Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը

արցախՄիացյալ Նահանգների ամենախոշոր քաղաքներից Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես անկախ և ինքնիշխան պետություն:

Բանաձևում նշվում է, որ ԼՂՀ-ը նպաստում է Կովկասի տարածաշրջանի կայունությանը՝ անցկացնելով ազատ և արդար ընտրություններ: Անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար մղված պայքարին, որը ոգեշնչել է նաև տարածաշրջանի շատ ժողովուրդների: Միաժամանակ կոչ է արվում միջազգային հանրությանն արժանավույնս ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն:

Բանաձևի հեղինակն է Լոս Անջելեսի խորհրդի հայազգի անդամ Պոլ Գրիգորյանը:

Ֆրեզնոն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի առաջին քաղաքն էր, որը պաշտոնապես ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 2013 թվականի ապրիլի 10-ին Միացյալ Նահանգների Մեյն նահանգի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը եւս համատեղ բանաձեւով ճանաչել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախությունը` կոչ անելով ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին` «աջակցել ԼՂՀ ինքնորոշմանը, ժողովրդավար անկախությանը եւ միջազգային հանրության կառուցողական ջանքերին` ուղղված ԼՂՀ-ի ներգրավմանը` այդ կարեւոր տարածաշրջանում հասնելու տևական հակամարտության արդար եւ երկարաժամկետ լուծմանը»: Մեյնը Միացյալ Նահանգների երրորդ նահանգն է, որ նման բանաձև է ընդունել: 2012 թվականի մայիսի 17-ին Ռոդ Այլնդի Ներկայացուցիչների պալատն ընդունել է ԼՂ անկախությունը ճանաչող բանաձև: Իսկ 2012 թվականի օգոստոսի 6-ին Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատն է ընդունել նույնանման որոշում: ԼՂՀ-ն ճանաչել են նաև Լուիզիանայում և Մերիլենդում:

Տպել Տպել