու պահանջ դնել:

«Սա ստրկացուցիչ պայմաններով կնքված համաձայանագիր է»,- վերջում շեշտեց Արծվիկ Մինասյանը:

yerkir.am

Տպել Տպել