Լիբանանահայերը խանդավառված են այդ երկիր հայ խաղաղապահների գործուղմամբ

ՇահանՀայաստանն ակնկալում է ՄԱԿ-ի Յունիֆիլ խաղաղապահ առաքելության կազմում Լիբանան գործուղել մեկ դասակ:

Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ որոշմանը միանշանակ գնահատական տալը դեռևս վաղ է, սակայն դա արդեն բանակցությունների առարկա է:

«Արդեն շուրջ մի տարի է, գուցե մի քիչ պակաս, որ այս բանակցությունները վարվում էին հայկական կողմի և միջազգային խաղաղապահ ուժերի հրամանատարությունը ստանձնած իտալական կողմի միջև: Կարծում եմ` միջազգային խաղաղապահ ուժերի կամ նման միջազգային կառույցների հայկական ներգրավվածությունը որոշակի առումով օրինաչափ է: Իհարկե, սա ևս պետք է դիտարկել ընդհանրապես միջազգային ընտանիքի, միջազգային կազմակերպությունների և կառույցներին հայկական կողմի ներգրավվածության համատեքստում:

Կարծում եմ` այս պահին պետք է նորմալ ընկալել քայլը, անհանգստության տեղիք տալու որևէ խնդիր չկա այստեղ: Սա, ինչպես ասացի, նորություն չէ: Ակնկալվում է, որ որոշումն ի վերջո կլինի: Չմոռանանք, որ միջազգային խաղաղապահ ուժեր Լիբանանում տեղակայելու որոշումից հետո առաջին անգամ նաև Թուրքիան էր ինքնառաջադրվել` մաս կազմելու»,- ասաց նա:

Գանտահարյանը նշեց, որ առաջին րոպեից, երբ Լիբանանի և Իսրայելի պատերազմից հետո միջազգային ընտանիքը որոշեց խաղաղապահ ուժեր ուղարկել, Թուրքիայի ինքնառաջադրումը դիտարկվում էր նաև ընդհանրապես տարածաշրջանում թուրքական գործոնի աշխուժացման ընդհանուր համատեքստում, բայց պետք է ասել, որ վերջերս Թուրքիան արդեն իր զորքերը վերադարձրեց, այսինքն` այժմ այնտեղ թուրքական զորամիավորում չկա խաղաղապահ ուժերում:

Նրա խոսքով` ընդհանրապես տարածաշրջանում նախկին աշխուժությունը չկա, չի երևում թուրքական գործոնը, ընդ որում՝ նաև Լիբանանում, չկա ընդհանուր համակրանքը, որ ալիքավորվել էր, բարձրացել էր Անկարայի նկատմամբ: Այսօր նույն պատկերը չէ:

Գանտահարյանը կարծիք հայտնեց, որ այս պահի դրությամբ պիտի նորմալ ընկալել ինչպես տարբեր երկրներում, այնպես էլ այնտեղ` Լիբանանում, հայկական դասակի տեղակայումը: «Միջազգային խաղաղապահ ուժերը որևէ կոնֆլիկտային հարաբերության մեջ չեն քաղաքական ուժերի հետ: Այդ գոտում մեկ-մեկ լինում են որոշ միջադեպեր, բայց ասել, որ միջազգային ուժերը թիրախավորված են այս կամ այն կողմից՝ ճիշտ չի լինի. որևէ ձևով այդ մարտերին նրանք չեն մասնակցում, միջազգային որոշումն են իրականացնում, և լիբանանյան կողմը, այսինքն` պաշտոնական Բեյրութը, համաձայնություն է տվել դրան: Ուրեմն այդտեղ արտաքին միջամտության կամ պաշտոնական Բեյրութի շրջանցումով չի այդ որոշումը. սա դիտարկվում է իբրև խաղաղապահ ուժերի ներկայություն, ասենք, Լիբանանի և Իսրայելի սահմանում:

Ես կարծում եմ, որ բացասական բան չկա այստեղ, նորմալ կընկալվի բոլորի կողմից: Այո, չասեմ` դրական կամ բացասական, հանգիստ, նորմալ է ընկալվում»,- ասաց նա:

ՀակոբԲԼիբանանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ անդամ Հակոբ Բագրատունին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր վերաբերմունքը այս որոշմանը դրական է: «Սա ոչ միայն օգտակար է, այլև պետք է ասել, որ ուժերի հավասարակշռության մեջ կարևոր քայլ է ՀՀ կողմից: Սա առաջին անգամ չէ, սրանից առաջ էլ մի խումբ էր ուղարկված:

Պետք է ասել, որ երբ թուրքական զորախումբ եկավ մասնակցելու ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերում, դա լուրջ մտահոգություն էր մեզ համար, սակայն այս ուժերը քաշվել են Լիբանանից, և հիմա հակառակը, մեզ համար օգտակար քայլ ենք համարում սա: Ոչ թե Լիբանանի հայության համար, այլ Հայաստանի միջինարևելյան քաղաքականության: Մենք, իբրև խաղաղապահ ուժ, իբրև խաղաղությանը հավատացող երկիր, տեսնում ենք, որ Լիբանանում խաղաղության պահպանման համար կարևոր քայլ է արվում»,- ասաց նա:

Բագրատունու խոսքով` Հայաստանն աշխարհում կդիտարկվի իբրև խաղաղության համար պայքարող երկիր, և սա օգտակար ու կարևոր քայլ է մեր երկրի կողմից:

«Հըզբոլլահ»-ՀՅԴ հարաբերություններն այս որոշման հետևանքով չեն կարող վտանգվել: Պատգամավորը նկատեց` «Հըզբոլլահն» ինքը նաև համաձայն է եղել խաղաղապահ ուժերի ներկայությանը, «Հըզբոլլահի» և ՀՅԴ միջև խնդիր տեսնելը ճիշտ չէ: Փաստորեն, սա Հայաստանի պետության որոշումն է:

«Մենք հարգում ենք այդ որոշումը: Եթե սրանից առաջ թուրքական ուժերին ընդունեցին, որ մասնակցեն այս խաղաղապահ առաքելությանը, համարվեց, որ Թուրքիան խաղաղության ձգտող է: Ինչ վերաբերում է Հայաստանին, մեզնից որևէ քաղաքական ուժ չի կարող դեմ լինել նման քայլի: Լիբանանի համայնքը այս հարցի կապակցությամբ նույն դիրքորոշումն ունի, ինչպես ցանկացած քայլի դեպքում, որ հայոց պետությունը կատարում է ի նպաստ խաղաղության և ի նպաստ Հայաստանի պետության ամրակայման»,- ասաց նա:

Հայկանուշ Թորոսյան

1in.am

Տպել Տպել