Ինչո՞ւ Օլանդը Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը վերաբերող հայտարարություն արեց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Փարիզի «ԱՅԲ ՖՄ» հայկական ռադիոկայանի տնօրեն Վարդան Գաբրիելյանը

վարդանՓարիզի «ԱՅԲ ՖՄ» հայկական ռադիոկայանի տնօրեն Վարդան Գաբրիելյանը Ֆրանսուա Օլանդի հետ մեկնել է Թուրքիա: Նա Ֆրանսիայի նախագահի գլխավորած պատվիրակության անդամ է: Վ. Գաբրիելյանի հետ զրուցեցինք երեկ, երբ այցելությունը դեռ շարունակվում էր, երբ Ֆ. Օլանդը նոր էր ավարտել Թուրքիայի Գալաթասարայի համալսարան կատարած այցելությունը և պետք է հանդիպեր Հրանտ Դինքի այրի՝ Ռաքել Դինքի հետ: Իսկ Վ. Գաբրիելյանի հետ մեր զրույցը վերաբերում էր Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին Ֆ. Օլանդի արած հայտարարությանը, Ֆրանսիայում Ցեղասպանությունը ժխտող նոր օրինագծի ներկայացմանն ու ֆրանս-թուրքական հարաբերություններին:

– Պարոն Գաբրիելյան, Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը վերաբերող Ֆ. Օլանդի հայտարարությունը բավականին մեծ արձագանք ունեցավ: Թեև Ֆրանսիան աջակցություն է ցուցաբերում հայկական հարցերի դեպքում, բայց նրա այդ հայտարարությունն աննախադեպ էր, քանի որ Թուրքիայում էր արել: Ձեր կարծիքով` Ֆ. Օլանդն ինչո՞ւ Թուրքիայում նման հայտարարություն արեց:

– Ֆ. Օլանդը Հայոց ցեղասպանությանը վերաբերող երկու հայտարարություն արեց՝ Թուրքիայի նախագահի հետ ասուլիսի ժամանակ: Եվ քիչ առաջ Գալաթասարայի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այն, ինչ Փարիզում է ասում` նույնությամբ կասի Թուրքիայում: Եվ պետք է պատմության շուրջ փնտրտուքներ, հետազոտություններ կատարել` իմանալու համար, թե ինչ է պատահել, և դա ընդունել ու ճանաչել: Գալաթասարայում նաև հայտարարեց, թե ճանաչելով պատմության էջերն ու դեպքերը՝ դուք կբարձրանաք ոչ միայն ձեր, այլև մարդկության աչքին: Իսկ Գալաթասարայի համալսարանը ընդունված է որպես Թուրքիայի ազգայնապաշտ կեցվածք ունեցող կենտրոններից մեկը: Եվ այնտեղ նման արտահայտություն անելը շատ զորավոր քայլ է:

– Իսկ Թուրքիայում ինչպե՞ս ընդունեցին Ֆ. Օլանդի այդ հայտարարությունները:

– Բնականաբար, դիվանագիտական և պրոտոկոլային մոտեցումը թույլ չի տալիս, որ հակազդեցություն արտահայտեն: Այդ պատճառով էլ Թուրքիայի նախագահը և պատվիրակության անդամները պարտավոր էին հարգանքով ընդունել իրենց հյուրի խոսքը: Երբ թուրք լրագրողը Ցեղասպանության և Ցեղասպանությունը ժխտող նոր օրինագիծ ներկայացնելու հետ կապված հարց տվեց, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ինչպես նաև բանակի ներկայացուցիչները շրջվեցին և զարմացան՝ հավանաբար իրենց հոգու խորքում բարկացած, թե ինչու նման հարց տրվեց, որովհետև, իսկապես, դա թուրքերի և ֆրանսիացիների համար ցանկալի չէր, քանի որ այդ հանդիպման հիմնական նպատակը երկու երկրների հարաբերությունների բարելավումն ապահովվելն ու տնտեսական զարգացման նոր էջ բացելն էր:

– Իսկ Ձեր կարծիքով` Թուրքիայում ինչո՞ւ Ֆ. Օլանդը նման հայտարարություն արեց: Չէ՞ որ նա գնացել էր ֆրանս-թուրքական տնտեսական հարաբերությունները բարելավելու նպատակով:

– Օլանդն ավելին արեց՝ ոչ միայն Ցեղասպանությանը վերաբերող երկու անգամ հայտարարություն արեց, այլև հանդիպում է նշանակել Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հետ: Իսկ Ցեղասպանության հարցը անընդհատ բարձրացրած մարդու այրու հետ հանդիպելը նշանակում է, որ հակառակ Թուրքիայի հետ առևտրատնտեսական պայմանագրերը կնքելուն, որով Ֆրանսիան շատ շահագրգիռ է, Օլանդն իր դիրքորոշումը և կարծիքը չի փոխել այդ հարցի շուրջ: Եվ խորհրդանշական այս հանդիպման միջոցով թե հայերին, և թե թուրքերին ցույց տվեց, որ Ֆրանսիայի նախագահը հայկական հարցի շուրջ պինդ կեցվածք ունի: Իսկ երբ այդ հարցը հնչեց մամլո ասուլիսի ժամանակ, Ա. Գյուլն ասաց, որ իրենք արդեն դեմառդեմ և ընդլայնված հանդիպումների ժամանակ քննարկել են դա: Դա նշանակում է, որ Օլանդը ձեռնունայն չէր եկել և այդ հարցը պետք է բարձրացներ: Այսինքն` սա Օլանդի բնական կեցվածքն է հայկական հարցի վերաբերյալ:

– Ֆ. Օլանդը կկատարի՞ իր խոստումը և կնախաձեռնի՞ Ցեղասպանությունը ժխտող նոր օրինագծի ներկայացումը:

– Դեռ չի ներկայացվել, սակայն նախագահական պալատը հայ համայնքի ղեկավարության հետ մշտական գործակցության մեջ է: Ի դեպ, առաջին անգամն է, որ նոր օրինագիծ պատրաստելու համար նախագահության և հայ համայնքի միջև նման համագործակցություն է տեղի ունենում: Եվ նկատի ունենալով օրինագծի խնդրահարույց լինելը` անհրաժեշտ է իրավական ճիշտ ձևակերպումներ գտնել: Չմոռանանք, որ մի անգամ Սահմանադրական խորհուրդը մերժեց այդ օրինագծի վավերացումը` այն դեպքում, երբ այն ընդունվել էր թե՛ խորհրդարանում, թե՛ Սենատում: Հիմա բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ նոր օրինագիծ է պատրաստվում: Եվ այդ պատճառով է, որ Օլանդը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե ինքը կիրառելու է իր իրավունքը և իրավունքի լեզվով է խոսելու: Եվ ասեց, որ Եվրամիության 2008թ. «Շրջագիծ» անունն ունեցող որոշումը ԵՄ 28 երկրներին պարտադրում է այդ օրենքը տեղափոխել պետական մակարդակ: Այսինքն` յուրաքանչուր պետություն պարտավոր է այդ օրենքը կիրառել: Իսկ այդ օրենքն ասում է, թե որևէ ցեղասպանության նկատմամբ ժխտողական արտահայտությունը պետք է պատժելի լինի: Օլանդը պարզապես ասաց, որ այդ օրենքը պետք է առաջ քաշենք:

– Ձեր կարծիքով` այս անգամ այդ օրինագիծը կընդունվի՞, թե՞ կարժանանա նախորդի ճակատագրին:

– Եթե հեշտ լիներ, այդ օրինագիծն արդեն ներկայացված կլիներ խորհրդարան: Չի ներկայացվել, քանի որ կան իրավաբանական խնդիրներ: Ինչու այն կրկին Սահմանադրական խորհրդի ճանկերի մեջ դնել, եթե ապահովված չէ տեքստի օրենսդրական և իրավաբանական անխոցելիությունը:

– Բայց չե՞ք կարծում, որ ժամանակ առ ժամանակ տարբեր երկրների ու նաև Ֆրանսիայի կողմից հայերի խնդիրների բարձրացումն ավելի շուտ նախընտրական շրջանում հայկական համայնքների համակրանքը շահելու և ոչ թե խնդրի լուծումն ապահովելոււ նպատակ ունի:

– Կա այդ վարկածը, բայց Օլանդի պարագայում այդպես չէ: Տեղական ընտրությունների ժամանակ որտեղից որ պետք է նա ընտրվեր, հայեր չեն եղել: Այսինքն` նա հայերի աջակցությունը ստանալու խնդիր չի ունեցել: Նա` որպես Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար, 1998թ. ի վեր աշխատել է Ցեղասպանության ճանաչման օրինագծի շուրջ: Իսկ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն անձամբ է ներկայացրել խորհրդարան: Առաջին անգամ այն չքվեարկվեց, որովհետև խորհրդարանի նախագահը օրվա կեսին, երբ արդեն քվեարկության պահն էր, դադարեցրեց քննարկումները: Նա թուրքական լոբբիի ազդեցության տակ փախուստ արեց: Օլանդը 2006-ին այդ օրինագիծը երկրորդ անգամ բերեց խորհրդարան, և այս անգամ այն քվեարկվեց: Բայց այն 5 տարի չքվեարկված մնաց Սենատում: Օլանդի ճիգերով խորհրդարանն ընդունեց, բայց Սենատը, որը Սարկոզիի ձեռքում էր, օրինագիծը 5 տարի փակուղում թողեց:

– Միամիտ կլինի մտածել, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին չէր կարող ազդել Սահմանադրական խորհրդի վրա և վավերացնել տալ այդ օրենքը: Կամ՝ չի բացառվում, որ Սահմանադրական խորհուրդը նրա ազդեցության արդյունքում չի վավերացրել օրինագիծը: Միգուցե Ֆ. Օլանդն էլ այդ կերպ վարվի:

– Ես չեմ կարող առաջնորդվել գուցե-ներով: Եթե մարդիկ ճանաչում են Օլանդին, գիտեն, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա դիրքորոշումն ի սկզբանե եղել է ոչ թե շահադիտական, այլ քաղաքական, մարդկային, և ի վերջո` նա հայ դատի և հայ ժողովրդի պաշտպան անձնավորություն է: Իսկ այն, որ պետական շահերը կարող են այնպես թելադրել, որ օրենքը չքվեարկվի կամ օրակարգ չմտնի, ամեն ինչ հնարավոր է քաղաքականության մեջ: Այդ պատճառով հայ գաղութը և Հայաստանն իրենց աշխատանքն այնպես պետք է տանեն, որ Օլանդը Թուրքիայի հետ իր ակնկալած բազմամիլիարդ ներդրումների արդյունքում չմոռանա հայկական հարցը: Բայց փաստ է, չէ՞, որ Ցեղասպանության հարցին երկու անգամ անդրադառնալով, Ռ. Դինքի հետ հանդիպելով՝ նա Թուրքիայի հողում պատգամ էր փոխանցում: Եվ սա ապացուցում է, որ նա իր խոստումներն իրականացնելու ցանկություն ունի:

– Վերջին իրադարձությունների ու հատկապես իր քաղաքացիական տիկնոջ հետ կապված դեպքերի արդյունքում Ֆ. Օլանդի վարկանիշն ընկել է: Արդյոք այդ հանգամանքը չի՞ վնասի, որ հայկական հարցի հետ կապված նրա նախաձեռնությունները աջակցություն ստանան Ֆրանսիայի հասարակության և պետական մարմինների կողմից:

– Միշտ կարելի է մտածել, որ քաղաքական գործիչը պետք է վարկանիշ ապահովելու մասին մտածի: Բայց դա կարելի է ասել այն մարդու մասին, որ կյանքում երբեք չի զբաղվել հայկական հարցով ու հանկարծ հիմա հիշել է, որ գոյություն ունեն հայեր: Մենք խոսում ենք այն մարդու մասին, ով իր գործունեությամբ միշտ եղել է հայերի կողքին: Կարելի է միշտ էլ կասկածել, դա յուրաքանչյուրի իրավունքն է, բայց նրա պարագայում դրա հիմքերը թույլ են:

– Իսկ այս այցի շրջանակներում Ֆրանսիայի և Թուրքիայի միջև ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:

– Թուրքիայում տարբեր նախարարությունների, բազմաթիվ առևտրական ընկերությունների մակարդակով շատ կարևոր պայմանագրեր են կնքվում: Հայտարարվեց, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները 15 մլրդ դոլարից պետք է հասցնել 20 մլրդ եվրոյի: Սա առևտրատնտեսական հարաբերությունների մեծ պայմանավորվածություն է: Պետք է նշել, որ 2009-2012թթ. Թուրքիայի տնտեսության մեջ Ֆրանսիայի բաժինը 6-ից իջել էր 3 տոկոսի, և Օլանդը ցանկանում է ապահովել նախկին մակարդակը: Ֆինանսատնտեսական այս դժվարին պայմաններում Ֆրանսիայի համար շատ կարևոր է Թուրքիայում ապահովել իր ընկերությունների նման վերելքը: Կա նաև թուրք-ֆրանսիական համագործակցություն երրորդ կողմի երկրների հետ՝ որ միասնաբար ներդրումներ կատարեն այլ շուկաներում: Խոսքը հավանաբար Միջին Արևելքի երկրների մասին է: Եվ այդ նպատակով է, որ Ֆրանսիան ու Թուրքիան սերտ հարաբերություններ ունեն, օրինակ` Սիրիայի հարցի, արևմտյան միջերկրական երկրների շուրջ, որտեղ թե պատմական, թե քաղաքական ու տնտեսական շահեր են հետապնդում:

– Այսինքն` ճիշտ են այն կարծիքները, որ Ֆ. Օլանդն իր այս այցով նաև ցանկանում է, տարածաշրջանում բարձրացնել Ֆրանսիայի քաղաքական և տնտեսական ազդեցությունը:

– Այո՛, Օլանդը այն քաղաքական ուղու վրա է, որը միշտ ունեցել է Ֆրանսիան: Վերջին 100 տարիներին Ֆրանսիան Միջին Արևելքում մեծ դերակատարություն ունեցող երկրներից մեկն է: Չմոռանանք, որ առաջին համաշխարհային պատերազմից հետո ինչ դերակատարություն ունեցավ, չմոռանանք Սիրիայում, Լիբանանում և այլ երկրներում Ֆրանսիայի ունեցած դերակատարությունը: Այնպես որ, այդ բոլորը վերականգնելու ցանկություն կա: Հիմա Ֆրանսիայի` այդ տարածաշրջանում ռազմավարական, տնտեսական և քաղաքական ներկայությունն ու ազդեցությունը ապահովելու պահն է:

Տպել Տպել