Որոտանը վաճառելու համար քրեական պատասխանատվություն կա

Արծվիկ ՄինասյանԱզգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը «Որոտան ՀԷԿ-երի համալիր» ՓԲ ընկերության վաճառքն իրականացվել է Սահմանադրության և ՀՀ օրենքների շրջանցմամբ։

Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ պատգամավորը ի գիտություն Կառավարությանը և, մասնավորապես, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը՝ հայտարարեց, որ, ի վերջո, չպետք է մոռանալ, որ դրա համար կա համապատասխան քրեական պատասխանատվություն։

«Այդ թեմայով ես շատ հարցեր ունեմ Կառավարությունը, և այդ թեմայով մի քանի անգամ արդեն հնչեցվել են հարցեր, որոնց տրված պատասխաններն այսօր արդեն հերքում են փաստերը։ Մեկ անգամ հարց տվեցի՝ առանց սեփականաշնորհման ցանկում ընդգրկելու ո՞վ է իրավունք վերապահել վաճառել։ Պատասխանվեց, որ վաճառքի մասին խոսք չկա, ընդամենը բանակցություններ են։ Երկրորդ անգամ հարցս հնչեց, թե ինչու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում վաճառքի մասին համաձայնության հարցը։ Նորից հնչեց պատասխան, որ չկա նման բան, մենք ընդամենը նախնական համաձայնություն ենք փորձել ստանալ»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Իսկ արդեն վերջին գործողությամբ, ըստ նրա, շրջանցվում են ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները։ «Սահմանադրության համաձայն՝ Կառավարությունն իրավունք ունի կառավարել պետական սեփականությունը, բայց ոչ տնօրինել։ Տնօրինման բացառիկ իրավունքը վերապահված է օրենսդիր մարմնին, և քանի դեռ նման համաձայնագրերը չեն բերվել ԱԺ, չեն կարող օրինական ուժ ստանալ, առավել ևս, երբ խոսքը գնում է ծրագրից հանված վաճառքի մասին»,- ընդգծեց նա և ավելացրեց, թե սա գործարք է, որի մանրամասնությունները ԱԺ-ում միանշանակ պետք է քննարկման առարկա դառնան, ինչպես նաև քննվեն Կառավարության լիազորությունների, իրավասությունների և մասնագիտական գնահատականների հարցերը, ինչպես նաև գինն ու վաճառքի փակ ընթացքը։

Ինչ վերաբերում է նրան, որ գնորդն այս անգամ ոչ թե ռուսներն են, այլ ամերիկացիները, Արծվիկ Մինասյանը նշեց, թե իր համար տվյալ դեպքում սեփականատերն այդքան կարևոր չէ, որքան իրականացման ձևն ու նպատակադրումը։ «Ի վերջո, չմոռանանք, որ Որոտանը 405 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-երի համակարգ է, որը գրեթե կես ատոմակայան է, և պետական այդ հսկայական սեփականությունը օտարելու, մասնավորեցնելու համար հստակ նպատակ է պետք, և սա պետք է դիտարկել Հայաստանի էներգետիկ անվտանգության մաս»,- նշեց նա։

Իսկ թե որքանով են օրինական Կառավարության և տվյալ դեպքում Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գործողությունները, ըստ Արծվիկ Մինասյանի, վաղ թե ուշ կբացահայտվի. «Ի վերջո, չմոռանանք, որ դրա համար կա համապատասխան քրեական պատասխանատվություն՝ անարդյունավետ գործարքի և օրենքների պահանջների խախտմամբ ձեռք բերված խախտումների իրականացման համար»։

tert.am

Տպել Տպել