Կիրո Մանոյան. Հայաստանը պետք է կոշտացնի դիրքորոշումները


ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հարցազրույցը «Հայոց Աշխարհ»-ին:

-Պարոն Մանոյան, արդարացվա՞ծ են աշխարհաքաղաքական կենտրոններից վերստին հնչող հավաստիացումները, թե առաջիկայում Հայաստան-Թուրքիա հարաբերությունները բնականոնացնելու, հետեւաբար նաեւ` ստորագրված արձանագրությունները վավերացնելու լուրջ նախադրյալներ են ի հայտ գալու:

-Վերջին ամիսներին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ §տեղեկատվական արտահոսքը, իրոք, մեծ ծավալներ է ստացել: Մասնավորապես թուրքական լրատվամիջոցները շրջանառության մեջ դրեցին վարկածը, թե իբր առաջիկայում Հայաստան են գործուղելու իրենց պատվիրակին, որը փորձելու է համոզել, որ ինքն է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի լավագույն թեկնածուն:

Հրապարակվեց նաեւ, թե իբր Թուրքիայի Անվտանգության խորհուրդը որոշել է, որ առաջիկա ապրիլի 24-ին Սփյուռքի հայկական գաղութներում, հատկապես ԱՄՆ-ում տեղի ունենալիք Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին մասնակցեն նաեւ թուրք դիվանագետներ:
Թուրքիան այս կերպ աշխարհին փորձում է հավաստիացնել, թե քայլեր է ձեռնարկում Հայաստանի եւ հայկական Սփյուռքի հետ իբր լեզու գտնելու համար, որպեսզի մեր երկրի նկատմամբ որոշակի ճնշումները շարունակվեն: Իրականում Թուրքիան գործադրում է բոլոր հնարքները, որ Հայաստանը հետ չկանչի Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրությունը: Անցյալ ապրիլի 22-ին, երբ Հայաստանի նախագահը կասեցրեց ստորագրված արձանագրությունները վավերացնելու գործընթացը, նաեւ հայտարարեց, որ առայժմ ձեռնպահ է մնալու ստորագրությունը հետ կանչելու քայլից: Բնականաբար այդ «առայժմ»-ը ինչ-որ ժամկետներ է ենթադրում. այդ ժամկետն արդեն սպառվում է:

Նման կարծիքը հիմնավորվում է առնվազն վերջին շրջանում նախագահ Ս.Սարգսյանի հայտարարություններով ու, հատկապես, Կիպրոսում հնչեցրած ելույթով: Կարելի է եզրակացնել. Թուրքիան լավ հասկանում է, որ բոլոր ժամկետներն ավարտվում են, ուստի հուսահատ քայլերի է դիմում:

-Աշխարհաքաղաքական կենտրոնների ու միջազգային կառույցների ջանքերը բավարա՞ր են Արցախի հակամարտությունը կարգավորելու համար:

-Արցախի հիմնախնդրի շուրջ առաջիկայում բոլոր կողմերի գործողությունները ակտիվանալու են: Նպատակը, կարծում եմ, հավանական պատերազմը կանխելն է: Նոր պատերազմի հավանականությունը, ինքնըստինքյան, կարծում եմ, փոքր է:

Միաժամանակ ադրբեջանական կողմից անդադար հնչող սպառնալիքները եւ զինադադարի ռեժիմի պարբերական խախտումները թույլ չեն տալիս բացառել, որ կարող են չնախատեսված իրադարձություններ տեղի ունենալ, որոնք կվերածվեն պատերազմի: Ուստի անհրաժեշտ է արդեն այսօր Ադրբեջանին նախազգուշացնել, որ ռազմատենչ հայտարարություններն ու սահմանային ոտնձգություններն այլեւս չեն հանդուրժվելու:

Ցավոք, միջազգային կառույցներն ու աշխարհաքաղաքական կենտրոնները այս անհրաժեշտ քայլը չեն կատարում. իրենց կոչերը ճիշտ հասցեատիրոջը չեն ուղղում:

Առաջիկա շաբաթ բարձրաստիճան դիվանագետներ են Հայաստանում հանդիպումներ ունենալու նախագահ Ս.Սարգսյանի հետ: Նա եւս մի քանի կարեւոր այցեր է կատարելու Սանկտ Պետերբուրգ եւ Սոչի: Միաժամանակ հստակ է, որ Արցախի հակամարտությունը կարգավորելու վերջնագիծը մոտալուտ չէ, քանի որ Ադրբեջանը շարունակում է չհասկանալ ազգերի ինքնորոշման իրավունքը:

-Պատերազմի հավանականությունը բացառելու պարագայում ի՞նչ կարելի է անել Արցախի ստատուս քվոն փոխելու կամ առնվազն ժամանակը հօգուտ մեզ աշխատեցնելու համար:

-Դիվանագիտությունն, անշուշտ, մեծ կարեւորություն ունի, սակայն բոլոր քայլերը միայն դիվանագիտությամբ պետք չէ սպառված համարել: Անհրաժեշտ է, նախ, առավելագույնս ամրապնդել Արցախը, ոչ միայն ԼՂՀ ռազմական ներուժը, այլեւ պետականությունը: Միայն դա կարող է իմաստավորել ստատուս քվոյի երկարաձգումը:

Այլապես եթե այդ ժամանակը ճիշտ չօգտագործվի, ոչինչ չարվի, ապա ժամանակը մեր օգտին չի աշխատելու:

Իսկ դիվանագիտության ասպարեզում շատ ավելի կոշտ դրսեւորումներ է պետք ունենալ: Այսուհետ արդեն անհրաժեշտ է միջնորդ կողմերին ուղղակի պնդել, որ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության բանակցություններն անիմաստ են դառնում:

Միաժամանակ առաջնային է դառնում Հայաստանի, ողջ հայության, նաեւ ԼՂՀ նախաձեռնությունը Արցախի միջազգային ճանաչումն ապահովելու նպատակով: Հավատացած եմ, որ այս գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցություններին չի կարող խանգարել, քանի որ համանախագահների առաջադրած կարգավորման երեք սկզբունքներից մեկը հենց ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ինքնորոշվելն է: Ավելին. Արցախի միջազգային ճանաչումը կարող է բանակցությունները առաջ մղող ուժ դառնալ եւ արդյունքի հանգեցնել:

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Տպել Տպել