Այդ ինչպե՞ս եղավ, որ մի քանի հեռուստաընկերությունների շահը որոշեցին ներկայացնել որպես բոլոր հեռուստաընկերությունների շահ

արծվիկԱյսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ ԱԺ-ն պետք է հետևողական լինի իր իսկ կողմից ընդունված օրենքների կատարման հարցում:

Մասնավորապես՝ ցանկացած օրենք ենթակա է ազդեցության գնահատման, որի պատասխանատուն կառավարությունն է կամ նրա կողմից լիազորված մարմինը: Հիշեցնենք, որ օրինագիծը հեղինակած մի խումբ պատգամավորներ առաջարկում են զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թույլատրել թունդ ալկոհոլային խմիչնքների գովազդը` ժամը 22:00-ից մինչև 06:00-ն:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս օրենքի քննարկման փուլում բացակայում է օրենքի ազդեցության գնահատականը:

Ավելին` կառավարության նիստերից մեկում արվել է փորձ՝ տալ ազդեցության գնահատական, որը բացասական էր և ցույց էր տալիս, թե որքան բացասական հետևանքներ կունենա այս օրենքը: «Հարգելի’ ԱԺ նախագահ, այս օրինագծի քննարկումը ներկա պահին թերի է, որովհետև բացակայում է ազդեցության գնահատականը»,- ասաց պատգամավորը:

Հանրային քաղաքականության փոփոխության առումով պատգամավորը նշեց, որ 2002թ. այդ օրենքում սահմանափակումներ արվեցին, որը համարվեց առաջադեմ քայլ, և Հանրապետական կուսակցությունը նույն ոգևորությամբ պաշտպանում էր սահմանափակումները՝ ի շահ հանրային առողջության: Այդ ժամանակ նույնպիսի ոգևորությամբ Հանրապետական կուսակցությունը ներկայացնում էր նաև բոլոր հեռուստաընկերությունների միասնական կարծիքը, որոնք պատրաստ էին վնաս կրել: «Այսինքն` այն ժամանակ հեռուստաընկերությունները միասնական կարծիք են հայտնել: Այդ ինչպե՞ս եղավ, որ մեր որոշ գործընկերներ մի քանի հեռուստաընկերությունների շահը որոշեցին ներկայացնել որպես բոլոր հեռուստաընկերությունների շահ: Քննարկե՞լ եք: Հանրային քննարկում անցե՞լ է այս օրենքը: Իհարկե` ոչ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա նաև նշեց, որ այս օրենքի հիմնական շահառուներն են ներկրող-իրացնողը և հեռուստատեսություն-գովազդողը: Ըստ պատգամավորի` օրենքի հեղինակները չեն կարողանում ապացուցել հանրային շահը:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ հեռուստաընկերությունների ֆինանսավորման տարբեր սխեմաներ կան, և պարտադիր չէ վատ ազդեցության գնահատական ստացած օրենք ընդունել` որոշ հեռուստաընկերությունների ֆինանսական խնդիրները լուծելու համար: «Այս նախագիծը հակասում է ոչ միայն հանրային շահին, այլ նաև տեղական արտադրողի շահին: Մի քանի անձանց շահերի համար նման նախագիծ ե՞ն ընդունում, բայց այդտեղ հանրության շահ չկա, եթե ցույց տաք հանրային շահ, ես ներողություն կխնդրեմ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ինքը դեմ է քվեարկելու այդ օրինագծին:

yerkir.am

Տպել Տպել