Չգիտեմ` պարոն Շարմազանովը հիշո՞ւմ է, թե՞ ոչ

Աղվան1ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ եթե ոչ իշխանական չորս ուժերի միջեւ կոնսուլտացիաները շարունակվեն, «գուցե չի բացառվում, որ առաջին քայլերը կատարեն դեպի ամերիկյան մոդելը, որտեղ կա երկու ազդեցիկ կուսակցություն՝ ամերիկյան դեմոկրատներ ու հանրապետականներ»: «Դե, մեզ մոտ արդեն Հանրապետականը մի բևեռ է»,- ասել է Շարմազանովը` չբացառելով, որ երկրորդ բևեռը կկազմեն մյուս կուսակցությունները` «օրինակ՝ եթե ՀԱԿ-ը, գուցե «Ժառանգություն»-ը կամ ՀՅԴ-ն միանան ԲՀԿ-ի հետ»:

Շարմազանովի այս հայտարարությունը Yerkir.am-ի խնդրանքով մեկնաբանել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Ցավոք, քաղաքական ազդեցիկ ուժերը չեն ձեւավորվում պարոն Շարմազանովի ցանկություններով: Նորմալ ժողովրդավարական երկրներում ժողովրդի կամաարտահայտությամբ են կուսակցությունները ստանում իրենց կշիռը, եւ ես վստահ չեմ` եթե Հայաստանում իսկապես արդար, ժողովրդի կամաարտահայտությամբ ընտրություններ լինեն, ՀՀԿ-ն ազդեցիկ ուժ կլինի՞: Մինչ այժմ նման ընտրություններ Հայաստանում, ցավոք, չեն եղել:

Երկրորդ` ես չեմ տեսնում, թե պարոն Շարմազանովը որտեղ է տեղավորում իրենց կոալիցիոն գործընկերոջը` ՕԵԿ-ին:

Երրորդ` ես շատ լավ հիշում եմ, որ 1990-ականների սկզբին ՀՀԿ-ն լրջորեն քննարկում էր ՀՅԴ-ի մեջ մտնելու տարբերակը, ինչ-ինչ փոքր խնդիրներ այդ ժամանակ խանգարեցին: Չգիտեմ` պարոն Շարմազանովը հիշո՞ւմ է այդ օրերը, թե՞ ոչ:

Եվ վերջում` ես վստահ եմ, իհարկե, որ պարոն Շարմազանովը հրաշալի գիտի եւ գիտակցում է, որ ՀՅԴ-ն եղել եւ մնալու է ինքնուրույն ազդեցիկ կուսակցություն եւ որեւէ մեկի հետ չի միավորվելու: Ես կարծում եմ` այս հարցերի պատասխանները առաջիկա տարիներին շատ ավելի հստակ կլինեն»,- հայտարարեց Վարդանյանը:

Տպել Տպել