Կանադահայերը Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց բողոքի ցույց կանցկացնեն` ի զորակցություն քեսաբահայության

1458530_1393128334296616_595468226_nԿանադայի Հայ դատի հանձնախումբը Տորոնտո քաղաքում կանցկացնի բողոքի ակցիա` ընդդեմ Թուրիքայի:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով keghart.com-ը:

Ցույցը կկայանա ապրիլի 3-ին, ժամը 12:00-ին, Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց` ի զորակցություն Քեսաբի բռնագրվման և քեսաբահայության տեղահանության զոհերի: Տորոնտոյի Հայ կենտրոնի դիմացից ավտոբուսները կշարժվեն ժամը 11:00-ին, իսկ Մոնրեալից` ՄԱԿ-ի գրասենյակի դիմացից` ժամը 10:30-ին:

Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Կարիգիանիսը միջնորդագիր-նամակ է ուղարկել վարչապետ Սթիվեն Հարփերնին` կոչ անելով օգնել Քեսաբի հայ համայքին:

Նամակում գրված է. «Թանկագին պարոն վարչապետ, ես գրում եմ Ձեզ` խնդրելով անհապաղ գործողություններ ձեռնարկել` կապված Քեսաբում հայ համայնքի ներկայիս վիճակի հետ: Հայերով բնակեցված Քեսաբ շրջանը հարձակման է ենթարկվել Թուրքիայից` «Ալ Քաիդայի» հետ առնչություն ունեցող զինյալների կողմից: Քեսաբը Կիլիկյան Հայաստանի մի մասն է: Շրջանը հայերով է բնակեցված հազարավոր տարիներ: Շրջանը տարբեր երկրների միջև վեճերի պատճառ է եղել, իսկ բնակիչները հետապնդվել են տարբեր վարչակարգերի կողմից: Այս շրջանի բնակիչներն այստեղ էին ապրում մինչև այս շաբաթ իրականացված տեղահանումը: Հայ քրիստոնյաները ստիպված էին ամբողջությամբ փախչել գյուղից: «Ալ Քաիդա»-ն վերահսկողություն է սահմանել Քեսաբում և քրիստոնեական ու ալավիների գյուղերի նկատմամբ: Նրանք սպառնում են սպանել քրիստոնյաներին և ալավիներին: Կանադան պետք է իր լիազորությունների սահմաններում հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկի և գործի` կանխելու մարդասիրական աղետը: Կանադան պետք է պահանջի, որ բոլոր կողմերը հարգեն շրջանի բնակիչներին և թույլ տան նրանց վերադառնալ իրենց տները:

Տեղեկություններ կան, որ հանցագործները շրջան են մտել Թուրքիայի սահմանից: Կանադան պետք է Թուրքիայից պահանջի, որ վերջինս հսկի իր սահմանը և կանխի ցանկացած ներխուժում: «Ալ Քաիդա»-ին անվտանգ ապաստանից զրկելը և հակամարտությունից կրոնական ծայրահեղական տարրերին ու էթնիկ ատելությունը հեռացնելը թույլ կտա շրջանի մարդկանց ընտրել իրենց ճակատագիրը` առանց վախենալու, որ կառավարության փոփոխությունը հանգեցնելու է քրիստոնյա և ալավիական բնակչության ցեղասպանության:

Կանադան պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրի և աջակցի Քեսաբի տեղահանված բնակչությունը, որն այժմ դժվար պայմաններում է ապրում: Կանադան պետք է գործի հիմա` կանխելու տարածաշրջանում հետագա բարդությունները»:

armenpress.am

Տպել Տպել