«Նաիրիտ»-ի Հարցով հանձնաժողով չի ստեղծվի

ԱրծվիկԵրեկ ԱԺ-ն 44 կողմ 55 դեմ եւ 1 ձեռնպահ քվեարկությամբ մերժեց Նաիրիտ գործարանի խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ խմբակցության նախաձեռնությունը: Քվեարկությունից առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, սակայն դա էլ չփրկեց իրավիճակը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկում նախաձեռնությանը:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանից պարզել խմբակցության հետագա քայլերը:

-Պարոն Մինասյան, փաստորեն «Նաիրիտ» – ի հարցով հանձանաժողով ստեղծելու Ձեր նախաձառնությունը ՀՀԿ-ականները տապալեցին: Որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը:

-Առաջիկա շաբաթում մենք կկոնկրետացնենք՝ որտե՞ղ եւ ե՞րբ պետք է անցկացնենք հանրային մասնագիտական քննարկում, ներգրավելով թե՛ գիտական ոլորտի ներկայացուցիչներին, թե՛ պրոֆեսիոնալներին՝ «Նաիրիտ»- ի գործով մասնագետներին: Հնարավորություն պետք է տանք այս հարցը դարձնել ավելի լայն քննարկման առարկա, ինչը, մեր կարծիքով, կստիպի իշխանություններին վերանայել իրենց այս կեցվածքը: Բնականաբար, այսօր մենք կարեւորում ենք ՙՆաիրիտ՚-ի ճակատագրի որոշման հարցում պետական իշխանությունների, բոլոր մարմինների մասնակցության հնարավորությունը:

-Իսկ ՀՅԴ խմբակցությունը նման պատասխան չէ՞ր ակնկալում ՀՀԿ խմբակցությունից:

-Սպասելի էր, երբ հանձնաժողովում քննարկման արդյունքում փորձ էր արվում ներկայացնել որոշակի պատճառներ, որոնք մեր գնահատմամբª որեւէ առնչություն չունեն մեր բարձրացրած հարցերի հետ: Այդ թվում, թե՛ «Ռոստնեֆտ» ի կողմից կատարվող հնարավոր ներդրումները, թե՛ նոր գործարանի կառուցումը, ինչպես նաեւ մի շարք փաստարկներ, որոնք կարող էին խոչընդոտ հանդիսանալ այլ ներդրողների կողմից ՙՆաիրիտ՚-ի նկատմամբ հետաքրքրությունը շահելու առումով: Մենք գտնում ենք ու համոզված ենք, որ ցանկացած ներդրող ավելի շատ ինֆորմացիա ունի ՙՆաիրիտ՚-ի մասին, քան պառլամենտի պատգամավորները կամ քաղաքացիները, որոնք զբաղվում են այդ հարցով:

-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե Դուք պետք է դիմեք ՀՀ իրավապահ մարմիններին, որպեսզի կարողանանք բացահայտել իրական մեղավորներին: Գուցե ականջալո՞ւր լինեք նրա կոչին:

-Վարդան Այվազյանի խոսքն ինձ համար ոչ օրենք է եւ ոչ էլ ուղղություն, առավել եւս, երբ փաստարկ ենք բերում ու ասում, որ հետքաննող լրագրողների կատարած ուսումնասիրությունների հիման վրա դատախազությունը մերժել է քրեական գործի հարուցումը: Մարդկանց թվում է, թե եթե պատգամավորը դիմեց` անպայման ընդունելու են: Ինչ տարբերություն, սա պարզ մի խնդիր է , որը ցույց է տալիս, թե իրավապահ համակարգը պատրաստ չէ հարցին ընթացք տալու: Իսկ հանձնաժողովի նպատակը նաեւ դա պետք է լիներ: Բայց եթե իրենք շատ են ուզում, մենք կպատրաստենք մի դիմում ու իրենց ստորագրելուց հետո այն կուղարկենք իրավապահ մարմիններին:

zhoghovurd.am

Տպել Տպել