Ի Հիշատակ Կարոտ Մկրտչյանի


Պռոշյան ավանը տոնում էր իր համագյուղացի, հայրենիքի նվիրյալ զավակ` ազատամարտիկ-համանատար Կարոտ Մկրտչյանի ծննդյան 47 ամյակը: Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի անունը կրող դպրոցում և ավանի հրապարակում ուր կանգնեցված է Կարոտի հուշարձանը կազմակերպվել էր մեծ միջոցառում ուր աշակերտները և անվանի երգիչները իիրենց ասմունքով, երգով ու պատմական ակնարկներով մեծարեցին փառապանծ հայդուկապետին:

Կարոտ Մկրտչյանը ծնվել էր հեռավոր Սիրիայում հայրենիքի կարոտը սրտում ապրող Սասունցու ընտանիքում, որը հայրենադարձվեց 1960-ական թվականներին:Հայրենիքի հանդեպ ունեցած սերն էլ ստիպեց նրան մասնակցելու արցախյան ազատամարտին, պաշտպանելու հայրենիքի եւ հայի պատիվը: Մարտական ընկերներ`գյուղապետ Հրաչ Մուրադյանը, Հարմիկ Հովսեփյանը, Իգոր Սարգսյանը եւ Պավլիկ Մանուկյանը իրենց խոսքում ներկայացրեցին Կարոտին, որպես խոնարհ ու համեստ ընկերասեր մի մարդու: Պատերազմի դաշտում այդ համեստ կերպարը համեստությունից միանգամից փոխակերպավում էր հանդուգն մի կերպարի, որի մեջ առյուծն էր խոսում: Ամեն մարդու բախտ չի վիճակվել լինելու Կարոտի զինվորը: Շատերն էին երազում լինել Կարոտի խմբում:

Նույնիսկ ամենաթույլն ու նվաստը, եթե մեկ-երկու անգամ ընդգրկվում էր նրա մարտական խմբի մեջ շատ արագ նրանք էլ էին շատ արագ կերպարանափոխվում: Նա հայի գենը արթնացնելու մեծ կարողություն ուներ: Կարոտի անունը մեզ ամեն անգամ հիշեցնում ու պարտավորեցնում է, որ մենք ունենք թշնամու կողմից գերեւարված տարածքներ` Շահումյան, Նախիջեւան, արեւմտյան Հայաստան: Ինձ բախտ է վիճակվել մի քանի կռիվների մասնակցելու Կարոտի հետ: Ու երբեք չէի պատկերացնի, որ այդ համեստ մարդը մարտի դաշտում շատ արագ կարող էր կերպարանափոխվել ու այդքան հանդուգն դառնալ: Կարոտի անհետանալը Շահումյանում ցույց տվեց թշնամու դեմ կանգնելու ու պայքարելու վճռականությունը, չնահանջելու անկոտրուն կամք: Բանակ հիմնադրելու ձգտում ուներ: Շատ մարտական տղաներ այսօր էլ որպես բարձրաստիճան սպաներ ծառայում են հայոց բանակում:

Կարոտը դարձավ մկրտիչ, շատ տղաներին դարբնոցով անցկացրեց եւ հայրենիքի սիրո համար նա մեր օրերում դարձավ որպես քրիստոս: Հայրենիքի սերը մեծ զոհեր է պահանջում եւ նա ապացուցեց, որ հայրենիքի սիրո համար նաեւ կյանքը պետք է զոհաբերել:

Գերագույն մարմնի անդամ Թաթուլ Հարությունյանը իր խոսքում դիմելով ներկաներին նշեց, որ Պռոշյան ավանի ղեկավարությունը եւ մարտական ընկերները ամեն ինչ անում են զոհված ընկերների գործն ու հիշատակը հավերժացնելու համար: «Կարելի է հուշարձաններ կառուցել, գրքեր գրել: Բայց նրանց հիշատակը ամենից վառ պահելը դա նրանց գործի շարունակումն է, եւ այդ գործի շարունակողը հենց Հայ Հեղափոխական Դաշնակցությունն է, որը վճռական եւ հաստատակամ է Կարոտի գործը շարունակելու հարցում: Մեր բոլոր զոհված տղաների, զոհված ընկերների կիսատ թողած գործը հաստատապես շարունակելու են այն խմբերի պատանիներն ու երիտասարդները, որոնք կրում են Կարոտների անունները: Կրկին անգամ շնորհակալություն հայտնելով համայնքին ու ներկաներին, որ մտահոգ եք այս երկրի ճակատագրով ու մտահոգ եք , որ այսօր մեր երկրում ազգային արժեքներն են ոտնահարվում եւ մի կողմ շպրտվում: Այս միջոցառումներն են, որ վառ են պահում մեր նվիրյալների հիշատակը եւ այս պատանիներն են, որ պիտի դառնան նոր Կարոտներ ու Պետոներ»,- ասաց նա:

Իր հոգու խոսքը ներկաներին փոխանցեց նաեւ Կարոտի հայրը` Հովհաննես Մկրտչյանը.

Հարգելի ժողովուրդ, եղբայրներ, մայրեր, մեծեր եւ եւ փոքրեր, խոնարհություն ձեզ բոլորիդ: Մենք մեզանով պետք է ապրենք եւ մեր հույսը մեր վրա դնենք, մեր սխալները մենք պետք է ուղղենք: Ամեն ինչ կախված է մեր միասնությունից: Մենք օրինակ պետք է վերցնենք մեր որդիներից, որոնք միասնաբար պայքարեցին հանուն Հայաստանի:

Մեր վերքը մենք պիտի բուժենք,չվստահենք ուրիշներին, մենք մեզանով պիտի հզորանանք:

Մտահոգիչ է, որ այսօր Հայաստանը լքողներն են շատացել: Ուր եք ՞ գնում, ինչի համար, ինչու եք օտարի հոգով ապրում: Մեր որդիները կանգնեցին թուրք թշնամու դեմ, կռվեցին, հաղթեցին, հայրենի հողն ազատագրեցին: Ապրեք, շենացրեք, ինչու եք լքում: Մեր հայդուկներին գնդակահարելուց առաջ հարցրել են, թե որն է ձեր վերջին խոսքը, բոլորն էլ ասել են –Կեցցե Հայաստանը, ապրի հայ ժողովուրդը: Ես հիմա եւս կրկնում եմ Կեցցե Հայաստանը, ապրի Հայաստանը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ազատամարտիկների ներկայացուցիչ` Իգոր Սարգսյանը իր խոսքում ասաց.

Այսօր հիշարժան օր է մեր բոլորի համար: Մենք բոլորս, համագյուղացիները, մարտական ընկերները հավաքվել ենք շնորհավորելու Կարոտի ծննդյան տարեդարձը; Այն գաղափարը, այն կյանքի իմաստը, որ ներդրեցին մեր ընկերները միշտ պետք է գնահատվի: Ցավոք այս տարիների ընթացքում պատշաճ գնահատականի չեն արժանացել ոչ զոհված եւ ոչ էլ այսօր մեր կողքին ապրող մարտական ընկերները, որոնք իրենց մեծագույն ավանդն են ներդրել ազգային ազատագրական պայքարի հաղթանակի գործում: Այսօր ՀՅԴ ԳՄ-ի ազատամարտիկների հանձնախումբը արցախյան ազատամարտի մասնակիցներին հանձնելու է պետության կողմից սահմանված ազատամարտի մասնակցի վկայականներ եւ Շուշիի առանձնակի գումարտակի 20-ամյակին նվիրված պատվոգրեր: Մենք պարտավոր ենք գնահատել եւ հարգել մեր մարտական ընկերների զոհաբերությունը: Միայն զենքով եւ ամուր կամքով պետք է ամուր պահենք հայոց պետականությունը:

Այնուհետեւ գումարտակի նախկին հրամանատարներ Հարմիկ Հովսեփյանը,Իգոր Սարգսյանը, Կարոտի հայրը`Հովհաննես Մկրտչյանը թվով 30 ազատամարտիկների հանծնեցին ազատամարտի մասնակիցների վկայականներ եւ պատվոգրեր:

Միջոցառումը համերգային մասով եզրափակեցին երգիչներ` Տիգրան Դավթյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Գեւորգ Հաճյանը, ասմունքողներ, Կարոտի եւ Պետոյի անունը կրող պատանեկան միության պատանիները:

Արմեն Մուշեղյան

Տպել Տպել