Մեծ շուքով նշվեց Պետրոս (Պետո)Ղևոնդյանի ծննդյան 50-ամյակը

pet-seyԱրցախի հերոս, ազգային-ազատագրական պայքարի մարտիկ Պետրոս (Պետո) Ղևոնդյանը հունվարի 30-ին կդառնար 50 տարեկան: Արցախի հերոսի հոբելյանի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ հուշ-երեկո, որի ընթացքում, հերոսի ընկերները, հարազատներն ու զինակիցները փառաբանեցին Պետոյին` կարևորելով նրա մեծ ներդրումն Արցախի անկախացման գործում:

Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի` Պետոյի գործունեության շնորհիվ մենք այսօր ունենք ազատ և անկախ Հայաստան ու Արցախ, այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարի համոզմամբ` Պետոյի օրինակը պետք է վառ մնա բոլորիս սրտերում, իսկ Պետոներ հայերի մեջ պետք է ծնվեն: «Պետոն անհրաժեշտություն էր մեր ժողովրդի ազատությունն ու անկախությունը ապահովելու համար: Նա մտավ այն անհատականությունների շարքը, ովքեր հայ ժողովրդի ամբողջ պատմության ընթացքում հաղթական երթ են որոշել յուրաքանչյուր ժամանակահատվածի համար: Ինձ համար մեծ պատիվ է, որ ես ճանաչել եմ Պետրոս Ղևոնդյանին, առնչություն եմ ունեցել նրա հետ պատերազմական շրջանում և եղել եմ նրա մարտական ընկերը:Hrant-G1-720x480

«Այսօր մեր Պետոյի, ընկեր Պետոյի ծննդյան 50 -ամյակն է. իսկ այս տարի նրա մահվան 20- րդ տարելիցն է։ Բայց որքան թարմ է մեր հիշողության մեջ նա։ Մեր հիշողության մեջ հաճախ միասին են՝ Պետոն, Կարոտը և Հրաչը: Այժմ երեքն էլ վերածվել են խորհրդանիշի. գերված Կարոտը՝ գերված Շահումյանի ու Գետաշենի, դեռևս պաշտոնապես հերոսի կոչում չստացած, բայց իրա՛վ Հերոս Պետոն՝ հաղթանակած Արցախի, որ իր իրավական հաղթանակին է սպասում, իսկ Հրաչը՝ թշնամուն հաղթած, սակայն զոհ դարձած վատին ու ստորին, պետականության անարդար պայմաններում ու ազգային ինքնուժը մսխող մեր իրականության մէջ»,- իր խոսքն այսպես սկսեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նա նաև ընդգծեց. «Մեր ընկերները՝ Պետոյի, Հրաչի, Թաթուլի, Արթուրի, Վարդանի և մյուս հարյուրավոր մեր նահատակ ընկերների գլխավորությամբ մարտի դուրս եկան, որպեսզի ազատագրեն հայկական հողը, որպեսզի վերջ դնեն հայ ժողովրդի 9-դարյա անկման ընթացքին, որպեսզի հաղթեն անարդարությանը, թշնամուն, որպեսզի այլևս մեզ ոչ ոք ու նաև մենք մեզ չընկալենք իբրև կոտորվող, գաղթող ժողովուրդ, այլ՝ մարտնչող մի ժողովուրդ, որ ընդունակ է հաղթելու իրենից շատ ավելի մեծ ուժին, որ կարող է իր հայրենի գյուղերն ու ավանները ազատագրել, կարող է Արաքսն էլ անցնել ու վերջապես՝ մի օր իրականություն դարձնել Ազատ Անկախ Միացյալ Հայաստանի ազգային երազանքն ու նպատակը»:ergch

«Մենք սովորել ենք հայրենիքին ծառայել անմնացորդ նվիրվածությամբ, մենք ոչ մեկի համար չենք կռվել, այն ինչ արել ենք՝ արել ենք մեր հայրենիքի ու ժողովրդի համար։ Մեր կատարած գործը մեզ արտոնություններ չի տալիս, մենք մեր հպարտությունը սակարկության նյութ չպետք է դարձնենք, մենք ապրում ենք մեր ժողովրդի պես ու նրա հետ միասին պետք է ազատագրվենք բոլոր տեսակի կապանքներից, նրա հետ միասին պետք է բարելավենք մեր կյանքը։ Թող ոչ ոք, խաղաղ այս պայմաններում, չշեղվի այն բարոյական ուղուց, որով Պետոների հետ քայլել ենք միասին, թող ոչ ոք ականջ չկախի հակակուսակցական քարոզչությանը, հակակուսակցականությունը ևս կուսակցականություն է։ Թող ոչ ոք ազատամարտիկների անունը շահարկելով չփորձի նոր կուսակցականություն խաղալ։ Այն դրոշը որ մեզ առաջնորդեց Արցախի ազատագրության, այդ նույն դրոշը մեր երկրում հաստատելու է արդարություն, ազգային պետականություն և բարօրություն։ Փառք բոլոր նահատակներին: Փառք մեր նահատակ ընկերներին: Փառք Պետոյին»,- իր խոսքն ավարտեց Հրանտ Մարգարյանը:

«Պետոն մտավորական ռազմիկ էր: Նա ազատ ժամանակ սիրում էր զրուցել, քննարկել , վերլուծել ազգային, պետական գաղափարական տարաբնույթ հարցեր: Մեր զրույցներից մեկում նա նշել էր, որ եթե կորցնենք Արցախը, կկորցնենք նաև Հայաստանը: «Կկարողանա՞նք դիմակայել, հետ շպրտել թշնամուն, հաղթել նրան: Տղերք, մենք կարող ենք, պետք է լինենք միասնական ու համերաշխ»,-ասում էր Պետոն»,- իր ելույթում նշեց Պետրոս Ղևոնդյանի մարտական ընկեր Իգոր Սարգսյանը:

Երեկոյի ընթացքում Գևորգյան ճեմարանի և «Հովեր» երգչախմբերը, ինչպես նաև մի շարք երգիչ-երգչուհիներ իրենց երգերով հարգանքի տուրք մատուցեցին զոհված հերոսին: Ներկայացվեց նաև տեսաֆիլմ` Պետոյի անցած ուղու վերաբերյալ:

Տպել Տպել