Կոալիցիայի հնարավոր կազմավորումը պայմանավորված է ծրագրով. ՀՅԴ-ն անձերի խնդիր չի դնում

Արմեն լռատվԱԺ-ի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Ստրասբուրգ չի մեկնել. բացատրեց՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում ֆորս-մաժորային իրավիճակ է՝ կապված վարչապետի հրաժարականի հետ։

Ասաց, որ 2011 թվականից Դաշնակցությունը պարբերաբար խորհրդարանում բարձրաձայնել է կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, եւ դա պայմանավորված չի եղել վարչապետի անձով։ Նրա խոսքով, խնդիրն իրականացվող ծրագրի մեջ է։
Իսկ խորհրդարանական ոչ իշխանական քառյակի նախաձեռնությունը կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ՝ կրկին ամբողջական բնույթ ուներ։

“Հիմա այս հրաժարականը հնարավոր է դարձնում հենց այդ ծրագրի փոփոխությունը։ Մենք դա իրարից չպետք է անջատենք։ Եվ այն խնդիրը, որ մենք դրել էինք թե՛ կազմի փոփոխության, թե՛ ծրագրի, նորից մնում է ուժի մեջ։ Պետք է աշխատել եւ ներկայացնել այն ծրագիրը, այն անելիքները, որ մենք տեսնում ենք իրավիճակից դուրս գալու համար։ Ծրագիրը պետք է դառնա գլխավոր խնդիրը”,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Հարցին, թե այս օրերի ընթացքում առաջարկ եղե՞լ է կոալիցիոն կառավարության կազմում ընդգրկվելու համար, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ որեւէ առաջարկության մասին չի խոսվել։ Քառյակում դա չեն քննարկել ընդհանրապես։ Կրկին ասաց, որ իրենց համար կարեւոր չէ վարչապետի անձը, կարեւոր չեն նաեւ կառավարության մյուս անդամների անունները։

“Մեր պատկերացումը հստակ ամփոփված է 7 կետերի շուրջ, որ ներկայացրել էինք։ Ով այս կետերը կստանձնի ու կկիրառի, սա հիմք կդառնա համագորկացության։ Այս պատկերացման մեջ է տեղավորվում բոլոր քայլերի հնարավոր զարգացումը։ Ամեն ինչ պետք է անել, որ նոր որակի պետություն ունենանք, պետք է քայլերի ժամանակացույցը հստակեցնել, ինչ վերահսկման հնարավորություն է տրվում ընդդիմությանը։

Յուրաքանչյուր քաղաքական ուժ, որ դաշտում էլ հայտնվի, պետք է ամեն ինչ անի` այդ ծրագիրն իրականացնելու համար։ Ով մեջն է, դա պետք է իրականացնի, ով դրսում է, պետք է հետեւի։ Միակ հնարավոր տարբերակը երկխոսության համար ծրագիրն է։ Իսկ ծրագրի իրականացման դեպքում, ոչ քաղաքական բառ օգտագործեմ, “քցոցիներ” տեղի չպետք է ունենան”,- ասաց նա։

Դաշնակցության խմբակցության ղեկավարը նոր կոալիցիայի հնարավոր կազմավորման դեպքում կուսակցության մասնակցությունը կրկին պայմանավորում է ծրագրով։

“Եթե երաշխավորվում է հստակ ծրագրի իրականացնում, ինչո՞ւ ոչ, մենք պատրաստ ենք այդ պատասխանատվությունը ստանձնել։ Եթե ասում ես` սա է ծրագիրը, բայց հրաժարվում ես այն իրականացնելուց եւ մերժում ես, ուրեմն երկու եզրակացություն կարելի է անել՝ կա՛մ ծրագիրդ է թերի, սխալ, կա՛մ դու ինքդ այն պրոֆեսիոնալ մակարդակը չունես, որ այն իրականացնես։ Քաղաքական առումով սխալ տեղում ես հայտնվում երկու դեպքում էլ”,- ասաց Ռուստամյանը։

yerkirmedia.am

Տպել Տպել