ԱԺ 4 խմբակցությունները շրջանառության մեջ են դնելու գազի 300 մլն պարտքին վերաբերող ԱԺ որոշման նախագիծ

ՀՅԴ խմբակցությունԱզգային ժողովի 4 ոչ իշխանական խմբակցությունները գարնանային նստաշրջանի մեկնարկը ԱԺ քարտուղարություն կհանձնեն 44 և ավելի ստորագրությամբ ԱԺ որոշման նախագիծ, որում ներառված կլինեն հարցեր, թե որտեղից, ինչ պայմաններում է գոյացել 300 միլիոն դոլարի պարտքը, որի մասին հայտնի դարձավ միայն այսպես կոչված «գազային» պայմանագրերի վավերացումից հետո:

Հարցապնդումները վերաբերում են, առհասարակ, սկանդալային պայմանագրերի բոլոր մանրամասներին: Այս մասին Tert.am-ին հայտնի դարձավ ԱԺ ոչ իշխանական խմբակցություններից:

Համաձայն «ԱԺ-կանոնակարգ-օրենքի»՝ եթե քառօրյայի սկզբում, մինչև նստաշրջանի սկիզբը հավաքվում են 44 ստորագրությունները և հանձնվում ԱԺ քարտուղարություն, իմպերատիվ կերպով հարցը մտնում է քննարկման՝ անկախ նրանից, թե խորհրդարանական մեծամասնությունը բոյկոտո՞ւմ, թե չի բոյկոտում տվյալ նիստը:

Ինչը նշանակում է, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կա՛մ երկուշաբթի կա՛մ երեքշաբթի այդ հարցը պետք է, անպայման, դնի քննարկման:

Հիշեցնենք, որ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը, որոնք օրինակ՝ «Կուտակային կենսաթոշակային օրենքի» մի շարք դրույթների հակասահմանադրականության հարցով դիմել են Սահմանադրական դատարան, երկմտում են «գազային» պայմանագրերի հարցով ՍԴ դիմելու հարցում՝ ելնելով մի շարք նկատառումներից:

Ավելի գերիշխող է տեսակետը, որ չարժե նշված հարցով ՍԴ դիմել, քանի որ այդ կերպ նրանք հաջորդ իշխանությունների համար հնարավորություն կստեղծեն խայտառակ այդ պրոցեսը հետ շրջել մի կողմից, և մյուս կողմից՝ եթե երկրի դատական բարձրագույն ատյանը վերջնական որոշում է կայացնում՝ հայտարարելով, որ սկանդալային համաձայնագրերի քվեարկությունը օրինական է, էապես թուլանում է հետագայում հայ-ռուսական համաձայնագրերը վիճարկելու հնարավորությունը։

Մեր տեղեկություններով՝ ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունները այս ընթացակարգով յուրաքանչյուր քառօրյայի սկզբին շրջանառության մեջ են դնելու մի որոշման նախագիծ:

tert.am

Տպել Տպել