ԱԺ ոչ իշխանական ուժերը փետրվարի 3-ին կբարձրացնեն «գազային պայմանագրերի» հարցը

ԱրծվիկԱԺ ոչ իշխանական չորս ուժերը փետրվարի 3-ին ԱԺ–ին կառաջարկեն հրատապ կարգով օրակարգ մտցնել հարց՝ կապված «գազային պայմանագրերի» հետ, առանց փակագծերը բացելու Tert.am-ին ասաց ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։

«Հիմնական նպատակն այն է, որ, ինչպես նախապես հայտարարել էինք, պետք է ամրապնդվեն այն հիմքերը, որոնցով ոչ իշխանական ուժերը մտադիր են Սահմանադրական դատարան դիմել»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք ոչ իշխանական ուժերը փետրվարի 3-ին նախատեսո՞ւմ են Կառավարությանն անվստահություն հայտնել, Արծվիկ Մինասյանը նշեց, թե այդ հարցը փետրվարի 3-ի օրակարգում չկա։ Ըստ նրա, քննարկումներն այդ հարցով շարունակվում են:

«Այդ հարցը քննարկման փուլում է: Ի վերջո, չմոռանանք, որ Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով ցանկացած ժամանակ՝ 44 պատգամավորների ստորագրության պայմաններում, անգամ առանց որևէ հիմնավորման այդ հարցը կարող է հայտնվել օրակարգում»,- նշեց նա:

tert.am

Տպել Տպել