Կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել ԱՄՆ-ի պետքարտուղարին դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում արտաքին գործերով հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը կոչ է արել պետքարտուղար Ջոն Քերիին դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը, հիշեցնելով Ալիեւի ռեժիմի շարունակվող ագրեսիայի մասին ընդդեմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի:

Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի հայտ դատի գրասենյակի մամուլի ծառայությունից:

Ներկայացուցիչների պալատում արտաքին գործերով հանձնաժողովում լսումների ժամանակ Բրեդ Շերմանը սկսել է դիտարկել ամերիկահայերի խնդիրները՝ հիշեցնելով պետքարտուղար Քերիին Սենատում գտնվելու ժամանակ Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցելու մասին: «Ես բարձր եմ գնահատում Ձեր անհավանական պայքարը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման, հույս ունեմ նույնը կանեք նաու պետքարտուղարի պաշտոնում»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի անդամը:

Կոնգրեսականն ընդգծել է Ադրբեջանի աճող ռազմատենչությունն ընդդեմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանդեպ՝ հիշեցնելով Ռամիլ Սաֆարովի հերոսացման մասին: «Ադրբեջանցի զինվորը, ով ՆԱՏՕ-ի ուսումնավարժանքների ընթացքում սպանել էր քնած հայի, պաշտոնում բարձրացվել եւ պատիվների է արժանացել: Հույս ունեմ, Դուք կդիտարկեք ու հնարավոր է, հրաժարվեք գաղափարից Ադրբեջանին ցանկացած տեսակի ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ,- հայտարարել Շերմանը:- Հույս ունեմ, Դուք նաեւ կզգուշացնեք ադրբեջանցիներին, որ ուղղակի անտանելի են նրանց սպառնալիքները հարվածել քաղաքացիական ինքնաթիռների, որոնք կփորձեն Լեռնային Ղարաբաղի օդանավակայան մեկնել»:

Ներկայացուցիչների պալատում արտաքին գործերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ կոնգրեսական Դեւիդ Չիչիլինեն կմիանան Շերմանին եւ լրացուցիչ հարցեր կուղղեն պետքարտուղար Քերիին ամերիկահայերի մի շարք խնդիրների կապակցությամբ՝ ներառյալ Թուրքիայի կողմից եկեղեցական ունեցվածքի վերադարձը եւ Սիրիայում քրիստոնյա փոքրամասնության պաշտպանությունը:

news.am

Տպել Տպել