Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալության արշավ է սկսել Ցեղապսանությունից փրկված հայերին օգնելու համար

ANCAԱմերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ արշավ է սկսել՝ ի պատիվ «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպության, որը մոբիլիզացրել է ամերիկացիներին և փրկել է հարյուր հազարավոր որբերի և ցեղասպանությունը վերապրածների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայ դատի հանձնախմբից, «Շնորհակալ ենք Ամերիկա: Հայկական տուրք Մերձավոր Արևելքի օգնությանը» խորագրով արշավը շարժում է, որի նպատակն է գնահատել Հայոց Ցեղասպանության տարիներին և դրանից հետո (1915-1923) հետո ամերիկացի ժողովրդի ջանքերը հայ ժողովրդին օգնելու համար, ինչպես նաև կարևորել «Մերձավոր Արևելլքի օգնություն» կազմակերպության ջանքերը, որը կարողացել է փրկել Ցեղասպանությունը վերապրած հարյուր հազարավոր տղամարդկանց, կանանց և երեխաների:

Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները հայտարարել են, որ արշավը նվիրված է «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպության խաղացած դերի մասին բարձրաձայնելուն, որի առաքելությունն է օգնել դժբախտներին, ինչպես նաև, բարձրաձայնել կազմակերպության՝ ամերիկացիներին մեկ նպատակի շուրջ համախմբելու կարևորագույն ունակության մասին՝ այն է օգնել Հայոց ցեղասպանությունը վերապրածներին:

Շարժման ընթացքում բազմաթիվ միջոցառումների անցկացման եղանակով կնշվի «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպության հարյուրամյակը, ինչպես նաև երախտագիտություն կհայտնվի ամերիկացի ժողովրդին, որը շարունակում է ամենաառատաձեռն ազգը լինելու ավանդույթը: Նշվում է, որ շատ ամերիկահայեր հենց այն մարդկանց սերունդներն են, ովքեր փրկվել են Ցեղասպանությունից` «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպության ջանքերով:

«Մենք՝ որպես հանձնախումբ և Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին պատրաստվող ազգ, չենք կարող չգնահատել «Մերձավոր Արևելքի օգնության» կարևոր դերը սարսափելի ողբերգության տուժածներին օգնելու, ինչպես նաև հայ ազգի գոյությունն ապահովելու գործում»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի համանախագահ Վաննա Կիթսինյանը:

«Այս արշավի միջոցով մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ամերիկացիներին` հայ ժողովրդին ցուցաբերած օգնության համար: Մենք շնորհակալ ենք, Ամերիկա»,- ասել է Ամերիկայի Հայ դատի մեկ այլ հանձնախմբի համանախագահ Հերմինե Փաքանյանցը:

Քանի որ ԱՄՆ-ում արագորեն տարածվում էին Հայոց ցեղասպանության մասին սարսափելի լուրերը, երկրի նախագահ Վուդրո Վիլսոնը 1915թ. սեպտեմբերին Կոնգրեսին կոչ արեց արագացնել Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցող ջարդերից տուժածներին օգնությունը: Այսպես էլ ձևավորվել է «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպությունը, որը կարողացավ համախմբել ամերիկացիներին` Ցեղասպանությունից փրկված հայերին օգնելու համար:

«Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպության ջանքերով մի շարք որբանոցներ են ստեղծվել և գործում են Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, ինչպես նաև Հայաստանում, որոնք հոգ են տարել Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր որբերի:

armenpress.am

Տպել Տպել