Հունահայ համայնքը Շվեյցարիայի դեսպանին է փոխանցել մտահոգությունը Փերինչեքի գործի կապակցությամբ

anc-gr-logoՀունահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ Հունաստանում Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգին են փոխանցել Շվեյցարիայի կառավարությանը հասցեագրված հունահայության նամակ-խնդրագիրը` ներկայացնելով թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով ՄԻԵԴ որոշման կապակցությամբ հայության մտահոգությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Աթենքում լույս տեսնող «Ազատ օր» թերթի խմբագրությունից, թեմակալ առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաճյանը, հունահայոց ազգային վարչության ատենապետ Ստեփան Փափազյանն ու ՀՅԴ «Հայ դատի» հանձնախմբի ներկայացուցիչ Հակոբ Ավագյանը հանդիպմանը շեշտել են, որ ՄԻԵԴ որոշումը բավարար հիմքեր չունի եւ միաձայն չի կայացվել: Հունահայ համայնքի ներկայացուցիչները նշել են, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պետք է թույլ չտալ ժխտողականության հաղթարշավը, որը նոր ոգեւորություն կառաջացնի ուրացողների մոտ:

Դեսպան Լորենցո Ամբերգն էլ հայտնել է, որ քաջատեղյակ է հարցի էությանն ու խոստացել է նամակը փոխանցել իր երկրի կառավարությանը: Լորենցո Ամբերգը խոստովանել է, որ լավ է ճանաչում Հայաստանն ու հայությունը, քանի որ անցյալում պաշտոնավարել է որպես Շվեցարիայի դեսպան Վրաստանում և Հայաստանում: Հանդիպմանը դեսպան Ամբերգը հետաքրքրվել է նաև սիրիահայ գաղութի ներկա իրավիճակով:

Եվրոպայի հայկական համայնքները հանդիպում են իրենց երկրներում Շվեյցարիայի դեսպաններին ու փոխանցում համայնքի դժգոհությունը: Այդ ամենը դեսպանները փոխանցում են ԱԳ նախարարություն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ, Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցը: 2008 թվականին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետև ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Եվրոդատարանը Փերինչեքի հայցի բավարարումը հիմնավորել է նրանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները

Տպել Տպել