Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը միայն օգուտ կբերի գործին

Աղվան1ԱԺ նախագահի ելույթը հույս ներշնչեց, որ քաղաքական մեծամասնությունը ցանկանում է հարցեր լուծել, բայց վերջին կես ժամվա ընթացքում տեսնում ենք միանգամայն հակառակ պատկերը. այսօր ԱԺ նիստում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ քննարկվում է Դաշնակցության ներկայացրած առաջարկը՝ ստեղծել «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով, իսկ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը բացասական եզրակացություն էր տվել այդ առաջարկին:

«Յան տվեք, մեր խմբակցությանը քաղաքական շահարկումը չի վերաբերում: Մոռացեք, մենք քաղաքական շահարկում անող չենք: Մենք ուզում ենք անել մի բան, որը կօգնի գործին` ինչ անել, որ գործարանը աշխատի: Ուրիշ նպատակ մենք չունենք»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նա նշեց, որ «Նաիրիտ»-ի գոյության բոլոր տարիները շղթայակապ մի պատություն է՝ օֆշորների, պարտքերի ու վարկերի, որը քաղաքական մեծամասնությունը չի ուզում տեսնել: Նա ներկայացրեց «Նաիրիտ»-ի հետ կապված բոլոր այն անօրինական փաստերը, որոնք այսօր ուսումնասիրման կարիք ունեն: Պատգամավորը նշեց, որ այդ հարցերի ուսումնասիրումը կապ չունի «Ռոսնեֆթ» ընկերության հետ, հակառակը` այդ հարցերի պարզաբանումները կօգնեն այդ ընկերությանը:

«Այսօր իրանական մի ընկերություն մտել է դատարան՝ պահանջելով, որ «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչվի: Եվ եթե սնանկ ճանաչվեց, մոռացեք այդ բոլոր պատմությունները: Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը միայն օգուտ կբերի գործին, ես դա երաշխավորում եմ»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Տպել Տպել