Չորս խորհրդարանական ուժերի համար առաջնորդի ընտրությունը առաջնային հարց չէ

աղվան1Չգիտեմ՝ խորհրդարանական չորս քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի արդյունքում ինչ իրավիճակում են հայտնվել իշխանությունները, սակայն ակնհայտ է, որ երկրի ղեկավարությունը պետք է մտահոգվի Հայաստանում ստեղծված իրավիճակով:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Ինչ վերաբերում է նրա, որ ոչ կոալիցիոն ուժերն ու իշխանության ներկայացուցիչները տվյալ պահին շարունակում են «քաղաքավարի հայտարարություններ» անել միմյանց հասցեին, ապա Վարդանյանը կարծում է, որ համագործակցության ուղիների որոնման գործընթաց է տեղի ունենում եւ դրա տակ ենթատեքստ փնտրել պետք չէ. «Երկրում իրավիճակն այնպիսին է, որ փոփոխություններն անհրաժեշտ են: Մեր նպատակն է իրավիճակից ելք փնտրել: Մենք չորս տարբեր կուսակցություններ ենք՝ տարբեր մոտեցումներով, սակայն այժմ կարեւոր է, որպեսզի գտնենք այն խնդիրներն ու դրանց լուծումները, որոնք միավորում են մեզ ու այդ կերպ ավելի լայն համագործակցության համար հիմք ստեղծենք: Թե ինչպես է դրան վերաբերում իշխանությունը, դա իր խնդիրն է: Չնայած որ իշխանությունը փորձում է ցույց տալ, որ անսասան է, սակայն նրանք էլ հոգու խորքում գիտեն, որ փոփոխություններ են հարկավոր»:

Անդրադառնալով կոնսոլիդացված քաղաքական ուժերի առաջնորդի հարցին, նա նշել է, որ այս պարագայում դա երկրորդական խնդիր է, երկրում կան արդիական հարցեր, որոնք պետք է լուծում ստանան, որից հետո նոր քաղաքական իրավիճակ կստեղծվի: «Այդ ժամանակ էլ քաղաքական ուժերը կզբաղվեն առաջնորդի ընտրության հարցով: Պետք է համակարգային փոփոխությունների հասնենք, որպեսզի նոր իշխանությունը հին սխալները չկրկնի»:

news.am

Տպել Տպել