Թուրքական արխիվները հաստատում են Ցեղասպանության փաստը

KIRO-MANOYAN2Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա այցելության ժամանակ կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իր հերթին` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան պատմաբանների համար բացել է արխիվները, ավելին` պատմաբանների աշխատանքը հնարավորինս դյուրացնելու համար օրենքներ են փոխվել:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախագահի խոսքում երկու հարց կա. ճիշտ է, որ արխիվները բացված են, արդեն կան ուսումնասիրություններ, առավելաբար` դրսի մասնագետների կողմից, ովքեր, հենց այդ արխիվների վրա հիմնվելով, փաստում են, որ որ տեղի է ունեցել Ցեղասպանություն, դրա համար էլ, եթե ինքը հավատում է իր արխիվներին, ուրեմն պետք է անդրադառնա նաև դրան` Ցեղասպանության փաստը հաստատվում է հենց իրենց արխիվների առկայությամբ:

Մյուս կողմից, ըստ Մանոյանի, դեռևս կան բազմաթիվ արխիվներ, որ չեն բացվել և պետք է բացվեն:

«Գյուլի ասածը պատասխանն է նախագահ Օլանդի ասածին: Օլանդն ասում էր` պետք է ընդունել հիշողությունը, հաշտվել հիշողության հետ, իսկ Գյուլն ասաց, որ հիշողությունը սերնդեսերունդ պետք է փոխանցել, պետք է պատմաբաններով հարցը լուծել: Սա առայսօր Թուրքիայի պետության քաղաքականությունն է. ասում է` հարցը պետք է պատմաբաններին փոխանցել: Եթե նույնիսկ այդպես է, իրենց արխիվներով էլ հաստատվում է Ցեղասպանությունը, իրենք չեն ուզում հիշել, ընդունել իրականությունը, իրենք հենց Թուրքիայի ժողովրդին զրկում են պատմությունը ճանաչելու հնարավորությունից, որովհետև իրենք ժխտում են իրականությունը»,- ասաց նա:

Դիտարկմանը` մտահոգիչ չէ՞ արդյոք, որ Օլանդը Թուրքիայում արած հայտարարություններով փորձ է արել իր վարկանիշը բարձրացնել, Ցեղասպանության հարցը իր ընտրական նպատակներին ծառայեցնել, Մանոյանը նկատեց` ցանկացած քաղաքական գործիչ մտածում է իր վերընտրվելու մասին, եթե վերընտրվելու նպատակով ինչ-որ բան է անում, ուրեմն` վատ բան է անո՞ւմ:

Անդրադառնալով Թուրքիայում նախագահ Օլանդի հնչեցրած հայտարարությանը, թե Ֆրանսիան մտադիր է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ մշակել, Մանոյանը դժվարացավ նոր օրինագծի մշակման կոնկրետ ժամկետներ նշել, սակայն ասաց, որ չի կարծում, թե դա Ցեղասպանության հարյուրամյա տարելիցից այն կողմ ձգձգվի: «Չեմ կարծում, որ 2015-ից էլ այն կողմ կհասնի, բայց թե երբ կընդունվի` չեմ կարող ասել: Հայ համայնքն այստեղ գործ ունի անելու և անում է, բայց միայն հայ համայնքը չէ, որ անելիք ունի: Նաև պետք է հիշենք. 2012-ին, երբ օրենքը որդեգրվեց Ֆրանսիայում, Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ սա պատմական կարևոր իրադարձություն է, ուրեմն կարծում եմ` Հայաստանի իշխանություններն էլ այստեղ անելիք ունեն»,- ասաց նա:

Հայկանուշ Թորոսյան

1in.am

Տպել Տպել