Հայաստանին նվիրված կլոր սեղան` Մոսկվայի տնտեսական ֆորումի շրջանակում

evraztsՄարտի 26–ին Մոսկվայի պետական համալսարանի Լոմոնոսովյան մասնաշենքում իր երկօրյա աշխատանքը սկսեց 2014 թ. Մոսկվայի տնտեսական ֆորումը: Նրա առաջին օրվա լիագումար նիստերը վերլուծեցին ժամանակակից համաշխարհային գործընթացները և Ռուսաստանի տնտեսական զարգացման հեռանկարները: Ֆորումի մասնակիցների հետ իրենց պատկերացումները կիսեցին ՌԴ նախագահի խորհրդական, ակադեմիկոս Սերգեյ Գլազևը, Ռուսաստանի նախկին վարչապետ, ակադեմիկոս Եվգենի Պրիմակովը, «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը, Կիրգիզիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Ասկար Ակաևը, Լեհաստանի նախկին փոխվարչապետ Գժեգոժ Կոլոդկոն, ուրիշ հայտնի գիտնականներ և քաղաքական գործիչներ, ՌԴ Պետական Դումայի խմբակցությունների ներկայացուցիչներ և Ֆորումի կազմակերպիչները:

Մարտի 27-ին Ֆորումը իր աշխատանքը կշարունակի թեմատիկ կլոր սեղանների տեսքով: Դրանցից մեկը նվիրված է Հայաստանին և եվրասիական ինտեգրացիոն գործընթացին, որը կվարի «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Կլոր սեղանում ելույթ ունեցողների թվում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ԵվրԱզԷս ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը, ՌԴ Դաշնային Խորհրդի անդամներ Իգոր Չեռնիշենկոն և Ռաֆայիլ Զինուրովը, տնտեսագիտության դոկտորներ Ազա Միհրանյանը և Սերգեյ Կալենջյանը, քաղաքագետներ Անդրեյ Արեշևը և Անդրեյ Սմիռնովը, «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Վասիլևը, Մոսկվայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործարարներ:

Հայաստանին նվիրված կլոր սեղանը տեղի է ունենում Ֆորումի կազմկոմիտեի և մոսկովյան «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության համագործակցության արդյունքում:

Նշենք, որ Ֆորումի համանախագահներն են Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, Ռուսաստանի ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Ռուսլան Գրինբերգը և «Նոր համագործակցություն» արդյունաբերական միության նախագահ Կոնստանտին Բաբկինը:

Մոսկվայի տնտեսական ֆորումը հիմնվել է 2013 թ.` իբրև Ռուսաստանի տնտեսության և միջազգային համագործակցության զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման միջազգային փորձագիտական հարթակ:

Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության մամուլի ծառայությունից:

hayernaysor.am

Տպել Տպել