Մարտի 1-ի քաղաքական էջը փակելու ժամանակն է

Աղվան1«Գազի հետ կապված մենք ունեինք մի իրավիճակ, որ քաղաքական մեծամասնությունն էլ գիտակցեց, այդտեղ խնդիրներ կան և որ պետք է գտնվեն այնպիսի մեխանիզմներ, որ ապագայում մենք կարողանանք խուսափել նման խնդիրներից: Այնպես որ կարևոր է, որ կա խնդիր, որը պետք է փորձենք հասկանալ ու գնահատել և ոչ թե այն, թե ում կողմից է դա առաջարկվել ու ստեղծվել»,- այսօր, փետրվարի 28-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամին, լրագրողներին հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Ինչ վերաբերում է «Նաիրիտ»-ի հարցերով հանձնաժողովի ստեղծման իրենց նախագծի մերժմանը, ապա ըստ պատգամավորի գործարանի շուրջ ստեղծված խնդիրները համապատասխան հանձնաժողովում քննարկելը ամենևին էլ չէր խանգարի «Ռոսնեֆտ»-ի հետ բանակցություններին, ինչպես պատճառաբանեց կառավարությունն ու մեծամասնությունը, այլ հակառակը. «Խոստացան, որ «Նաիրիտ»-ի հարցը կքննարկվի աշնանը, բայց մեր մտահոգությունները շատ են այս ժամկետի առումով` չքայքայվի մասնագիտական կազմը, սնանկ չհայտարարվի…. Մենք մտածում ենք, որ անգամ եթե ԱԺ-ն չգնաց հանձնաժողովի ձևավորմանը, բայց դատախազությունը պետք է զբաղվի այս խնդրով: Իսկ մենք պատրաստվում ենք հրապարակային քննարկում անել, հրավիրելով ոլորտի մասնագետների, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվել «Նաիրիտ»-ի հետ անցած տարիներին»:

Մարտի 1-ի մասով. «Ես գտնում եմ, որ քաղաքական էջը փակելու ժամանակն է: Զոհերի հարազատները պետք է աջակցություն ստանան»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք կիսում է այն կարծիքը, որ մինչև իշխանափոխություն չլինի, մարտիմեկյան իրադարձությունները չեն բացահայտվի, Աղվան Վարդանյանն ասել է, որ մարտի մեկի գործում բացահայտված չէ միայն այն, թե ովքեր են պատասխանատու սպանությունների համար, մնացածը բոլորիս աչքի առաջ է եղել:

«Որ ոստիկանի զենքից կոնկրետ ով է զոհվել, սա է հարցը: Սրա համար իշխանափոխություն… սա կապել իշխանափոխության հետ…. պետք է առավելագույնն անենք և մենք կողմ ենք դրան, որ բացահայտվեն սպանողներն ու աջակցություն ցուցաբերվի զոհվածների ընտանիքներին»,- ընդգծել է դաշնակցական գործիչը:

Տպել Տպել